HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանն այսօր քննել է «Մարտի 1-ի գործով» Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, այսօր տեղի է ունեցել «Մարտի 1-ի գործով» Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի բողոքի քննությունը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը 2008-ին եղել է ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, նրան հունիսի 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ապա դատարանը կալանավորումն ընտրել է որպես նրա նկատմամբ խափանման միջոց:

Այս որոշման դեմ պաշտպան Վաղարշակ Գևորգյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Այսօրվա նիստին պաշտպանը մասամբ է ներկայացրել բողոքը, և նիստը հետաձգվել է: Գեղամ Պետրոսյանը բողոքի քննությանը չի մասնակցել:

Նշենք, որ Պետրոսյանը մի քանի անգամ «Մարտի 1-ի գործի» շրջանակներում հարցաքննվել է, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ վկաներից մեկը` ոստիկանության սպան, ցուցմունք է տվել այն մասին, թե ականատես է եղել Զաքար Հովհաննիսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքին: Մասնավորապես, այս վկան, ըստ Վաղարշակ Գևորգյանի, ասել է, թե Զաքար Հովհաննիսյանը փորձել է երկաթյա ձողով հարվածել Պետրոսյանին, վերջինս էլ կրակել է: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվելու օրը Պետրոսյանին ցանկացել են առերես հարցաքննել իր վերաբերյալ ցուցմունք տված վկայի հետ, սակայն Պետրոսյանը հրաժարվել է հարցաքննությունից ու հայտարարել, որ մինչև այդ պահը հրաժարվում է որևէ ցուցմունք, պարզաբանում տալուց, փաստաթղթերի տակ ստորագրելուց, չի ցանկանում նաև հակընդդեմ հարցման իրավունքն իրացնել, քանի որ չի վստահում վարույթն իրականացնող մարմնին:

Վաղարշակ Գևորգյանի խոսքով` արարքում, որը վերագրվում է Գեղամ Պետրոսյանին, առկա չէ հիմնավոր կասկած, առհասարակ տեղի չի ունեցել այն դեպքը, որի համար մեղադրանք է առաջադրվել նրան: Փաստաբանը, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը, նշեց, որ եթե հիմնավոր կասկած չկա, ապա  կալանքի հարցի քննարկումն անիմաստ է դառնում:

Ըստ Վաղարշակ Գևորգյանի` Գեղամ Պետրոսյանը մարտի 1-ին մինչև ժամը 22:00-ն եղել է Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում: Այդ ժամից հետո ոստիկանության զորքերն ամբողջությամբ անցել են Լեոյի փողոց, եղել փողոցի խորքային հատվածում ու այնտեղ մնացել մինչև առավոտյան ժամը 06:45-ը: Պաշտպանի խոսքով՝ գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, համաձայն որի՝ Զաքար Հովհաննիսյանը մարտի 1-ին՝ ժամը 23:00-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածում իր տան հասցեում է եղել՝ Գագարինի փողոցում, իսկ ըստ գործի նյութերի՝ նա հրազենային վնասվածք է ստացել ժամը 22:30-ից մինչև 01:30-ն ընկած ժամանակահատվածում:

«Եթե Զաքար Հովհաննիսյանը ժամը 23:00-ից մինչև 00:00-ն եղել է իր տան հասեցում, իսկ ոստիկանության զորքերը Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցում են եղել մինչև ժամը 22:00-ն, ապա Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում չէր կարող նման դեպք պատահել Զաքար Հովհաննիսյանի և Գեղամ Պետրոսյանի մասնակցությամբ: Կա ապացույց, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել Մաշտոցի պողոտայի վրա՝ Փակ շուկայի տարաքում, և նրան տեղափոխվել են 3-րդ հիվանդանոց»,- ասաց Գևորգյանը:

Պաշտպանը նշեց, որ Գեղամ Պետրոսյանը կալանավորումից հետո որևէ անձի հետ չի առերեսվել:

«Ես չեմ կարծում, որ կհայտնվի որևէ մեկը, որը կասի, թե նման դեպք եղել է Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում»,- ասաց Վաղարշակ Գևորգյանը: Վերջինս նշեց նաև, որ գործով մի շարք փորձաքննություններ են նշանակվել, որոնց մի մասի պատասխաններն արդեն ստացվել են ու դրանք, Գևորգյանի գնահատմամբ, որևէ աղերս չունեն Գեղամ Պետրոսյանի հետ:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter