HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Դավթյանը՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հարաբերությունների, Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացում «անհանգստացնող որևէ ազդակ չունենք»: Այս մասին Դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝  նշելով, որ ռուս գործընկերների հետ համագործակցությունը շարունակվում է: Նշենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է  առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ, ապա հայտնաբերվել ՌԴ-ում:

Գլխավոր դատախազն այսօր խոսեց նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Դավթյանի խոսքով՝ իր և Տիգրան Ավինյանի մտերմության մասին շահարկումները սկսվել են միասին արված մի լուսանկարից:

«Կողքից կարող են մեզ էլ լուսանկարել և շահարկման առիթ դարձնել: Ես բազում մարդկանց հետ կարող եմ մտերիմ հարաբերություններ ունենալ, բայց ցանկացած մտերիմ լավ գիտի, որ աշխատանքից դուրս է Դավթյան Արթուրի մտերիմը»,- ասաց Դավթյանը՝ շեշտելով, որ աշխատանքում մտերիմներ չկան:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կալանավորման որոշումից հետո՝ ԱԱԾ մեկուսարան գնալուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, թե օրենք և օրինականություն չկա: Այս հայտարարությանն անդրադառնալով՝ Արթուր Դավթյանը հիշեցրեց, որ մեղադրյալները հազվադեպ են համաձայն լինում իրենց վերաբերյալ որոշումների հետ:

«Շատ քիչ եմ հանդիպել դատավարական այնպիսի կարգավիճակ ունեցող մարդկանց, ովքեր ասում են՝ «Կեցցե արդար դատարանը»,- ասաց գլխավոր դատախազը:

Անդրադառնալով Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալու որոշմանը՝ առանց նրա պաշտպանների դիրքորոշումը լսելու, Արթուր Դավթյանն ասաց, որ դատավարական իրավունքները տրված չեն՝ դրանք չարաշահելու համար՝ նկատի ունենալով, որ Քոչարյանի պաշտպանները դատավարության ժամանակ չարաշահել են իրենց դատավարական իրավունքը: Դավթյանը հիշեցրեց, որ արդարադատության շահն ամենաբարձր շահն է, որ պետք է պաշտպանել:

Հարցին՝ եթե առանց Ձեզ լսելու դատարանը հեռանար խորհրդակցական սենյակ, ինչպե՞ս կվերաբերեիք դատարանի որոշմանը, Դավթյանը պատասխանեց՝ շատ լավ կանեին:

Հարցին, թե ըստ դատախազի՝ արդարադատության շահը ավելի շատ կտուժեր, եթե Քոչարյանի գործով դատական նիստը ձգձգվե՞ր, թե՞ եթե նրա պաշտպանները զրկվեին Դատախազության և տուժող կողմի բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Երբ պրոցեսները հունից դուրս գան, կարող են ոչ թե ձգձգման, այլ արդարադատության իրականացման անհնարինության հանգեցնել»:

Դավթյանը նաև հայտեց, որ Դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանին, ում մակագրվել է Մարտի 1-ից անջատված մասով անցնող մեղադրյալներ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի գործը:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ է Ռոբերտ Քոչարյանն Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակվել, նրա որոշմամբ նաև գործի վարույթը կասեցվել և այն ուղարկվել էր Սահմանադրական դատարան, և Գրիգորյանի այս երկու որոշումները Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել է:

Արթուր Դավթյանի հետ լրագրողների հարցուպատասխանը՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter