
«Կարծում եմ՝ դուք տեսել եք՝ ո՛չ օրենք կա, ո՛չ էլ իրականություն». ՔԿՀ տեղափոխվելուց առաջ ասաց Ռոբերտ Քոչարյանը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն կալանքի տակ է:
«Կարծում եմ՝ դուք տեսել եք՝ ո՛չ օրենք կա, ո՛չ էլ իրականություն»,- «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց առաջ լրագրողներին ասաց Քոչարյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը, հիշեցնենք, այսօր բեկանել է Քոչարյանի կալանքը Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ փոխելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ու Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրել: Դատարանը բեկանել է նաև Մարտի 1-ից անջատված մասով գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Հայաստանի երկրորդ նախագահն արդեն երրորդ անգամ է Մարտի 1-ի գործի շրջանակներում կալանավորվում:
Այսպես, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, որը Քոչարյանի պաշտպանական թիմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, և դատավոր Ալեքսանդր Ազարյանը օգոստոսի 13-ին որոշել էր Քոչարյանին ազատ արձակել անձեռնմխելիության հիմքով:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրությամբ նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Դատախազությունը, սակայն չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը իր կարգավիճակից բխող գործողություներ է կատարել 2008-ին: Քոչարյանին ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան:
2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը, որոշել էի բեկանել Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ու գործը նորից ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Այս անգամ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին նորից կալանավորել էր: Կալանքի որոշման դեմ Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկը գործը վարույթ չի ընդունել:
Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ կալանավորելուց հետո մի քանի անգամ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվել է: Նա անազատության մեջ էր գտնվում ընդհուպ այն ժամանակ, երբ նրա, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործն անջատվեց Մարտի 1-ի գործից և ուղարկվեց դատարան:
Վերը նշված 4 մեղադրյալների գործը մակագրվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին, և վերջինս գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով մեղադրյալների խափանման միջոցի հարցին, մայիսի 18-ին որոշեց կալանքի տակ գտնվող միակ մեղադրյալին՝ Ռոբերտ Քոչարյանին, ազատ արձակել Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ:
Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատավոր Գրիգորյանը Քոչարյանին վերագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության և նրա անձեռմխելիության հարցում կասկածներ ունենալու հիմքով կասեցրեց քրեական գործի վարույթն ու գործն ուղարկեց Սահմանադրական դատարան:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօրվա որոշմամբ, ինչպես արդեն նշել ենք, բեկանել է առաջին ատյանի դատարանի և՛ մայիսի 18-ի, և՛ մայիսի 20-ի որոշումները:
Որոշումներից մեկը՝ Քոչարյանի կալանավորումը, փաստորեն, արդեն ի կատար է ածվել, իսկ թե ինչ ՝ հետևելու գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բեկանելուն, դեռևս պարզ չէ: Ստացվում է, որ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը վարույթ ընդունել կամ չընդունելու վերաբերյալ, իսկ Վերաքննիչ դատարանը բեկանել է Դավիթ Գրիգորյանի որոշումը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել