HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ովքեր «կերան» ծիրանները, ինչ մնաց մարսելու․ սուբյեկտիվ դիտարկումներ

Ամփոփվեց 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Շաբաթը բուռն էր, ցուցադրվող մրցութային եւ արտամրցութային ֆիլմերն առանձնանում էին ժանրային բազմազանությամբ փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 740 հայտ, որից հարյուրից ավելին՝ ընդգրկվել էին մրցութային տարբեր անվակարգերում։ 

Գործարկման դրված ծրագրային նոր մոտեցումները, «այլընտրանքային» ֆիլմերի առատությունը, հանդիսատեսի ակտիվությունը, երեւանյան պրեմիերաները մեկ շաբաթում իրականցնելն ու ամփոփելը եւ «կայսրինը՝ կայսրին» հասցնելու ընթացքը խիտ էր, բազմաբովանդակ, բազմաշերտ, բայցեւ ստացված։

Երեւանյան պրեմիերաների արտամրցութային ծրագրի շրջանակներում հնարավոր եղավ դիտել միջազգային փառատոնների (Կանն, Բեռլին, Ռոտերդամ) ֆավորիտ ֆիլմերըցուցադրման իրավունք էր ձեռք բերվել Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» գլխավոր մրցանակին արժանացած իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի  «Հոմանիշներ» ֆիլմի համար, նույն փառատոնի Գրան պրիի արժանացած «Աստծո ողորմությամբ» դրամայի (ռեժ՝ Ֆրանսուա Օզոն), Ջիմ Ջարմուշի վերջին՝ «Մեռյալները չեն մեռնում» ֆիլմի համար, ինչպես նաեւ Շենծե Ճուի՝ Ռոտերդամի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ներկակատարյալ» ֆիլմի, դասականներ՝ Քեն Լոուչի, Դարդեն եղբայրների նոր ֆիլմերի համար։ 

Մեկ անդրադարձի միջոցով բավականին դժվար է մանրամասն ներկայացնել մեկ շաբաթ տեւողությամբ բազմաշերտ փառատոնի բոլոր իրադարձությունները եւ բովանդակային կոնտեքստը, սակայն «ականատեսի աչքերով» արտահայտության տրամաբանությամբ եւ ստացած ինֆորմացիայի առատությունից փորձել եմ առանձնացնել այն, ինչը ինքս սուբյեկտիվորեն կարեւորում եմ որպես փառատոնն ավելի քան 7 տարի լուսաբանող մշակութային լրագրող։ 

Բացման արարողության մասին«Մակաբույծներից» մինչեւ «Փարվանա»

Բացման արարողությունը լայնամասշտաբ էր, փակման արարողությունը՝ համեստ, աֆթըփարթիների տրամաբանությունն՝ անփոփոխ։ Երիտասարդ ղեկավար կազմը հնարավոր բոլոր միջոցներն ու միջոցառումներն իրագործեց փառատոնային տրամաբանության մեջ, չնայած որ քննադատություններից եւ բուռն քննարկումներից անմասն չմնաց (դեռ կանդրադառնանք)։ 

16-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման պաշտոնական արարողությունն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում (1900 նստատեղ)։ Փառատոնի պատմության ընթացքում մարզահամերգայինի դահլիճն առաջին անգամ էր գործարկվում որպես բացման արարողության հարթակ։ Այլըտրանքային երաժշտություն, կարմիր գորգ, պատվավոր հյուրեր, բեմադրական փորձառական մոտեցում տպավորիչ էր, հետաքրքիր։  Բացման արարողությանը ներկա չէին ՀՀ վարչապետը եւ նախագահը, փոխարենը Արմեն Սարգսյանի օգնականն ընթերցեց նախագահի ուղերձը, որտեղ փառատոնն առանձնացվում էր որպես կարեւոր այցեքարտ թե ներսում, թե դրսում, կինոաշխարհում կամուրջներ ստեղծող նշանալի իրադարձություն։

Բացմանը ցուցադրվեց հարավկորեացի ռեժիսոր Չուն-Հո Պոնի «Մակաբույծ» («Parasite») ֆիլմը, որն այս տարի Կաննի 72-րդ փառատոնում ստացավ «Ոսկե արմավենու ճյուղը»։ Հարուստների եւ ծայրահեղ աղքատների յուրահատուկ դիմակայության պատմությունը բացվում է երկու ընտանիքների գործողությունների ու կենսակերպի միջոցով։ Սոցիալական դրաման որսում է հանդիսատեսի շնչառությունը եւ անսպասելի զարգացումների սպասելիքներով պահում 2 ժամ 12 րոպե։ Ինչպես ծրագրերի տնօրեն Կարեն Ավետսյանը նշեց իր բացման խոսքում, ոգեւորիչ է, որ Երեւանում շուրջ 2000 հանդիսատես միաժամանակ դիտելու է ֆիլմ, որով բացվում է փառատոնը։ 

Բացման արարողությանը նախորդող եւ ընթացիկ իրադարձությունների սուբյեկտիվ առանձնացումներ

  • Փառատոնի ղեկավար կազմը փոխվել է. գործադիր տնօրեն՝Հասմիկ Հովհաննիսյան,  ծրագրերի ղեկավար՝ Կարեն Ավետիսյան, միջազգային բաժնի ղեկավար՝ Վառվառա Հովհաննիսյան (մանրամասները՝ այստեղ)։ Հիմնադիր կազմը՝ Հարություն Խաչատրյան, Սուսաննա Հարությունյան, Միքայել Ստամբոլցյան։
  • 16 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է փառատոնի տարբերանշանը։ «Ծ» տառը խորհրդանշող գրաֆիկական նոր տարբերանշանի, ինչպես նաեւ փառատոնը ներկայացնող պաստառների հեղինակը դիզյաներ Վիլյամ Կարապետյանն է։
  • Վավերագրական եւ խաղարկային ֆիլմերը մրցեցին նույն անվանակարգում, որպեսզի վավերագրականը լուսանցքում չմնա:
  • Փառատոնի բացման պաշտոնական արարողությունն առաջին անգամ անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
  • Տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը բացման արարողությանը ներկայացել էր «Ազատություն Խաչատրյան քույրերին» («Free Sisters Khachaturian») պատկերով վերնաշապիկով։ 
  •  «Ոսկե ծիրանի» երկար տարիների մշտական հանդիսատեսի շարքերում նորից Մաշա տատն էր, ով այս անգամ ստացել էր «հյուրի» կարգավիճակ ներկայացնող բեյջը։
  • Փառատոնի աջակից, գործարար Սամվել Ալեքսանյանը փառատոնի շրջանակներում պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով (ինչպես հաղորդում են մամուլի ծառայությունից, Ալեքսանյանը փառատոնին աջակցում է արդեն 7 տարի) 
  • Բացման տպավորիչ ֆիլմից հետո աֆթըրփարթին նախատեսված էր Ալեքսանյանի «Փարվանա» ռեստորանում։

Փառատոնային առաջին օրն ինձ համար կոնկրետ ավարտվեց համալիրի կանաչին նստած՝ «Մակաբույծ» ֆիլմի մասին անդրադարձների ընթերցմամբ, որովհետեւ մի տեսակ չպատկերացրեցի՝ ինչպես կարելի է հարավկորեացու ազդեցիկ ֆիլմից հետո «իջնել» ձոր, չնայած որ տարիներ շարունակ աֆթըփարթիների նման ձեւաչափը հազվադեպ է փոփոխության ենթարկվել։ 

«Իսկական պոռնկություն» ձեւակերպմամբ քննադատությանն արժանացած «Հասարակության գերին»՝ փառատոնի հաղթող ֆիլմերից է

Փառատոնային ծրագրի բազմազանությունն այս տարի նաեւ տարբեր հարթակներում քննարկման եւ քննադատության մի քանի հիմնական ուղղություն էր ընդգրկում։ 

Մինչ փառատոնի մեկնարկն արդեն մեդիայում եւ սոցիալական ցանցերում պտտվում էր «ադրբեջանակա՞ն ֆիլմ են ցույց տալու» հարցադրումը, որին հաջորդում էին խիստ մեկնաբանություններն ու ամոթանքի խոսքերը։ 

Ավելի ուշ, երբ ծանոթացա ծրագրի մանրամասներին, պարզ դարձավ, որ վերոնշյալ աղմուկի պատճառը ազգությամբ կալմիկ, ռուսաստանաբնակ ռեժիսոր Սագլարա Տյուրբեեւայի «Մոլոկաններ» ֆիլմն է (արտադրությունը համատեղ՝ Ռուսաստան եւ Ադրբեջան), որը ներկայացնում է Այսրկովկասի լեռներում բնակվող  մոլոկանների կենսակերպը՝ որպես ազգային փոքրամասնություն։ Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են ադրբեջանական գյուղերից մեկում, չնայած որ ֆիլմի հիմնական ստեղծագործական կազմը ներկայացնում է Ռուսաստանը, եւ ֆիլմի համար որեւէ պետական ֆինանսավորում նախատեսված չի եղել։ 

Ադրբեջան բառի շուրջ ստեղծված «Մոլոկաններ» ֆիլմի ցուցադրությանն ուղղված աղմուկը փառատոնային բուն օրերին իր «տեղը զիջեց» մեկ այլ ֆիլմի, որի ցուցադրության վերաբերյալ քննարկումներն էլ ավելի մեծ թափ հավաքեցին սոցիալական ցանցերում, ապա մեդիայում, երբ հուլիսի 12-ին քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառման միջոցով արտահայտեց իր վրդովմունքը՝ անդրադառնալով «իր կամքին հակառակ» դիտած երկու ֆիլմերին, որոնցից մեկը թուրքական էր, մյուսը՝ վրացականվրացական ֆիլմը, ըստ Մելիք-Շահնազարյանի, «իսկական պոռնկություն» էր։

4.jpg (446 KB)

Ի պատասխան Մելիք-Շահնազարյանի այս գրառմանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը մեկ ժամ անց ֆեյսբուքյան իր պատին գրառում արեց՝ մեկնաբանելով վերոնշյալ դիտարկումները՝ շեշտելով, որ զարմացած է նման վրդովմունքից։

5.jpg (282 KB)

Ինֆորմացիոն նման հոսքի եւ մեդիայի արձագանքների ֆոնին տպավորիչն իհարկե այն էր, որ վերոնշյալ վրացական կարճամետրաժ ֆիլմը, որի շուրջ էլ ստեղծվել էր այս մեծ աղմուկը, դարձավ մրցանակակիր՝ ստանալով «Արծաթե ծիրան» (Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցութային անվանակարգում)։ Խոսքը վրացի երիտասարդ ռեժիսոր Ռատի Ցիտելաձի «Հասարակության գերին» («Prisoner of Society») կարճամետրաժ ֆիլմի մասին է, որի առանցքում երիտասարդ տրանսգենդեր կինն է՝ իր պատմությունով։ Ի դեպ, «Հասարակության գերին» վրացական առաջին կարճամետրաժն է, որն առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին:

Աշխատարաններ եւ «խենթ կեսգիշերներ»ծիրանը՝ մինչեւ լույս, մինչեւ «կծռվի»փառատոնային խրոնիկա

Այս տարի փառատոնն ավել քան ծանրաբեռնված էր մասնագիտական ակտիվ իրադարձություններով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , փառատոնի շրջանակներում գործարկվելու էր «Talent Lab» ծրագիրը, որի նպատակը կրթական եւ արտադրական գործառույթ իրականացնելն է (այս իմաստով GAIFF Pro-ն՝ որպես կինոարտադրության ոլորտի զարգացման նորարարական հարթակ արդեն գործարկվում էր):

Փառատոնի առաջին օրն արդեն մեկնարկել էր «Ստեղծարար մոնտաժին նվիրված» աշխատարանը, որը վարում էին Կասյա Բոնեցկան եւ Բարտոշ Պյետրասը։ Ընթացիկ միջոցառումների, հանդիպումների, ցուցադրություններ եւ այլ իրադարձությունների մասին փորձել եմ համառոտ ներկայացնել ստորեւ։

Հուլիսի 8 օրը մեկնարկեց GAIFF Pro-ի բացման արարողությամբ, արդեն երկրորդ անգամ անցկացվում է C2C տարաշրջանային շուկան, որը ներառում է նախագծեր Փոքր Կովկասի տարածաշրջանից։ Այս տարի ստացվել է 40 կինոնանախագիծ, 21 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր։ Հուլիսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում նախագծերի հեղինակները, ռեժիսորները եւ պրոդյուսերները հնարավորություն ունեցան համագործակցության եւ համատեղ արտադրության վերաբերյալ հանդիպումներ եւ քննարկումներ ունենալ միջազգային կինոգործիչների, մասնագետների հետ։ 

Սպասված իրադարձություններից էր ամերիկացի հայտնի պրոդյուսեր Էլիզաբեթ Կարլսենի հետ հանդիպումը, որը տեղի ունեցավ ՀԲԸՄ դահլիճում։ Հանդիպմանը զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Վոյչեխ Հասի «Կլեպսիդրա» առողջարանը»» հոգեբանական դրաման՝ ազդարարելով լեհական կինոյի ծրագրի մեկնարկը։ 

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի բացումը՝ Դարյա Շումակովայի «Ես տուն կվերադառնամ» ֆիլմի ցուցադրությամբ, որը Ռուսաստան-Հայաստան համատեղ արտադրության արդյունք է։ 

Յուրի Բիկովի «Գործարան» ֆիլմով ազդարարվեց ԱՊՀ երկրների ծրագրի բացումը, իսկ Կլեր Դընիի «Բարձրաշխարհիկ կյանք» ֆիլմով տրվեց «Ծուռ ծիրան» էքսպերիմենտալ ծրագրի մեկնարկը («Ծուռ ծիրան» ծրագիրն անցկացվում է առաջին ագնամ, համադրողը Վիգեն Գալստյանն է (շուտով առանձին հարցազրույցով կներկայացնենք ծրագրի մեկնարկի եւ ընթացքի մասին պատմող մանրամասները)։ «Ծուռ ծիրանին» ներկայացված «այլընտրանքային» կինոյին զուգահեռ «Մոսկվա» կ/թ-ի Ամառային դահլիճում ցուցադրվեց Բեռնարդո Բերտոլուչչիի «Երազողները» ֆիլմը, նույն օրը երեկոյան՝ Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը։

Փառատոնային երկրորդ օրվա տպավորիչ իրադարձություններից մեկը «Կինոյի տաճար»-ի պաշտոնական բացումն էր, որի անցկացման համար բացվել էին «Այրարատ» (Ռոսիա)  կինոթատրոնի դռները։ «Կինոյի տաճար» ցուցահանդեսն իրականացվում էր Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։ Կինոթատրոնի մեծ նախասրահում ներկայացված է ինստալյացիա «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոտնաժից դուրս մնացած, վերկանգնված կադրերով։ Իրադարձության մանրամասներին անդրադարձել ենք առանձին նյութի միջոցով (տես՝ այստեղ

Հուլիսի 9 առավոտյան տեղի ունեցավ «Talent Lab»-ի բացումը, որն ընդգրկում էր 4 աշխատարաններ՝ դերասանների, ռեժիսորների եւ պրոդյուսերների, նկարիչների, կինոքննադատների համար։ 

Ցերեկը տեղի ունեցավ հանդիպում փառատոնի պատվավոր հյուր Յան Նովիցկու հետ, ով Վոյչեխի «Կլեպսիդրա» առողջարանը»» դրամայի դերասաններից է, առհասարակ լեհական կինոարտադրության մեջ պատկառելի դեր ունեցող դասականներից մեկը։ 

Նույն օրը Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանվան «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց այս տարվա լիամետրաժ ֆիլմեր ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր եւ սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեին («Եղիցի լույս» մրցանակը տրվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, 2012 թվականից)։

Յուսուպ Ռազիկովի՝ Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմի ցուցադրությամբ Գյումրիում ազդարարվեց «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի բացումը, որի շրջանակներում, ինչպես եւ նախատեսված էր, տեղի ունեցան ֆիլմի ցուցադրություններ, կլոր-սեղան քննարկումծրագրի շրջանակենրում ներկայացվել են ԱՊՀ վերջին տարիների ֆիլմերն ու նախագծերը։ 

Երեկոյան, արդեն մայրաքաղաքում ազդարարվեց ֆրանսիական ֆիլմերի ծրագրի բացումը։ Փառատոնի այս տարվա մրցութային/արտամրցութային ֆիլմերի ցանկից 23-ը ֆրանսիական էին (նաեւ համատեղ արտադրության)։ 

Ծրագրի մեկնարկը տրվեց Անյես Վարդայի «Վարդան Անյեսի աչքերով» պրեմերիայով, ապա երեւանյան պրեմիերաների շրջանակներում ցուցադրվեցին Սելին Շամայի «Այրվող աղջկա դիմանկարը» եւ Դավիդ Վիտալ-Դյուրանի «Հայերարտիստների ժամանակը» ֆիլմերը։ Վիտալ-Դյուրանի ֆիլմ-դիմանկարը ներկայացնում է այն հայ արտիստներին, ում գործունության շնորհիվ սերնդեսերունդ փոխանցվել է ահռելի մշակութային ժառանգություն։

Հուլիսի 10 տեղի ունեցավ երկար սպասված հանդիպումներից մեկը՝ փառատոնի պատվավոր հյուր, մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասի եւ ծագումով հայ, մոլդովացի, մոսկվայաբնակ ռեժիսոր Արթուր Արիստակեսյանի հետ։ Ինչպես ավելի վաղ նշել էինք, Ռեյգադասը հետաքրքրված է Արիստակեսյանի գործունեությամբ, եւ այս իմաստով փառատոնը հանդիպման առիթ դարձավ (Արթուր Արիստակեսյանի հետ ունեցած հարցազրույցը՝ շուտով)։

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ գերմանական ֆիլմերի ծրագրի բացումը, որի մեկնարկը տրվեց Վիմ Վենդերսի «Պապ Ֆրանցիսկոս՝ խոսքի  տեր մարդը» ֆիլմով։ Երեւանյան պրեմիեիաների շրջանակներում ցուցադրվեցին Ռեյգադասի «Մեր ժամանակը» եւ Ֆրանսուա Օզոնի «Աստծո ողորմությամբ» ֆիլմերը։ Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ հուլիսի 10-ին տեղի ունեցան առանձին, նեղ մասնագիտական քննարկումներ, գիշերային ամփոփումն օրակարգի անփոփոխ մաս էր։ 

Հուլիսի 11 փառատոնի ամենասպասված պրեմիերաներից մեկին՝ Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մեռնում» ֆիլմին, պարզվում է, հայ հանդիսատեսն սպասում էր անհամբերությամբտոմսերը սպառվել էին նախապես։

Սպասված իրադարձություն էր նաեւ Կոնդում տեղի ունեցած բացօթյա ցուցադրությունը։ «Այո» նախաձեռնության եւ «Կոնդ գալերիի» համատեղ «ԿոնդԵրեւանի փակագծերի ներսում» ծրագրի շրջանակներում ցուցադվեց Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը (ֆիլմի ամբողջական տարբերակը՝ այստեղ)։ Ցուցադրությունը տեղի ունեցավ ՍբՀովհաննես եկեղեցու բակում՝ դառնալով մեկ ընդհանուր գաղափարի՝ Երեւանի ամենահին թաղամասերից մեկի պատմամշակութային արժեւորման եւ զբոսաշրջության խթանման բաղկացուցիչ մաս։ 

«Կոնդ» վավերագրական ֆիլմը նկարահանումները տեղի են ունեցել 1987 թվականին, որն այդ նույն տարվա ընթացքում արժանացել է Մոսկվայի Երիտասարդ կինոգործիչների փառատոնի առաջին մրցանակին, 1988-ին՝ Կիեւի «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի առաջին, ինչպես նաեւ Շվեյցարիայի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակներին։ Մյունխենի Վավերագրական ֆիլմերի կինոփառատոնում ճանաչվել է 4 լավագույն ֆիլմերից մեկը։ 

Փառատոնի հինգերորդ օրվա ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Թեհրանի միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռեզա Միրքարիմիի հետ, երեւանյան պրեմիերիաներ ծրագրի շրջանակում ցուցադրվեց Թոմ Դանըհուի «Սա փոխում է ամեն ինչ» ֆիլմը, «Տեղ երկրի վրա» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց Արթուր Արիստակեսյանի ռետրոսպեկտիվը։

Հուլիսի 12 փառատոնի  նախավերջին օրը հագեցած էր երեւանյան պրեմիերաներովցուցադրվեցին Յադվիգա Նովակովսկայի «Պատերազմի եւ երազների երկիրը», Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը», Ալեքսեյ Չուպովի եւ Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Քեն Լոուչի «Ներեցեք, ձեզ չգտանք» ֆիլմերը։ 

Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում, շվեյցարիացի ռեժիսոր, փառատոնի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ Նիկոլա Վադիմովի հետ։ 

Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց խորհրդային քաղաքների, դրանց զարգացման եւ ճարտարպետության մասին պատմող «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը։ Այն «Գյոթե» կենտրոնի տարածաշրջանային ցուցահանդեսն է, նախագիծ, որը երեք տարի շարունակ «պտտվելու» է նախկին խորհրդային հանրապետությունների մայրաքաղաքներում եւ այլ խոշոր քաղաքներում (այս տարի՝ Մինսկում եւ Մոսկվայում, 2020-ին՝ Կիեւում, Նովոսիբիրսկում, Թբիլիսիում)։ Մայրաքաղաք Երեւանում ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտմեբերի 7-ը։

Հուլիսի 13 Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը։ Աշխատանքային բուռն վեցօրյակից հետո հայտարարվեցին մրցութային անվանակարգերում հաղթող ֆիլմերի անուններըինչպես եւ արդեն նշել էինք, «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակն ուղեւորվեց Մեծ Բրիտանիա՝ Բելինգհիմի «Ռեյ եւ Լիզ» ֆիլմի համար (Լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգ), իսկ «Արծաթե ծիրանը»՝ Մոսկվա, Բալագովի «Լողլողը» ֆիլմի համար։ Մրցութային անվականարգերում եւ հատուկ մրցանակների մասին առավել մանրամասն՝ այստեղ։

Հուլիսի 14-ին  ցուցադրվեցին մրցանակակիր ֆիլմերը։ Բելինգհիմի «Ռեյ եւ Լիզ» ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցավ նախորդ օրը՝ փակման արարողությունից անմիջապես հետո։ 

Հավելենք, որ փառատոնի ընթացքում ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ ընդունելություն եւ հատուկ մրցանակների հանձնման արարողություն (մրցանակները՝ փառատոնի գործընկերների կողմից)։ Ըստ այդմ Հայաստանի ազգային կինոակադեմայի ժյուրիի մրցանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում տրվեց Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմին, Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Շումակովայի «Ես տուն կվերադառնամ» ֆիլմի դերասան Ֆրունզիկ Ամիրխանյանը («լավագույն դերասան»), Հայաստանի կինոգետների եւ կինոքննադատների ասոցիացիան լավագույն ֆիլմ ճանաչեց Բեհրուզ Շոայբիի «Փայտփորը»։

Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության մրցանակը հանձնվեց Արման Հարությունյանին՝ «Դեկտեմբեր» ֆիլմի համար, «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը լավագույն սցենարի համար մրցանակ հանձնեց Թինաթին Քաջրիշվիլիին՝ «Հորիզոն» ֆիլմի համար։ IFCA-ի  (Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբ) մրցանակակիրները երկուսն էին՝ Գիորգի Տավարթկիլաձեն եւ Արթուր Սուքիասյանը՝ համապատասխանաբար «Վատ մարդիկ» եւ «Վերք» ֆիլմերի համար։ 

Հետգրություն (խիստ սուբյեկտիվ դիտարկումներ)

Ի՞նչ մնաց մարսելու․ 

  • ավանդույթ դարձած 6/8 ձեւաչափի աֆթըրփարթիները, որոնք կարող են մի օր փառատոնի ընդհանուր բովանդակության եւ կոնտեքստի տրամաբանական շարունակությունը դառնալ
  • ֆիլմերից առաջ ցուցադրվող սոցիալական հոլովակները եւ գովազդները, որոնք գուցե նկահարանվեն փառատոնի պահանջների համապատասխան (մի քիչ դժվար է նասկիների անհետաքրքիր գովազդից հետո անցում կատարել Կաննում հաղթանակած ֆիլմին)
  • առանձնացումները եւ շքանշանները, որքան էլ որ դրանք արդարացի լինեն (Սամվել Ալեքսանյանին շքանշանով պարգեւատրելը դեռ թեմատիկ նյութի առարկա կդառնա)
  • ֆիլմերը, որոնք հանդիսատեսի աչքին սովոր չեն, բայց զարգացման եւ կինոյին բառիս լայն եւ նեղ իմաստներով առնչվելու հնարավորություն են տալիս

Ի՞նչ կցանկանայի տեսնել, որ չտեսա

  • հայկական կինո 
  • հայկական կինո մեր օրերի մասին
  • հայկական կինո մեր օրերի եւ հեղափոխության մասին

Ի՞նչն է ուրախացնում

  • փառատոնի կրթամշակութային գործառույթի կիրառական ակտիվացումը
  • պրեմիերաների քանակն ու որակը (6 ֆիլմ Կաննից, 4-ը՝ Բեռլինից, տպավորիչ էր)
  • ի վերջո հայտնի աստղերին ներգրավվելու անհրաժեշտությունը (փառատոնի առաջին տարիներին սա թերեւս կարեւոր էր) փոխարինվում է միջազգային կինոոլորտում ազդեցություն ունեցող մասնագետների ներգրավմամբ
  • եղան ֆիլմեր, որոնց տոմսերը նախապես սպառված էինինչպես Բիկովի, Ջարմուշի, Քեն Լոուչի եւ այլ ֆիլմերի դեպքում էր
  • փառատոնի երիտասարդ կազմի նորարարական մոտեցումները, ինչպես մարկեթինգային քայլերի հերթականության, սոցիալական մեդիայի եւ զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատելու արագության, այնպես էլ միշտ հասանելի լինելու պատրաստակամութան իմաստով
  • եւ չնայած հեղափոխությունը դեռ հայկական կինոլեզուն չի «վերծանել», փոխարենը Բերտոլուչչիի ֆիլմի մեծ էկրանավորմանը հեղափոխական հանդիսատեսը սպասում էր անհամբերությամբ

Ի հավելումն այս ամենի, վերջին՝ ամենասուբյեկտիվ դիտարկումս «Ոսկե ծիրանի» փակման արարողությունից հետո միշտ նույն հարցն է ծագում գլխումսայդ ինչպե՞ս հնարավոր եղավ ունենալ տարածաշրջանային մասշտաբով կարեւորագույն փառատոններից մեկը, երբ հայկականն այսքան զիջում է հարեւան երկրների կինոարտադրությանը․․․ Այս հարցի կոնտենտային պատասխանը մի օր գուցե երեւա մեծ էկրաններին հենց «Ոսկե ծիրանի» կամ մեկ այլ միջազգային փառատոնի շրջանակներում։ 

Լուսանկարները՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական կայքից։ Գլխավոր լուսանկարում՝  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը (աջից) եւ փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter