HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վրաստանում զգում են ռուս զբոսաշրջիկների պակասը

Վրաստանի զբոսաշրջային բիզնեսը ներկայում տեսանելիորեն զգում է ռուս զբոսաշրջիկների պակասը: Ծովափնյա գոտիներում (և ոչ միայն) հուլիսի ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ եկամուտների կորուստ են արձանագրել առևտրականները, հյուրանոցների ու հյուրատների սեփականատերերը և առհասարակ զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցողները, որոնց տարվա եկամտի մեծ մասը գոյանում է ամռան ամիսներին:

Լարվածության նոր ալիքը բարձրացավ ռուս պատգամավորի ելույթից հետո. կրակի վրա յուղ լցրին Վրաստանի նախագահն ու վրացի լրագրողը

Ռուս-վրացական հարաբերությունների լարվածության նոր ալիքը սկսվեց այս տարվա հունիսի 20-ից՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո, որը ներկա էր Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի ժամանակ նա նստել է խորհրդարանի խոսնակի աթոռին և ներկաներին ռուսերենով ուղերձ հղել: Այս դեպքերից հետո Թբիլիսիում բողոքի ալիք է բարձրացել։ Ցուցարարները Գավրիլովի պահվածքը համարել են վիրավորական իրենց երկրի հանդեպ: Նրանք պահանջել են, որ ՌԴ պատվիրակությունն անհապաղ հեռանա իրենց երկրից: Ավելի ուշ նաև պահանջել են, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տա:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել, որով այս ամենի համար մեղադրել է Ռուսաստանին: Նա «թշնամի» և «օկուպանտ» է անվանել Ռուսաստանին:

Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով անորոշ ժամկետով արգելվում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից Վրաստան: Նաև հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների անվտանգ վերադարձը:

Այս դեպքերից հետո Ռուսաստանցի զբոսաշրջիկները զանգվածաբար սկսել են չեղարկել իրենց ամրագրումները Վրաստանի հյուրանոցներում ու հյուրատներում։ Հուլիս ամսվա ընթացքում Վրաստանի զբոսաշրջային բիզնեսը արդեն իսկ կորուստներ է արձանագրել:

Կրակի վրա յուղ լցրեց վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Գեորգի Գաբունիան, ով հեռուստաեթերից  հայտարարություններ արեց, որոնք հայհոյանքներ ու վիրավորանքներ էին պարունակում Վլադիմիր Պուտինի հասցեին: Սրանից հետո Ռուսաստանում քննարկում էին Վրաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Կառավարությանն առաջարկելով դադարեցնել Վրաստանից գինու և ջրի ներմուծումը։ Սական, օրեր անց Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հավանություն չի տալիս այդ առաջարկին:

Հայ առևտրական. «Իրենք խառնվեցին իրար, մենք էլ իրենց հետ տուժեցինք»

Ծովափնյա Ուռեկի ավանում գործող «Նոդմաքս» հյուրանոցի գրեթե բոլոր համարները նախորդ տարվա հուլիսին զբաղեցված են եղել, նրանց մեջ մեծ է եղել նաև ռուս զբոսաշրջիկների թիվը: «Իսկ այս տարի սենյակներ ունենք, որ ազատ են: Նախորդ տարիներին նախապես ամրագրումներ էին լինում Ռուսաստանից, այս տարի գրեթե չկան»,- ասում է հյուրանոցի տիրուհին:

Նույն ավանում հաճախ կարելի է հանդիպել նաև հայ առևտրականների ու սննդի կետերի սեփականատերերի: Նրանք ևս բողոքում են, որ այս տարի տուժել են ռուս-վրացական կրքերի հետևանքով: «Իրենք խառնվեցին իրար, մենք էլ իրենց հետ տուժեցինք: Այս տարի այստեղ ռուս չկա, առևտուրն էլ պակասել է»,- նշում է հայ առևտրական տիկին Կարինեն: 

Մեր փոքրիկ հարցման ընթացքում զբոսաշրջային բիզնեսի տարբեր սեփականատերեր կամ պարզապես անհատներ, որոնք ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկներին, հուլիսին իրենց եկամուտների նվազման տարբեր տեմպեր նշեցին՝ 30-70 % անկում՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ:

Առհասարակ, հատկանշական է, որ Վրաստանում տուրիստական բիզնեսը կենտրոնացված չէ մեծ կամ միջին սուբյեկտների ձեռքին, այլ այն եկամտի աղբյուր է բնակչության լայն շրջանների համար: Ամռան ամիսներին տուրիստական բնակավայրերի բնակիչները ամեն կերպ մասնակցում են այդ բիզնեսին՝ վարձով են տալիս նույնիսկ բնակարանի սենյակներ, որտեղ իրենք ապրում են, տարբեր ձեռագործ ապրանքներ են վաճառքի հանում, հյուրանոցային տների զբոսաշրջիկներին, որտեղ սնունդը ներառված չէ գնի մեջ, սնունդ են մատակարարում: Այս և բազում այլ եղանակներով բնակչությունը եկամուտ է ստանում զբոսաշրջիկներից:

Բաթումի քաղաքում, որտեղ զբոսաշրջությունը բավականին զարգացած է, ևս նկատելի է ռուս զբոսաշրջիկների պակասը: Ընդ որում՝ դա արձանագրում են ինչպես բարձրակարգ հյուրանոցները, ռեստորաններն ու առևտրի օբյեկտները, այնպես էլ՝ անհատները:

Քաղաքի կենտրոնական հրապարակից ոչ հեռու գտնվող շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարանի տիրուհին, պատուհանին հենված, տան վարձակալներ էր ման գալիս: Մեզ տեսնելուն պես առաջարկեց «չտեսնված» էժան գնով բնակարանը վարձակալել: «Ամեն տարի հունիսի կեսերից բնակարանս վարձով եմ տվել զբոսաշրջիկներին, վերջին տարիներին՝ հիմնականում ռուսներին, որոնց շրջանում կային մարդիկ, որ երրորդ-չորրորդ տարին էին գալիս, ու ես տեղափոխվում էի ընկերուհուս մոտ: Բայց այս տարի վարձակալ չունեմ, խոսել եմ իրենց հետ, ասել են, որ չեն գալու: Նրանց մեծ մասը չի ցանկանում երկար ժամանակ վատնել ճանապարհի վրա: Ավտոմեքենաներով 2-3 օր է պետք, որ ընդմիջումներով հասնեն այստեղ, իսկ ինքնաթիռով, որ ամենահարմար եղանակն է, արգելված է»,- պատմեց տան տիրուհին: 

Նման բողոքներ կարելի էր լսել նաև մայրաքաղաք Թբիլիսիում, Քոբուլեթիում և այլն:

Ռուս որոշ զբոսաշրջիկներ, այնուամենայնիվ, հասնում են Վրաստան

Չնայած բարձրացված աղմուկին՝ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ, այնուամենայնիվ, չեն հրաժարվել Վրաստանում իրեց հանգիստը անցկացնելու ծրագրերից: Նրանք Վրաստան են հասնում հիմնականում ավտոմեքենաներով:  Վրաստանի պաշտոնյաները արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ ներկայում իրենց երկիրը անվտանգ է ռուս զբոսաշրջիկների համար և կոչ են արել չչեղարկել այցելությունները:

Վրաստանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2018 թվականին Վրաստան այցելած ամեն հինգերորդ զբոսաշրջիկը Ռուսաստանից է. Ռուսաստանի կշիռը Վրաստանի զբոսաշրջության մեջ 21 % է:

Վրաստանի զբոսաշրջային ազգային գործակալության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին ավելի վաղ վրաստանյան լրատվամիջոցներին հայտնել է, որ 2018 թվականին Վրաստան է այցելել 1.4 մլն ռուսաստանցի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում ՝ 700 հազար ռուսաստանցի: Կվրիվիշվիլին նաև հայտնել է, որ իրենց հաշվարկներով այս տարի ռուս զբոսաշրջիկների՝ Վրաստան այցերը չեղարկելու հետևանքով վրացական կողմը կկորցնի 1 միլիոն զբոսաշրջիկի, որոնցից սպասվում էր 710 մլն դոլարի եկամուտ:

Այս տարվա հուլիսին Վրաստան այցելած ռուս զբոսաշրջիկների վերաբերյալ վիճակագրությունը նշված երկրների պաշտոնական աղբյուրները դեռևս չեն ամփոփել: Սակայն, վրաստանյան լրատվամիջոցներին տված հարցազույցներում տարբեր տուրիստական ընկերություններ նշել են, որ նրանց հոսքը կրճատվել է մինչև 50 %-ով:

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter