Դատարանը վարույթ է ընդունել «Ռիվալ»-ի հայցն ընդդեմ «Արմօյլ»-ի. պետական մի շարք գերատեսչություններ ներգրավվել են որպես երրորդ անձ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը օգոստոսի 22-ին վարույթ է ընդունել «Ռիվալ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի՝ վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի: Հայցվորը Շրջակա միջավայրի նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Եղվարդ համայնքի ղեկավարը գործում ներգրավված են որպես երրորդ անձինք: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Հայցվորը նաև պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը, սակայն, դատարանը մերժել է:
Հիշեցնենք՝ հուլիս ամսին «Ռիվալ» ՍՊԸ-ն և Ռաֆիկ Վիրաբյանը հայցադիմում էին ներկայացրել «Արմօյլ»-ի և վերը նշված գերատեսչությունների դեմ, սակայն դատարանը վերադարձրել էր հայցը՝ նրա ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Այժմ արդեն դատավոր Տիգրան Գրիգորյանի որոշմամբ՝ նոր հայցադիմումը վարույթ է ընդունվել:
Ռաֆիկ Վիրաբյանը լարված հարաբերություններ ունի «Արմօյլ» ընկերության հետ: Ըստ նրա՝ կառուցված նավթամթերքի վերամշակման գործարանի գործարկման դեպքում անդառնալի վնաս կհասցվի շրջակա միջավայրին, իր պտղատու այգիներին, և չրերի արտադրությունը անհնար կդառնա: Նավթամթերքի գործարանի շինարարական աշխատանքները սկսելու ժամանակներից մինչև օրս Ռաֆիկ Վիրաբյանը տասնյակ նամակներ է գրել տարբեր գերատեսչություններ՝ այդ թվում վարչապետի և նախագահի աշխատակազմեր, գլխավոր դատախազություն, տարբեր նախարարություններ, տեսչական մարմիններ, սակայն դրանցից և ոչ մեկից իրեն բավարարող պատասխան չի ստացել:
Մեկնաբանել