HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բետոնապատ կառույցներ և փշալարերով շրջափակված տարածքներ. ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով

«Հետք»-ն այս անգամ ներկայացնում է Լոռու մարզի անտառային հողերի վարձակալությունների պատմությունը՝ ներկայացնելով վարձակալներին և նրանց վարձած տարածքներում ծավալած գործունեությունը։ Նախորդիվ ներկայացրել ենք Սյունիքի և Վայոց ձորի մարզերի անտառների վարձակալներին։

Լոռու մարզում վարձակալության է տրվել 15 անտառային տարածք, ընդհանուր՝ 25 հեկտարի չափով:

Ստեփանավանի անտառտնտեսություն

Վահե Պապոյանը 2018թ. մարտի 6-ին 0,5 հա անտառ է վարձակալել Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհին: Դրա դիմաց տարեկան պետք է վճարի 196 հազար դրամ: Այստեղ երկու կիսափայտաշեն և երկու քարաշեն տնակներ են կառուցված: Մեր այցելության օրը երկու կիսափայտաշեն տնակներում վարձակալներ կային, իսկ քարաշեն տնակները դեռևս նորակառույց են և չեն շահագործվում, ներքին հարդարման աշխատանքները չեն ավարտվել:

Ինչպես տեղեկացանք տարածքում, իրական վարձակալը Գյուլագարակի նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Խաչիկ Վարդանյանն է: Վարձակալած տարածքում կառուցած այս տնակները list.am կայքում վաճառքի էին դրված։ Մինչ Ստեփանավանից կհասնեինք Երևան, վաճառքի մասին հայտարարությունը հեռացվեց կայքից։ Ստորև ներկայացնում ենք վաճառքի մասին հայտարարության լուսանկարները։ Խաչիկ Վարդանյանի հետ կապվել չհաջողվեց: Նրա 2 հեռախոսահամարներն էլ անհասանելի էին:  

Թորոս Փիլիբոսյանը 2010-ին վարձակալել է 0,5 հա անտառային տարածք հանգստի գոտի դարձնելու նպատակով: Դրա դիմաց տարեկան վճարում է 60 հազար դրամ: Այնտեղ տեղակայված է երեխաների համար նախատեսված ամառային ճամբար, որն, ինչպես մեզ փոխանցեցին անտառտնտեսության աշխատակազմից, օգագործվում է կրոնական կազմակերպության կողմից:

Անտառտնտեսության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք գործեցինք պետական սեփականություն համարվող տարածք: Մեր այցելության օրը ճամբարը չէր գործում, սակայն այնտեղ բետոնե և քարե կոնստրուկցիաներով սրահներ կային, ճամբարային ենթակառուցվածքներ: Ճամբարի ամբողջ տարածքը ցանկապատված էր, իսկ ցանկապատի վերևի հատվածում փշալերեր էին անցկացված:

Տարածքում տեղադրված էին տեսահսկման սարքավորումներ: Վարձակալված տարածքի շինությունների վրա կրոնական բնույթի գրառումներ կային, իսկ բացօթյա տարածքում նկատեցինք ավետարանից մեջբերումներով մի բացիկ, որի վրա էլ գրված էր յութուբյան էջի անուն՝ «Հայ պատգամ»: Նշված էջն ամբողջությամբ կրոնական քարոզ է, ըստ երևույթին, Ավետարանական եկեղեցու հետևորդների կողմից կազմակերպված:

Տեղեկացանք, որ տարածքում երեխաների ճամբար է կազմակերպվում, կազմակերպիչը՝ «Ձիթենի» հոգևոր-մշակութային հասարակական կազմակերպությունն է, որտեղից հրաժարվեցին պարզաբանումներ տրամադրել։ Հրաժարվեցին մեկնաբանել, թե ինչու է երեխաների ճամբարը փշալարապատ, ինչ քարոզչական պաստառներ են, արդյոք երեխաների ծնողները տեղյակ են, թե ուր են իրենց երեխաներին տանում, և իրականում ինչ է կատարվում այդ ճամբարում: 

«Սոճուտ» մանկական առողջարան» ՓԲԸ-ն 2010թ. վարձակալել է 0,8 հա անտառային տարածք, որի համար տարեկան վճարում է 60 հազար դրամ: Ընկերությունը Ստեփանավանի հայտնի դենդրոպարկի մուտքի հարևանությամբ գտնվող հանգստյան տունն է շահագործում, և վարձակալած տարածքն անմիջապես իր տարածքի հարևանությամբ է: Ընկերությունը տարածքը վարձակալել է հանգստի գոտի կազմակերպելու նպատակով, սակայն արդեն 9 տարի է` նպատակին չի ծառայեցրել, տարածքը դեռևս չի օգտագործվում: Հանգստյան տունը պատկանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանին:

«Անտառային հրաշք» ԱԿ-ն 0,5 հա անտառ է վարձակալել, որի դիմաց, սակայն, վճարում է 195 հազար դրամ: Վարձակալած տարածքում տեղադրված են տաղավարներ, մի քանիսն ամբողջությամբ փայտաշեն են, 3-4-ը՝ բետոնյա հիմքեր ունեն։ Տարածքում կտրված ծառերի կոճղեր կային: Ըստ վարձակալ Խաչիկ Թորոսյանի` դրանք մինչ իրենց վարձակալությունն են կտրված եղել: Սակայն Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Վելիցյանը պատմեց, որ այդ տարածքում ծառահատումների փաստերն արձանագրվել են և փոխանցվել իրավապահներին: Ծառահատողներին հայտնաբերել են:

«Անտառային հրաշք» ԱԿ-ն, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, երեք հիմնական բաժնետեր ունի՝ գյուլագարակցի հայր և որդի Հրայր և Խաչատուր Թորոսյանները, ինչպես նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում հաշվառված Ասատուր Դոխոլյանը: Վերջինիս Գյուլագարակի ավագանին 2017թ. հունվարի որոշմամբ, 5000 դրամ գումար սոցիալական օգնություն է տրամադրվել: Իսկ ավագանու անդամներից երկուսը, որոնք ստորագրել են այդ որոշման տակ, Դոխոլյաններ են, երրորդը՝ Հրայր Թորոսյանը: Թե ինչու է Գյուլագարակի ավագանին Երևանում գրանցված անձին, ով նաև բաժնեմաս ունի «Անտառային հրաշք» ԱԿ-ում և միաժամանակ «Հեքիաթ» հանգստի գոտու տնօրենն է, սոցիալապես անապահով համարել, հայտնի չէ:  Այդ ժամանակ, հիշեցնենք, Գյուլագարակի համայնքապետը նույն Խաչիկ Վարդանյանն էր: Ասատուր Դոխոլյանն արձակուրդում էր և վերադառնալու է մեկ ամսից, նրա հետ զրուցել չհաջողվեց: 

Ստեփանավան մեր կատարած այցելությունից մեկ շաբաթ առաջ Անտառային կոմիտեի և տեղի անտառտնտեսության աշխատակիցներից կազմված հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել վարձակալած տարածքներում։ Ռուբեն Վելիցյանը պատմեց, որ ստուգումների նպատակն է եղել բացահայտել՝ վարձակալության պայմանագրային պարտավորությունները կատարվել են, թե չէ։

«Տարբեր ժամանակահատվածներում վարձակալած տարածքներ են։ Երկուսը շատ վաղուց, այլ պայմանագրեր են։ Ներկայիս պայմանագրերից տարբերվում են պայմաններն ու ժամկետները, վարձավճարն էլ, պարտականությունն էլ։ Բոլորին էլ զգուշացվել է, որ քարե հիմքով շինություններ անտառում չեն կարող ունենալ։ Որոնք որ պահանջներին չեն համապատասխանել, հանձնաժողովի կողմից ֆիքսվել են։ Հարցն այս պահին կոմիտեի օրակարգում է»,- ասաց Ռուբեն Վելիցյանը։

Բետոնե հիմքով 4 քոթեջ կառուցած Վահե Պապոյանի հետ կնքված պայմանագիրը չի կարդացել Ռուբեն Վելիցյանը, սակայն գիտի, որ խախտումներ կան, որոնք արձանագրել է հանձնաժողովը, իսկ վարձակալին զգուշացրել են բետոնե հիմքով շինություն կառուցելու խախտման մասին։ «Մնացածն իմ իրավասության շրջանակում չի։ Կոմիտեում, նախարարությունում կորոշվի՝ ենթակա է ապամոնտաժման, թե վարձակալության գինը կփոփոխվի, թե ինչ-որ կոմպրոմիսի գնան»,- նշեց Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնակատարը։

Դսեղի անտառտնտեսություն

«Այուդա-Լոս» ՍՊԸ-ն Դսեղի անտառտնտեսությունից վարձակալել է 1.8 հա անտառային տարածք սերվիտուտի նպատակով: Ընկերությունն այդ տարածքի համար վճարում է տարեկան 60 հազար դրամ: «Հետք»-ը գրել էր, որ «Այուդա-Լոս» ՍՊԸ-ն Մարցիգետը սնուցող Սարաջուր վտակի վրա կառուցել է «Պոզիտրոն» հէկը: Այն 1600 Կվտ հզորություն ունի: Գործում է 2012 թվականից: «Այուդա-Լոս» ՍՊԸ-ն ընկերության բաժնետերերի գերակշիռ մասը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչների է պատկանում: Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը 20 % բաժնեմաս ունի, ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգայանը՝ 10 %, իսկ տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը՝ 20 %: 25 %-ի սեփականատերը կանադահայ Հարայեր Սամուիել Սուղմունյանն է, 15 %-ի սեփականատերը՝ գյումրու ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամ Արտակ Ադամյանը, իսկ «Արինվեստ Գրուպ»ՍՊԸ-ն ունի 10 % բաժնետոմս:

«Արմենիա Քափր Փրոգրամ» ՓԲԸ

Լալվարի անտառտնտեսությունից «Արմենիա Քափր Փրոգրամ» ՓԲԸ-ն՝ նույն ինքը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը վարձակալել է 0.6 հա տարածք սերվիտուտի նպատակով: Վարձակալած տարածքով է անցնում գործարանի խողովակները: 2013 թ.-ից մինչև 2060 թվականը վարձակալված տարածքի համար ընկերությունը վճարում է տարեկան 282 հազար դրամ վարձավճար:

Լալվարի անտառտնտեսություն

Լալվարի անտառտնտեսության վարձակալ Նելսոն Գալստյանը կադաստրի նախկին աշխատակից է: Երկար տարիներ ղեկավարել է Ալավերդու տարածքային ստորաբաժանումը: Մեղվապահության նպատակով վարձակալած  5.1 հա տարածքը գտնվում է Ալավերդի քաղաքից Ծաղկաշատ գյուղ տանող ճանապարհին: Մինչև 2027 թվականը վարձակալած տարածքի համար Գալստյանը վճարում է տարեկան ընդամենը 60 հազար դրամ: Մեր այցելության ժամանակ վարձակալած տարածքում էր Նելսոն Գալստյանի, ինչպես ինքը պնդեց, մանկության ընկերը՝ Արմենը:

Ծաղկաշատ տանող ճանապարհի աջ կողում գտնվող հողակտորի մեջտեղում բացատ էր՝ մյուս կողմերում՝ թեքության վրա վայրի և մշակովի պտղատու ծառեր կային: Նելսոն Գալստյանի ընկերոջ խոսքով՝ վարձակալած տարածքում մեղուներ պահել են ժամանակին, սակայն մի քանի տարի է` փեթակների գտնվելու վայրի մասին ինքը տեղեկություն չունի, իսկ տարածքում գյուղատնտեսությամբ է զբաղվում, ծառերի բարիքներից օղի ստանում:

Նունե Հովհաննիսյանի վարձակալած տարածքը Լալվարի անտառտնտեսությունում է՝ Մադան գյուղից դեպի Ջիլիզա տանող ճանապարհին՝ սաղարթախիտ անտառի խորքում խորհրդային տարիներին հիմնադրվել է խնձորի այգի: Այգի հասնելու համար անհրաժեշտ է ամենագնաց և տեղանքին ծանոթ մեկը: Անտառտնտեսության աշխատակցի հետ եղանք Նունե Հովհաննիսյանի վարձակալած 6 հա տարածքում: Ամբողջությամբ խնձորի հնամենի ծառերով պատված տարածքի համար վարձակալը վճարում է ընդամենը 60 հազար դրամ: Այգու տարածքում կա քարից կառուցված շինություն, որի արտաքին պատերից մեկի վրա փոքրագրված էր «1945 թ.» գրառումը: 

Գուգարքի անտառտնտեսություն

Ժան Գալստյանը վանաձորցի լրագրող է (կից ներկայացված նկարում ձախից երկրորդն է)։ Նա Գուգարքի անառտնտեսության տարածքից վարձակալել է 3 հա անտառային տարածք, որի համար վճարում է տարեկան 180 հազար դրամ։ Ժան Գալստյանի վարձակալած տարածքը մոտ է գտնվում Վանաձորում կառուցվելիք նոր լեռնադահուկային և ճոպանուղային համալիրին։ Ստեղծվելիք զբոսաշրջային կենտրոնի մասին խոսվում է Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակներից։ Այս տարի տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումին Վանաձորի համայնքապետարանը հանդես եկավ ներդրումային 3 խոշոր ծրագրերով, որոնցից մեկը «Մայմեխ» ճոպանուղու կառուցումն է։

Կարեն Կոստանյանը Գուգարքի անտառտնտեսության տարածքից վարձակալել է 0.2 և 0.25 հա առանձին տարածքներ, որոնք գտնվում են Ժան Գալստյանի վարձակալած տարածքի հարևանությամբ։ Երկու հողակտորների համար Կարեն Կոստանյանը վճարում է նույն գումարը՝ յուրաքանչյուրի համար տարեկան 60 հազար դրամ։ Ինչպես այս, այնպես էլ նախորդ վարձակալի դեպքում հանգստի գոտի ստեղծելու նպատակով վարձած տարածքում նման գործունեություն չի ծավալվել։

Սամվել Դիլոյանի վարձակալած 0.55 հա տարածքը գտնվում է Վանաձոր-Փամբակ ճանապարհի եզրին։ Տարեկան 216 հազար դրամ վարձավճարի դիմաց վերցրած տարածքում բետոնե հիմքով տաղավար է կառուցված, իսկ տարածքը աղբանոցի է վերածվել։ Սամվել Դիլոյանը Վանաձորում հայտնի է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով։ Դիլոյանը դատապարտվել է կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փաստաբանին սպանելու համար և այժմ պատիժը կրում է ազատազրկման վայրում։

«Ալեք-Լևոն» ՍՊ ընկերությունը Վանաձոր քաղաքում Գուգարքի անտառտնտեսությունից վարձակալել է 3.1 հա տարածք, որը խնձորի և տանձի այգի է։ Անտառտնտեսության աշխատակիցների հավաստմամբ, այգին հիմնվել է խորհրդային տարիներին։ Մինչև 2036 թվականը վարձակալած տարածքի համար տարեկան վճար է սահմանվել 90 հազար դրամը։ Անտառտնտեսության աշխատակիցները տեղյակ չէին, որ «Ալեք-Լևոն» ՍՊԸ-ն այլևս գոյություն չունի: Ընկերությունը գործունեությունը դադարեցրել է դեռևս 2017թ. դեկտեմբերին: Իսկ Անտառային կոմիտեն միայն այս տարվա օգոստոսին դիմել է դատարան՝ 372 հազար դրամ ընկերությունից բռնագանձելու պահանջով: «Ալեքս-Լևոն» ՍՊԸ-ն երկու հավասար մասերի տիրապետող բաժնետեր է ունեցել՝ վանաձորցիներ Շուրա Սարիբեկյանը և Էդուարդ ՍարգսյանըՇուրա Սարիբեկյանը Մաքսային կոմիտեի Բագրատաշենի, Գոգավանի բաժնի նախկին ղեկավար Տիգրան Սարիբեկյանի հայրն է: 

«Ջիէնսի ալֆա» ՓԲԸ-ն հայտնի է «Ռոստելեկոմ» ապրանքանիշով։ Ընկերությունն անտառտնտեսությունից վարձակալել է 4 քմ տարածք, որտեղ տեղադրել է հեռահաղորդակցության ալեհավաք։ Տարեկան վարձավճարը կազմում է 60 հազար դրամ։ Հատկանշական է, որ «Ալեք-Լևոն ՍՊԸ»-ն վարձակալած 3.1 հա տարածքի համար վճարում է 90 հազար դրամ, իսկ «Ռոստելեկոմը» 4 քմ-ի համար՝ 60 հազար դրամ։

 «Աշոտ-Նաիրի եղբայրներ» ՍՊ ընկերությունը 2012-2034թթ.-ը ընդերքօգտագործման իրավունք է ստացել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից Լոռու մարզի Սիսիբերդի տոնալիտների հանքավայրի շահագործման համար: Մինչև ընդերքօգտագործման ավարտն էլ Գուգարքի անտառտնտեսությունից 2 հա տարածք է վարձակալել և վճարում է տարեկան 140 հազար դրամ: Հիմնականում հանքավայրից գրանիտ է արդյունահանում:

Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անտառային հողերից 0.53 հա տարածքի նշանակությունը 2013 թ.-ին Կառավարության որոշմամբ փոխվել է արդյունաբերական հողերի կատեգորիայի։

Վարձակալած տարածքում եղանք ընկերության բաժնետեր Աշոտ Ավետիքյանի հետ: Վերջինս դժգոհ էր հանքավայրի պարունակությունից և իրեն խաբված էր համարում, քանի որ նորմալ գրանիտներ կարողացել են արդյունահանել միայն առաջին 2 տարիներին, դրանից հետո քարերը որակյալ չեն, հաճախ ճաքեր ունեն: Աշոտ Ավետիքյանի ասելով՝ հաջորդ տարվանից այլևս չի շահագործելու հանքավայրը, քանի որ եկամտաբեր չէ:

Հանքի տարածքում ծանր տեխնիկա էր աշխատում։ Տարածքում նկատեցինք արմատախիլ արված հաստաբուն ծառ, որը նետված էր հանքից մի քանի մետր հեռու՝ հողաշերտի մոտ։ Մեկ ուրիշը կիսով չափ դուրս էր ցցված հողի լցակույտից:

Լոռու մարզ կատարած մեր այցելության ժամանակ ավելի ամրապնդվեց այն համոզմունքը, որ անտառտնտեսություններում տեղյակ չեն վարձակալներից՝ բացառությամբ մեկ դեպքից, մյուսներում չունեն վարձակալության պայմանագրերը, վերջին անգամ այդ տարածքներում եղել են անհիշելի ժամանակներում։ Հակառակ Անտառային օրենսգրքի՝ մարզի անտառային հողերում վարձակալները բետոնե հիմքերով կառուցապատումներ են արել։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն էլ վարձավճարները չի վերանայել այն դեպքում, երբ 2010 թ.-ին Կառավարության որոշմամբ սահմանվել է վարձավճարների նվազագույն չափ։ Որոշման համաձայն՝ Լոռու անտառային հողերը հանգստի նպատակով վարձակալելու նվազագույն գումարը 1 հա-ի համար կազմում է 391 հազար դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter