
Հայաստանում դեղարտադրությունը 28%-ով աճել է․ այն առաջատարներից է ԵԱՏՄ-ում
2018թ․ դեղամիջոցների համաշխարհային շուկայի ծավալը կազմել է 1.174 մլրդ ԱՄՆ դոլար։ Եվրասիական տնտեսական միության դեղարտադրությունը կազմում է ընդհանուր շուկայի 2,6%-ը։
Դեղարտադրության միջազգային շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում ԱՄՆ, Ճապոնիան, Գերմանիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։
ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ դեղագործական ճյուղն ակտիվորեն զարգանում է, իսկ արտադրվող դեղամիջոցների ծավալը՝ աճում։
Մասնավորապես, 2018թ ԵԱՏՄ տարածքում արտադրվել է ընդհանուր առմամբ 9 243 մլն ԱՄՆ դոլարի դեղագործական արտադրանք, որից 0,2%-ը, այսինքն՝ 18,5 մլն ԱՄՆ դոլարը բաժին է հասնում Հայաստանին։ Ամենամեծ արտադրողներից են Ռուսաստանը (90,8%,) Բելառուսը (6,5%,) և Ղազախստանը (2,4%):
Արտաքին առևտրում ԵԱՏՄ դեղագործական արտադրանքի հիմնական գործընկեր երկներն են ԱՄՆ, Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Իտալիան, ինչպես նաև՝ Վրաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
2018թ․ ԵԱՏՄ երկրներում արտադրված դեղամիջոցների ընդհանուր արժեքը 2014թ․ համեմատ մոտ 3 անգամ աճել է։
Թեև 2014-2018թթ․ տվյալների համաձայն՝ Հայաստանը ԵԱՏՄ երկների թվում կայուն աճ է գրանցում դեղագործական ապրանքների արտադրությունում, սակայն, այնուամենայնիվ, ավելի շատ ներկրում է, քան՝ արտահանում։
Օրինակ, Հայաստանում իրացվող բոլոր դեղագործական արտադրանքների միայն 14%-ն է բաժին հասնում տեղական արտադրությանը․ մնացածը ներկրվում է։ Ընդ որում՝ դեղերի 20% ներկրվում է ԵԱՏՄ անդամ երկրներից, իսկ 66%-ը՝ երրորդ երկներից։
Ամեն դեպքում, Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ այն պետությունը, որտեղ դեղարտադրությունը, ի տարբերություն մնացած երկրների, արագ է զարգանում։ Օրինակ, 2018թ Հայաստանում դեղագործական ապրանքների արտադրությունը 2014թ համեմատ 28%-ով ավելացել է, ինչը գումարային առումով կազմում է մոտ 5.5 մլն դոլար։
Հայաստանը դեղորայք ամենաշատը ներկրում է ԱՄՆ-ից, Գերմանիայից և Շվեյցարիայից։ Արտահանում է հիմնականում Ռուսաստան, ինչը կազմում է ընդահնուր արտահանվող դեղորայքի 42 %-ը, Վրաստանը՝ 24 %-ը և Ուզբեկստանը ՝ 12 %-ը։
Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ զարգացած դեղագործական շուկաներում, ինչպես օրինակ, ԱՄՆ-ում դուրս գրվող դեղերի 85% բաժին է հասնում ջեներիկ դեղերին, իսկ ահա Հնդկաստանում, Չինաստանում և Հարավարևելյան Ասիայի երկրներում ջեներիկները քիչ են օգտագործվում․ ավելի շատ կիառվում են օրիգինալ դեղամիջոցներ։
Հայաստանի դեղարտադրողները
Դեղագործական ապրանքների արտադրություն Հայաստանում կար դեռևս Խորհրդային տարիներից։ Մասնավորապես, «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն (նախկին «Երևանի քիմիա-դեղագործական գործարան»-ը), հիմնադրվել է 1967թ.-ին, և 1995թ․-ից մտնում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ։
Արտադրում է ներարկման համար նախատեսված պրեպարատներ, որոնց 70%-ը իրացվում են ՌԴ-ում և Ուզբեկստանում, իսկ գալենային արտադրության պրեպարատներն ամբողջությամբ իրացվում են Հայաստանում և Արցախում։
«Լիկվոր» ընկերությունը դեղերի արտադրությամբ զբաղվում է 1991թ․ից։ Արտադրում է 45 անուն դեղորայք։ Հայաստանից արտահանվող դեղերի թվով ընկերությունն առաջատարներից է (արտահանման ծավալը կազմում է 40%): Արտադրանքի մեծ մասն արտահանում է Կենտրոնական Ասիա և Մերձավոր Արևելք։
Արտահանման շուկաներն են Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Վրաստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։
1991 թվից Հայաստաում գործում է նաև «Բիո-Քիմ» (BioChem) ընկերությունը, որն արտադրում է մաշկի և մազերի խնամքի միջոցներ, ինչպես նաև՝ ատամնաբուժական միջոցներ և ախտահանիչ նյութեր, որոնք իրացվում են հիմնականում տեղական շուկայում։
Խոշոր տեղական արտադրողներից է «Արփիմեդ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2001թ։ Արտադրում է տասնյակ անուն դեղորայք, որոնք ընդգրկված են ՀՀ հիմնական դեղերի ցանկում (ցանկը սահմանվում է Առողջապության համաշխարհային կազմակերպությունը՝ ներառոելով այն դեղորայքները, որոնք անհրաժեշտ են երկրի անվտանգությունն ապահովելու համար)։
«Արփիմեդ»-ի արտադրած դեղորայքը գրանցված է մի շարք երկրներում, ինչպես օրինակ, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ղրղզստան, Ղազախստան և Եմեն։
Ամենաշատ դեղորայքը գրանցված է Ուզբեկստանում՝ 29 անուն, ապա՝ Վրաստանում՝ 15, Ղրղզստանում՝ 12 անուն:
«Մեդիկալ Հորիզոն» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2006 թ․։ Ներկայումս արտադրում է 22 անուն դեղամիջոցներ՝ անալգետիկներ, ջրային լուծույթներ, վիտամիններ, օշարակներ, մոմիկներ, յուղեր և այլն։
Ընկերության արտադրանքն իրացվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ՝ արտահանվում Ուզբեկստան, Վրաստան, նաև՝ Իրան:
«Էսկո-Ֆարմ»-ը դեղարտադրող է 2011թ․ից, (նախկինում՝ «Էսկուլապ» ՍՊԸ-ի արտադրական ստորաբաժանումներից)։ Ընկերությունն արտադրում մոտ 60 տեսակի ոչ ստերիլ արտադրանք, այն է՝ քսուքներ, նրբաքսուքներ, յուղեր, փոշիներ, հեղուկներ, ինչպես նաև՝ մաշկի խնամքի միջոցներ՝օգտագործելով հիմնականում տեղական հումքը։
Տես նաև՝
-
Բյուջեի տնտեսում՝ հիվանդների հաշվի՞ն, թե բիզնես շահերի պաշտպանություն
-
Հիվանդները դժգոհում են հայկական արտադրության դեղից. ընկերության սեփականատերերից մեկը Գագիկ Հարությունյանի որդին է
-
«Դինգա». հայկական արտադրության շաքարի դեղ՝ 13 կողմնակի ազդեցությամբ
-
Պետպատվերով տրվող հնդկական դեղի ամենամեծ ներկրողը Հայաստանն է. հիվանդները դժգոհ են
Մեկնաբանել