HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մանե Թանդիլյան. «Տնտեսությունն այսօր օր առաջ գումարներ ներարկվելու կարիք ունի»

ԱԱՀ-ի գծով հարկ վճարողների նկատմամբ ունեցած 50 մլրդ դրամ պարտքը վերադարձնելու նախագծի հրատապությունն, ըստ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի, պայմանավորված է ոչ թե նրանով, որ գործընթացները կազմակերպելը երկար է տևելու և ՊԵԿ-ին ժամանակ է հարկավոր, այլ՝ տնտեսությունը գումարների արագ ներարկման կարիք ունի օր առաջ։ Այս մասին պատգամավորը հայտարարեց այսօր Աժ-ում ընթացող արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է տնտեսվարողների նկատմամբ ունեցած պարտքը վերադարձնելու նախագիծը։

«Այն պորֆիցիտը (հավելուրդ), որն այսօր առկա է մեր բյուջեում, և այն գումարները, որ դրված են Կենտրոնական բանկում, անթույլատրելի, անընդունելի չափերի են հասել՝ մոտ 300 մլրդ դրամ։ Եվ, հետևաբար, Կառավարությունն ինչ-որ մի միջոց է գտել, որ գումարները ներարկի տնտեսություն»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը։

Նա շեշտեց, որ, այնուամենայնիվ, կողմ է նախագծին, անգամ կողմ է քվեարկել արտահերթով այն քննարկելու հարցին. «Ես կողմ եմ քվեարկելու, որովհետև տնտեսությունն այսօր օր առաջ գումարներ ներարկվելու կարիք ունի։ Եվ դա ակնհայտ է»։

Դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ով նախագիծը ներկայացրեց ԱԺ-ում և պատասխանում է պատագավորներին հարցերին, Մանե Թանդիլյանը զարմանք հայտնեց, որ ՊԵԿ նախագահը, կապիտալ ծախսերի թերակատարման մասին խոսելիս կարծեք թե արդարացնում է գերատեսչություններին։

«Այս օրինագծին կողմ լինելով՝ ես ընտրություն եմ կատարում Կառավարության անգործության և ոչ արդյունավետ աշխատանքի միջև։ Ես, այնուամենայնիվ, ընտրում եմ աշխատանքը։ Այսօրվա դրությամբ կապիտալ ծախսերի մոտ 190 մլրդ դրամը չի կատարվել, որը կազմում է կապիտալ ծախսերի տարեկան ծրագրի մոտ 80 %-ը։ Հետևաբար, այդ ահազանգը որ հնչեցվում է, պետք չէ մեղմացնել, որովհետև դրա մեղմացումը, նշանակում է այդ ուղղությամբ աշխատանք չտանել։ Ինչն էլ այսօր կատարվում է։ Ես դա ցավում եմ ասում։ Այդ 190 մլրդ դրամը չկառուցված դպրոցներ են, չկառուցված ճանապարհներ ու հիվանդանոցներ են։ Ըստ էության՝ դրանք բաց թողնված հնարավորություններ են։ Մենք հետո պետք է նստենք ու հաշվենք՝ ինչպես է տուգանվում տնտեսությունը դրա արդյունքում, ինչպես է մեր քաղաքացիների բարեկեցությունը վնասվում։ Եվ արդյոք որևէ մեկը այդ հաշվարկով զբաղվու՞մ է»,- նշեց պատգամավորը։

Որպես եզրափակում՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ ողջունում է նախագծով գումարների ներարկումը տնտեսություն, մյուս կողմից էլ, ըստ նրա, շատ ավելի արդյունավետ տարբերակներ կարելի էր գտնել՝ համոզված լինելու համար, որ գումարն իսկապես տեղ է հասնելու։

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների նկատմամբ պետության մոտ 50 մլրդ դրամ պարտքը (դեբետները) վերադարձնել։ Հարկատուների թիվը, որոնց պետք է վերադարձվի այդ պարտքը, 2571 է։ Նրանք բոլորը գործող հարկատուներ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter