HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագիլների աղտոտման դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արարատի մարզի 10-ից ավելի գյուղերում արագիլների աղտոտման դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Նյութերը գլխավոր դատախազությունից ուղարկվել էին Արարատի մարզի դատախազություն, այստեղից էլ՝ ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ կատարվել է հետաքննություն: Արդյունքում սեպտեմբերի 12-ին քրգործ է հարուցվել ՔՕ 284 հոդվածի հատկանիշներով:

Նշված հոդվածը (Վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը) սահմանում է.

  1. Արգելված վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութեր կամ թափոններ արտադրելը, դրանք օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց գործածության անվտանգության կամ այլ կանոնները խախտելը, եթե դա մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու վտանգ է ստեղծել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
  2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում, թունավորում կամ վարակ, կենդանիների զանգվածային ոչնչացում, վնաս է պատճառել մարդու առողջությանը, կատարվել է էկոլոգիական աղետի գոտում կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
  3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդկանց զանգվածային հիվանդություններ կամ մահ, պատժվում են ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
  4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված հետեւանքները, պատժվում են ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նախաքննություն կատարելու համար քրգործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Կոմիտեի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը «Հետքին» փոխանցել է, որ գործի նյութերը վարչությունն ստացել է օրերս, եւ առայժմ նոր տեղեկություններ չեն կարող հայտնել: Հարությունյանը հավելել է, որ այս պահին գործով կասկածյալներ չկան: 

Հիշեցնենք, որ Արարատի մարզի մի շարք համայնքներում արագիլների կեղտոտման դեպքերի մասին բնապահպաններն ահազագնեցին ամռանը: Պարզվել էր, որ թռչունները պատված են յուղային շերտով, ինչի պատճառով թռչել չէին կարող: Փետուրների արտաքին զննման արդյունքում բացահայտվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:  

Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարարությունը «Հետքին» հայտնել էր, որ այսպիսի դեպքեր են արձանագրվել Արարատի մարզի 11 գյուղում՝ Հովտաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Զորակ, Դաշտավան, Սիփանիկ, Սայաթ-Նովա, Դարակերտ, Դարբնիկ, Նորամարգ, Նիզամի: Անմխիթար պատկեր էր գրանցվել նաեւ գյուղերին հարակից ջրային տարածքների ուսումնասիրության արդյունքում: Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցներն էլ Արարատյան դաշտավայրում կատարած շրջայցերի արդյունքում պարզել էին, որ խնդիրն ավելի մասշտաբային է եւ ընդգրկում է Մասիսի, Արտաշատի ու Էջմիածնի տարածաշրջանների 20 գյուղ, որոնց հարեւանությամբ ձկնաբուծական տնտեսություններ կան: Ամենից շատ շրջանառվող վարկածի համաձայն՝ ձկնաբուծարաններից դուրս եկող ճարպոտ թափոններն են թռչունների աղտոտման գլխավոր պատճառը:  

Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը մեզ հայտնել էր, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը Հրազդան գետի աղտոտվածությունն է, եւ խնդիրը լուծելու համար պետությունը պետք է սեփական մասնակցությունն ունենա: Ըստ կենդանաբանի՝ արագիլների աղտոտվածությունը, թուլությունն ու կեր հայթայել չկարողանալը զանգվածային բնույթ է կրում եւ անմիջականորեն կապ ունի էկոլոգիական աղետի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter