Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագծին: Այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հրավիրել են նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որպեսզի վերջինս ևս ներկա լինի քննարկմանը: Սակայն Թովմասյանը չի մասնակցել քննարկմանը:
Նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց այն հիմնավորումները, որոնք դրված են նախագծի հիմքում: Վերջինիս խոսքով՝ կա առերևույթ կասկած, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել: Գրիգորյանը հիշեցրեց, որ մինչ ՍԴ անդամ դառնալը Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ: Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև կա հարազատական կապ` նա փաստաբան Արամ Օրբելյանի քավորն է: Գրիգորյանի խոսքով՝ ոչ թե զուտ քավոր-սանիկ հարաբերություններն են որոշման համար հիմք համարվել, այլ այն, որ Թովմասյանը գործի քննության ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին և ինքնակամ չի հեռացվել վարույթից:
Պատգամավորը որպես հիմք մատնանշեց նաև այն, որ Թովմասյանը նախկինում հրապարակային գնահատական է հնչեցրել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում` մինչ ՀՀԿ-ական դառնալն այդ իրադարձությունները բնորոշել է որպես ամոթ երկրի համար, իսկ արդեն նախարար դառնալուց հետո՝ զանգվածային անկարգություններ:
«ՍԴ անդամի ցանկացած կարծիքի արտահայտումը քննվող գործի վերաբերյալ պետք է հիմք լինի, որ վարույթից հեռանա»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Հրայր Թովմասյանն այս ամենի վերաբերյալ չի խոսել, չի դարձրել քննարկման առարկա:
Գրիգորյանն ասաց նաև, որ այս նախագծով չեն քննարկելու վիճելի դարձած այն հարցը, թե արդյոք ՍԴ անդամը ՍԴ դատավոր է, թե ոչ: Նրա խոսքով՝ այս նախագծում ՍԴ դատավորը համարժեք է ՍԴ անդամ արտահայտությանը:
Նախագծի հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ դիմումի հիմքում կոնկրետ անձի վարքագիծն է, քանի որ գործընթացը կարող է ձեռնարկվել դատավորի վարքագծի հիմքով:
«Սահմանադրական ցանկացած մարմին, այդ թվում` խորհրդարանը, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որ համապատասխան իրավասություն է տալիս գործել Սահմանադրության շրջանակներում: ՍԴ-ի հետ կապված` խորհրդարանը որոշակի սահմանափակ լիազորություններ ունի, այդ լիազորություններից մեկը ՍԴ դիմելն է՝ ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու առաջարկով»,- ասաց Վարդանյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը:
«Մենք մեր հիմնավորումներն ունեինք, որ Հրայր Թովմասյանը չէր համապատասխանում ՍԴ դատավորի չափանիշներին: Ինչ վերաբերում է ներկայացված փաթեթին, առաջիկայում կքննարկենք խմբակցությունում, երբևէ ԲՀԿ-ն կաշկանդված չէ ո´չ քաղաքական, ո´չ ինչ-ինչ պատճառներով: Առաջիկա օրերին մեր որոշումը կհրապարակենք»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանն ասաց, որ հանձնաժողովում ձեռնպահ կքվեարկեն՝ լիագումար նիստերի ժամանակ վերջնական դիրքորոշում հայտնելու պայմանով:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն արդեն հայտնել է իր դիրքորոշման մասին, որ կողմ են քվեակելու ԱԺ որոշման նախագծին՝ հնարավորություն տալով ՍԴ-ին որոշել` ՍԴ անդամը կարգապահական խախտու՞մ է թույլ տվել, թե ոչ:
Նախագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ, ընդունվելու դեպքում այն կուղարկվի ՍԴ:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ էր ընտրվել 64 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Լուսանկարում՝ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ ընտրվելու օրը
Մեկնաբանել