
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի` նոր հանգամանքի հիմքով տարված բողոքը
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վճռաբեկ բողոքը, որը ներկայացվել է 2019թ. մայիսին Սահմանադրական դատարանի կողմից Քոչարյանի օգտին կայացված որոշումից հետո: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, որով Քոչարյանի օգտին որոշում է կայացվել, վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը որոշելուն:
Այսպես, 2018 թվականի հուլիսի 27-ին առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը, որոշել էր այն բավարարել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն օգոստոսի 13-ին որոշել էր նրան ազատ արձակել անձեռնմխելիության հիմքով:
Այս որոշումը Վճռաբեկ դատարան էին բողոքարկել թե՛ դատախազությունը, թե՛ Քոչարյանի պաշտպանները: 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքները, որոշել էր դատական ակտը բեկանել և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Արդյունքում, Քոչարյանին նորից կալանավորելու որոշում էր կայացվել:
Քոչարյանի պաշտպանական թիմը, Սահմանադրական դատարան դիմելու հիմք էր տեսել, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ»: Ուստի, ըստ պաշտպանների, Վճռաբեկը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը բեկանել և այն նույն դատարան ուղարկելու լիազորություն չուներ:
Սահմանադրական դատարանը, քննելով Քոչարյանի պաշտպանների դիմումը, եզրակացրել էր, որ Քրեական դատավարության 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործը ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է: Վճռաբեկ դատարանը, սակայն, վերջնական որոշում չի կայացրել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները կիրառվել են Սահմանադրական դատարանից տարբերվող մեկնաբանությամբ, ՍԴ-ն եզրակացրել էր, որ դիմողի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման:
Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանի այս որոշումը որպես նոր հանգամանք դիտարկելով` իրենք նորից բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, ինչը վարույթ է ընդունվել և վերանայման վարույթ հարուցել:
Նշենք, որ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 20-ին մերժել է Քոչարյանի պաշտպանների մեկ այլ բողոք` կապված Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշման հետ: Խոսքը Քոչարյանին նորից կալանավորելու դատական ակտի դեմ տարված վճռաբեկ բողոքի մասին է, որը, փաստորեն, վարույթ չի ընդունվել:
Մեկնաբանել