HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Թաիլանդի Պատայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հարթակ դուրս եկան գերծանր քաշային (+109 կգ) կարգում հանդես եկող մարզիկները, որոնցից Գոռ Մինասյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբել Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր: Ինչպես վերջին տարիներին, գերծանր քաշային կարգում մրցակցությունից դուրս էր վրացի Լաշա Տալախաձեն, որն էլ իր կարիերայում չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Պոկում վարժությունում Գոռ ՄԻնասյանը փայլուն կերպով իրացրեց բոլոր մոտեցումները՝ հաջորդաբար բարձրացնելով 200, 207 և 212 կիլագրամանոց ծանրաձողերը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Ի դեպ Գոռ Մինասյանը ցուցադրեց պոկում վարժությունում իր կարիերայի լավագույն արդյունքը: Ինչ վերաբերում է Ռուբեն Ալեքսանյանին, ապա նա պատվիրել էր 192 կգ, որը երկու ձախողած փորձերից հետո կարողացավ գլխավերևում պահել երրորդ մոտեցման ժամանակ: Պոկում վարժությունում դա 6-րդ արդյունքն էր: Վրացի Լաշա Տալախաձեն պոկեց 220 կգ՝ գերազանցելով իրեն իսկ պատկանող աշխարհի ռեկորդը: Այս վարժությունում բրոնզին էլ արժանացավ ալժիրցի Վալիդ Բիդանին՝ 200 կգ արդյունքով:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 237 կգ, այնուհետև հաջողությամբ բարձրացրեց նաև 243 ու 248 կիլոգրամները՝ այսպիսով հաջողությամբ կատարելով իր բոլոր 6 մոտեցումները: Ռուբեն Ալեքսանյանը առաջին մոտեցմամբ իր գլխավերևում պահեց 241 կիլոգրամանոց ծանրաձողը, որին հետևեց հաջողությամբ կատարված 245 կիլոգրամը, իսկ երրորդ մոտեցումից Ալեքսանյանը հրաժարվեց: Լաշա Տալախաձեն հրեց 264 կիլոգրամ՝ թարմացնելով իրեն պատկանող ռեկորդները՝ հրում վարժությունում և երկամարտում (484 կգ):

Այսպիսով, Գոռ Մինասյանը երկամարտի 460 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբել Ալեքսանյանը 437 կիլոգրամով՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ի դեպ 29-ամյա Ռուբեն Ալեքսանյանը առաջին անգամ մրցանակային տեղ զբաղեցրեց մեծահասակների աշխարհի առաջնությունում, իսկ 24-ամյա Գոռ Մինասյանը աշխարհի փոխչեմպիոն էր դարձել նաև 2018 թվականին:

Ամփոփելով այս առաջնությունը՝ նշենք, որ Հայաստանը ունեցավ աշխարհի երկու չեմպիոն՝ ի դեմս 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանի և 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանի, և մեկական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր՝ ի դեմս գերծանրքաշայիններ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի: 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և 102 կգ քաշային Սամվել Գասպարյանն էլ փոքր բրոնզե մեդալներ նվաճեցին պոկում վարժությունում: Իսկ եթե մեդալներով հաշվենք, ապա ունեցանք 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ ու թիմային հաշվարկում զիջեցինք միայն Չինաստանի և Վրաստանի ընտրանիներին։

Լուսանկարում՝ Գոռ Մինասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter