HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Թվապատում 2019»-ում «Հետքն» արժանացավ 3 մրցանակի, մեկ հատուկ մրցանակի եւ 2 պատվոգրի

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի
«Թվապատում 2019. պատմություններ փոփոխությունների մասին»
 լրագրողական մրցույթում, որը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 27-ին, «Հետքի» մի շարք հրապարակումներ եւ նախագծեր արժանացել են մրցանակների։

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ «Հետքի» խմբագրությունում է հանգրվանում «Դիտակ. հետաքննական լրագրություն» անվանակարգի մրցանակը։ Այս տարի այս անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Հետք»-ի լրագրող Քրիստինե Աղալարյանի «Հայկական ոսկու գինը. Աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» հետաքննությունը: 2018-ին «Դիտակ» անվանակարգում մրցանակի է արժանացել լրագրողներ Գրիշա Բալասանյանի և Հրանտ Գալստյանի «Չվարակազերծված ջուր, անբարեկարգ ջրամատակարարման համակարգ. 10 մարզերի խմելու ջրի վիճակը» հոդվածը: Իսկ «Թվապատում 2017»-ին այն ստացել էր Հրանտ Գալստյանը՝ «Ապրիլի զոհերը» հոդվածի համար։ 2016-ին այս անվանակարգի մրցանակը տրվեց «Հետք»-ի երկու հրապարակումների` «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» (Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան) և «Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով. «Գրքի աշխարհ»-ի հետքերով» (Մարինե Մադաթյան): Իսկ առաջին մրցույթում՝ 2015-ին, «Դիտակ. հետաքննական լրագրություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անի Հովհաննիսյանի եւ Մարինե Մադաթյանի հեղինակած «Ժամկետն անց ռենտգեն սարքեր. ռադիացիոն անվտանգությունը Հայաստանում փակ թեմա է» նյութը:

«Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում մրցանակի  է արժանացել «Հետքի» լրագրողներ Դիանա Ղազարյանի եւ Անի Հովհաննիսյանի «Մենակ դասարանում. Հայաստանում 452 երեխա դասարանի միակ աշակերտն է» մուլտիմեդիա պատմության համար: Այս անվանակարգում եւս «Հետքը» նախկինում մրցանակների է արժանացել։

Տեսանյութերով, լուսանկարներով, քարտեզներով ու տեքստային կոլաժով ներկայացված այս պատմությունը ժյուրին գնահատել է «միաժամանակ հագեցած ու լակոնիկ»:

«Թվապատում» մրցույթում հատուկ մրցանակ է շնորհվել Երևանի քաղաքապետարանի անունից՝ «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել. տարածքը՝ վաճառվել» հետաքննության համար: «Հետքի» լրագրողներ Սեդա Ղուկասյանը, Սարո Բաղդասարյանը, Տիրայր Մուրադյանը հետաքննել են անհետացած մանկապարտեզների շենքերի ճակատագիրը ու քաղաքապետարանի համար աշխատաքային նոր դաշտ բացել:

Հատուկ հիշատակման պատվոգրեր են ստացել «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը՝ «Պաշտոնյաների ունեցվածքի և փոխկապակցված անձանց բաց շտեմարան», Մարինե Մարտիրոսյանն ու Վահե Սարուխանյանը «Փոքր երկրի մեծ, «թունավոր» աչքը. Արծվանիկի պաչամբար» լրագրողական աշխատանքների համար:

Հատուկ մրցանակի են արժանացել Մարինե Մարտիրոսյանը եւ Վահե Սարուխանյանը՝ «Հայաստանի «փակ քաղաքները» հոգեբուժարաններ» հետազոտական նյութի համար։

«Թվապատում 2019»-ի բոլոր մրցանակակիրներները։

Ստատուս մարդու իրավունքներ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Aravot.am-ի լրագրող Նելլի Բաբայանը՝ «Սովորույթի ուժով՝ ընդհատելով կրթությունը» տեսանյութի համար:

Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգի հաղթող նյութը Hetq.am-ում հրապարակված «Մենակ դասարանում Հայաստանում 452 երեխա դասարանի միակ աշակերտն է» մուլտիմեդիա պատմությունն է, որի հեղինակ Դիանա Ղազարյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

Ստուգված է անվանակարգը նորություն է «Թվապատում» մրցույթում: Անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ 24news.am-ի լրագրող Լիլիթ Հովհաննիսյանը «Շաքարավազի շուկայում հեղափոխությունից հետո ավելացել է Սամվել Ալեքսանյանի հարևանը» նյութի համար։

Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Hetq.am-ի լրագրող Քրիստինե Աղալարայանը՝ «Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» նյութի համար։

Հատուկ մրցանակ՝ Մարդասիրական թեմաներով-ը նույնպես նորություն էր «Թվապատում» մրցույթում։ Հաղթող նյութը Mediamax.am-ի «Վազաշեն. Կրակոցները, պարող ու «Արարատը մեր լեռն է» երգող աղջիկները» հատուկ ռեպորտաժն էր, որի հեղինակ Լուսին Մկրտչյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Ampop.am-ի լրագրող Աստղիկ Գևորգյանը «Համայնքների միավորում և խոշորացում. բնակիչների համաձայնությունը ոչ միշտ է առկա» նյութի համար։ 

«Թվապատում 2019»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց 4Plus.org-ի «Տաթևիկ» պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակ Վաղինակ Ղազարյանը և հերոս Տաթևիկ Ռևազյանը:

Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ և խրախուսական մրցանակների արժանացան մեդիա պատմություններ, որոնք տպավորեցին ժյուրիին նյութերի լրագրողական բարձր որակով և ներկայացված թեմայի կարևորությամբ:

Սարո Բաղդասարյանի, Սեդա Ղուկասյանի և Տիրայր Մուրադյանի հեղինակած «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել» տեսանյութը արժանացավ Երևանի Քաղաքապետարանի հատուկ մրցանակին։ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 100 000-ական դրամ հատուկ մրցանակ հանձնեց երեք պատմության հեղինակների՝ Mediamax.am-ից Ամալի Խաչատրյանին՝ «զրոյից» շարքի համար, Daphnearmenia.com-ից Վահե Ներսեսյանին՝  «40 տարվա լռություն» նկարազարդած պատմության համար, Hetq.am-ից Մարինե Մարտիրոսյանին՝ «Հայաստանի «փակ քաղաքները» հոգեբուժարաններ» հետազոտական նյութի համար։

Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացան EVNreport.com-ից Արշալույս Բարսեղյանը՝ «Կհավատա՞ս» նյութի համար և Կուշանե Չոբանյանը՝ «Տիգրան Գևորգյան կոտրելով կարծրատիպերը» նյութի համար։ Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացավ «Տիգրան Գևորգյան կոտրելով կարծրատիպերը» նյութի հերոս Տիգրան Գևորգյանը։ 

4 լրագրողական պատմություններ արժանացել էին ժյուրիի բարձր գնահատականներին, բայց քանի որ ստեղծվել էին «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, մրցանակների փոխարեն արժանացան հատուկ հիշատակման պատվոգրերի։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց նաև հինգերորդ տարին անընդմեջ անցկացվող «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթը, որը խրախուսում է մասնակիցներին մտածել լրագրության դերի, լրատվության կարևորության ու ազդեցության, մեդիայի ու լսարանի կապի մասին։

Փորձառու լրագրողներից ու դասախոսներից կազմված ժյուրին ընտրեց երեք հիմնական մրցանակակիրներին, ևս երկու նյութ արժանացավ խրախուսական պարգևի:

Առաջին մրցանակին արժանացավ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Մկրտչյանը` մի ստի պատմության հետաքրքիր մատուցման և վերլուծության համար։ Երկրորդ մրցանակակիրը ԵՊԼՀ անգլերենի և լրագրության ֆակուլտետի ուսանող Ավետիս Հարությունյանն էր, երրորդ մրցանակիր դարձավ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանող Մարիամ Մկրտչյանը։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter