HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Հետք»-ի նյութը կցվել է հարուցված քրգործին. անտառային հողերի վճարները կվերանայվեն

Հայաստանի անտառային տարածքների վարձակալությունների պայմանագրերն ուսումնասիրելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության Անռատային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Միևնույն ժամանակ Գլխավոր դատախազությունում քննվող քրեական գործում է ներառվել Սյունիքի մարզի անտառային հողերի վարձակալություններին վերաբերող «Հետք»-ի նյութը: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից և Անտառային կոմիտեից ստացված մեր հարցումների պատասխաններից:

«Հետք»-ը անտառային հողերի վարձակալությունների մասին արդեն չորս հոդված է հրապարակել: Անդրադարձել ենք Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Արագածոտնի մարզերի վարձակալներին՝ առանձին-առանձին:

Անտառային կոմիտեում ստեղծված հանձնաժողովը ստուգում է վարձակալների կողմից պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարված լինելը:

Ուսումնասիրություններն ավարտական փուլում են, որից հետո առաջարկներ է ներկայացվելու կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին: Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղար Էդուարդ Սեինյանի հավաստմամբ՝ աշխատանքներ են տարվելու անտառային հողերի վարձավճարների չափը Կառավարության 2010 թ.-ի 668-Ն որոշման պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Վարձավճարների չափի անհամապատասխանությանը մենք անդրադարձել ենք մեր նախորդ բոլոր նյութերում՝ նշելով, որ բազմաթիվ վարձակալներ վճարում են չնչին վարձավճարներ՝ տիրապետելով մեծածավալ անտառային հողերի ավելի ցածր վարձավճարով, քան սահմանվել է Կառավարության 2010 թ.-ի վերը նշված որոշմամբ:

Գլխավոր դատախազությունից էլ փոխացեցին, որ «Անտառտնտեսության ղեկավարն անտառային հողեր է վարձել չնչին վարձավճարով. մաս 1, Սյունիք» վերնագրով հոդվածում տեղ գտած հանգամանքները ներառված են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրեական գործում:

Դատախազությունից նաև փոխանցել են, որ Լոռու և Վայոց ձորի անտառային հողերի վարձակալությունների մասին մեր նյութերն ուղարկվել են Լոռու և Վայոց ձորի մարզերի դատախազություն հրապարակումներում տեղ գտած հանգամանքները ստուգելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter