HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Դատավոր Արման Թովմասյանը հրաժարվում է մեկնաբանել՝ ինչպես է ամեն տարի թանկարժեք մեքենաներ գնում

Արման Թովմասյանը դատավոր է աշխատում 27 տարեկանից։ Վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2010թ.-ից, իսկ 2017թ.-ից արդեն Վերաքննիչ վարչական դատարանում է։

Մինչ այդ՝ 2008-2009թթ եղել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ապա՝ 2009թ.-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Արման Թովմասյանը, գրեթե չավելացնելով տարեկան եկամուտները (5-8 մլն ՀՀ դրամ տարեկան) և երբեմն անփոփոխ թողնելով դրամական միջոցները, տարբեր տարիների թանկարժեք մեքենաներ է ձեռք բերել և վաճառել։ Վերջինս հաճախակի նաև փոխառություններ է վերցրել:

Հետաքրքիր է, որ վերցնելով ընդհանուր առմամբ 63 մլն ՀՀ դրամի փոխառություններ և ունենալով 5-8 մլն դրամ տարեկան եկամուտ՝ դատավորի դրամական միջոցները տարվա սկզբում և վերջում էականորեն չեն փոխվել։ Օրինակ, վերջին 3 տարիներին դրանք ստաբիլ 45 մլն ՀՀ դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար են։

Արման Թովմասյանի ֆինանսական միջոցները

2011թ.-ին Արման Թովմասյանը 13,6 մլն դրամով ձեռք է բերել Porsche Cayenne S 3.2 մակնիշի ավտոմեքենա, ստացել է 24,5 մլն ՀՀ դրամ փոխառություն, տարվա վերջում էլ դրամական միջոցներն ավելացել են 7 մլն ՀՀ դրամով՝ կազմելով 17 մլն ՀՀ դրամ:

2012թ.-ին որևէ մեքենա չի հայտարարագրել և ոչ էլ օտարել է, և դարձյալ փոխառություն է վերցրել՝ 1,8 մլն դրամ:

2013թ.-ին Թովմասյանը 15 մլն դրամով վաճառել է արդեն մեկ այլ՝ նախկինում չհայտարարագրված Porsche Cayenne S 4.5 մակնիշի ավտոմեքենա։

2014թ.-ին Արման Թովմասյանը 15 մլն ՀՀ դրամով գնել է Mercedes- Benz S550 մակնիշի ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել՝ դարձյալ 15 մլն ՀՀ դրամով: 2014թ. նույն գումարի չափով՝ 15 մլն դրամ, նորից փոխառություն է ստացել: Տարվա վերջում դատավորի դրամական միջոցներն ավելացել են 12 մլն ՀՀ դրամով՝ դառնալով 47 մլն ՀՀ դրամ:

2015թ.-ին դատավորը ձեռք է բերել Mercedes- Benz E430 4MATIC մակնիշի ավտոմեքենա՝ 3 մլն ՀՀ դրամով, սակայն, վաճառել է տարօրինակ ցածր գնով՝ 250 000 ՀՀ դրամով: 2017թ.  դարձյալ տարօրինակ ցածր գնով՝ 220 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել Mitsubishi Lancer: Նույն տարում դատավորի աշխատավարձը կազմել է 7,4 մլն ՀՀ դրամ:

2018թ.-ին դատավորը որևէ մեքենա չի գնել, դրամական միջոցները մնացել են նույնը՝ 45,046 մլն ՀՀ դրամ և 55 հազար դոլար:

Դատավորի կինը՝ Աննա Գուլումյանը, 2011-2018 թթ. ընթացքում հայտարարագրել է 4 մլն ՀՀ դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար: Նրա ֆինանսները երբևէ փոփոխության չեն ենթարկվել։

Աննա Գուլումյանի ֆինանսական միջոցները
Արման Թովմասյանին գրավոր դիմեցինք՝ խնդրելով պարզաբանել մեքենաների վերաբերյալ իր հայտարարագրում տեղ գտած որոշ տեղեկություններ ու «անճշտություններ», աշխատավարձի և ձեռք բերած մեքենաների արժեքների տարբերությունը, դրանք գնելու և վաճառելու հաճախականության պատճառները:

Այսօր դատավորի օգնականը data.hetq.am-ին հայտնեց, որ Արման Թովմասյանը տեղյակ է հարցումից, սակայն չի պատրաստվում պատասխանել և պարզաբանել:

Տես նաև՝  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter