HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագիլների գործով կասկածյալ առայժմ չկա, իսկ գիտնականները վկա են

Երկու օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանին եւ ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանին վկայի կարգավիճակով հրավիրել են Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժին:

Բալյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշել է, որ մոտ մեկ ամիս առաջ իրենց Արտաշատի քննչական բաժին էին կանչել բացատրագիր գրելու նպատակով, սակայն գործը Արտաշատից տեղափոխվել է Մասիս, որի տարածաշրջանի մի շարք գյուղերում այս ամռանը հայտնաբերվել էին սեւացած, կեղտոտ արագիլներ: Թռչուններին ուսումնասիրել էին նաեւ Կենդանաբանության ինստիտուտի աշխատողները:

Մեր զրուցակցի պատմելով՝ գործի ընթացքում որեւէ նորություն չկա: Քննիչը հայտնել է, որ առայժմ նաեւ կասկածյալ չկա: Կենդանաբանի խոսքով՝ քննչական բաժնում, կարծես, համայնքների ղեկավարների միջոցով պետք է սկսեն պարզել այն տնտեսվարողներին, ովքեր գործունեություն են ծավալում այդ գյուղերում: Ինչպես հայտնի է, շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, համայնքներում գործող ձկնաբուծարաններից դուրս եկող եւ ձկան յուղային զանգվածով աղտոտված ջրերն են դարձել արագիլների աղտոտման պատճառ:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի 10-ից ավելի գյուղերում արագիլների աղտոտման դեպքերի առթիվ սեպտեմբերի 12-ին քրեական գործ է հարուցվել ՔՕ 284 հոդվածի հատկանիշներով:

Լյուբա Բալյանն ասում է, որ քրեական գործը զարմանալիորեն ձգձգվում է, եւ եթե այսօր իրավապահները ոչ մի փաստ չեն կարողացել գտնել, անգամ փետուրների նմուշառման նույնականացում չի արվել, դժվար է ասել, թե ինչ կլինի հետո:

«Պետք էր անհապաղ գործել, քանի որ փաստերը վաղեմության խնդիր են ունենում, հատկապես՝ բնական ռեսուրսների դեպքում: Յուղանյութի արտանետում է եղել Հրազդան գետ, երբ մենք հաջորդ օրը գնացել էինք, հոսքը բավականին պակասել էր, այսինքն՝ շատ արագ պետք է կատարեին գործողությունները»,- նշում է գիտաշխատողը:

Ինչպես գրել էինք, կենդանաբանները երկու անգամ արագիլների փետուրներից նմուշ են վերցրել, որոնք փոխանցել են տեսչական մարմնին փորձաքննության նպատակով: Առաջին նմուշառումից պարզել էր, որ արագիլների վրա առկա կեղտի միայն 20 տոկոսն է յուղանյութ, իսկ թե ինչ է մնացած 80 տոկոսը, չէր պարզվել: Այդ պատճառով կենդաբանները կրկին նմուշառում էին արել: Սակայն տեսչական մարմինն իր հերթին մեզ հայտնել էր, որ իրենց լաբորատորիան միայն կարողացել է պարզել սննդային յուղի առկայությունը, իսկ մնացած հարցերի պատասխանը ստանալու համար եղած ամբողջ նյութը հանձնվել էր իրավապահներին՝ նրանց փորձագիտական լաբորատորիայում ստուգելու:

Լյուբա Բալյանն ասում է, թե քննիչի հետ խոսակցության ժամանակ պարզվել է, որ արագիլների փետուրների վրա հայտնաբերված կեղտի ու ջրի մեջ եղած տարրերի նույնականացում չի արվել: «Այսօր իրենք ոչ մի փաստ չեն կարողացել գտնել, նույնակացում չի արվել, կարեւորագույն պատասխանը նույնակացման մասին չեն կարողացել ստանալ, որպեսզի հաստատեն, թե արդյոք փետուրների վրայի յուղը նույնն էր, ինչ նմուշառված ջրի կամ ափամերձ տարածքների յուղանյութերինը: Դա ամենագլխավոր կապն էր: Եթե դա չի արվել, ինչպե՞ս են ապացուցելու, թե ում տարածքում է եղել, կամ այդ տարածքի որ տնտեսվարողը կարող է կասկածյալ լինել»,- նշում է գիտաշխատողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter