HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կոնգոյում կործանված ՀՀ գրանցումով ինքնաթիռից առաջ եւս մեկ հայկական օդանավ էր ավիապատահարի մեջ հայտնվել այդ երկրի բանակի կազմում

Ինչպես գրել ենք, հոկտեմբերի 10-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կործանված «Ան-72» ինքնաթիռը, որի իրանին EK-72903 հայկական գրանցումն էր, իրականում դուրս էր գրված ՀՀ օդանավերի ռեգիստրից, այսինքն՝ այն հայկական չէր, եւ առկա գրանցումը վավեր չէր: Պարզվում է, սակայն, որ սա միակ բորտը չէր, որը կոնգոլեզյան բանակի կազմում աղետի է ենթարկվել՝ փաստացի կրելով ՀՀ գրանցում:

Նշել էինք, որ այս «Ան-72»-ը դեռ 2016-ից թռչում էր Կոնգոյի բանակի համար, իսկ դրա EK-72903 նախկին հայկական գրանցումը տրված էր ՌԴ քաղաքացի Վահրամ Սիմոնյանի երեւանյան «South Airlines» ընկերության անունով:

Ավիացիոն պատահարների վիճակագրությամբ զբաղվող «Bureau of Aircraft Accidents Archives»-ը հոկտեմբերի 17-ի պատահարի վերաբերյալ նշել է, որ աղետի ենթարկված ինքնաթիռի իրական գրանցումը A-72903 էր: Սա, ըստ էության, կոնգոլեզյան բանակի գրանցում է, չնայած ավիացիոն տեղեկատուներում ԿԴՀ օդուժի ինքնաթիռները գրանցված են 9T նիշով, իսկ այդ երկրի քաղաքացիական օդանավերը՝ 9Q նիշով: Անկախ ամեն ինչից՝ փաստ է, որ 8 հոգու մահվան պատճառ դարձած ինքնաթիռի վրա պահպանվել էր ՀՀ ազգային նիշը՝ EK-ն:  

Չնայած նախապես հայտարարվել էր, որ Գոմայից մայրաքաղաք Կինշասա թռչող ինքնաթիռը, որը տեղափոխում էր երկրի նախագահի զրահապատ մեքենան, աղետի է ենթարկվել մեկնակետից մոտ 400 կմ հեռավորության վրա՝ Պունիա բնակավայրի հարեւանությամբ, հետագայում ճշտվել է, որ դրա մնացորդները հայտնաբերվել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող Սանկուրու նահանգի Օկոտո գյուղի մոտ: Համացանցում հայտնվել են նաեւ ծառաշատ վայրում ընկած ինքնաթիռի մասերի լուսանկարները:

Ընդ որում՝ տարբեր աղբյուրներ հայտնել են, որ ինքնաթիռի մնացորդները բավականին կոմպակտ են, այսինքն՝ սա, ըստ էության, նշանակում է, որ ոչ թե պայթյուն է տեղի ունեցել օդում, այլ օդանավը պարզապես վայր է ընկել: Լուսանկարներում երեւում է, որ ինքնաթիռի մնացորդների որոշ մասեր խրվել են փափուկ գրունտի մեջ: 

Հիշեցնենք, որ 8 հոգուց 4-ն անձնակազմի անդամներն էին՝ օդաչուներ Վլադիմիր Սադովնիչին ու Վիտալի Շումկովը (Ռուսաստան), բորտ-ինժեներներ Սերգեյ Գորոխովն (Ուկրաինա) ու Մերգալին (Ղազախստան), որի ազգանունը չի նշվում: Օդանավում եղած մյուս 4-ը նախագահականի աշխատակիցներ էին, որոնք ուղեկցում էին մեքենան:  

Կոնգոլեզյան բանակի կազմում սա հայկական գրանցումով երկրորդ օդանավն է, որ աղետի է ենթարկվել: Առաջին դեպքը եղել է 2013-ի նոյեմբերին, սակայն, բարեբախտաբար, այն ժամանակ զոհեր չեն եղել: Ընդ որում՝ շարքից դուրս եկած օդանավն էլ նույն տիպի է եղել՝ «Ան-72», հայկական գրանցումը՝ EK-72101: Ինչպես EK-72903-ը, այս գրանցումն էլ տրվել էր Վ. Սիմոնյանի «South Airlines» ավիաընկերության ինքնաթիռին: Փաստորեն հայկական ծագումով ռուսաստանցի ավիատորի ինքնաթիռներից երկուսն իրենց ճանապարհն ավարտել են Կոնգոյի օդուժի կազմում, այդ թվում՝ դառնալով մարդկային զոհերի պատճառ:

Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ 2013 թ. նոյեմբերի 1-ին կոնգոլեզյան բանակի կողմից վարձակալված հայկական «Ան-72-100» ինքնաթիռը (EK-72101) Կոնգոյի Կիսանգանի քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ (խափանվել էր հիդրավլիկ համակարգը) դուրս էր եկել վազքուղուց ու հրդեհվել: Անձնակազմը չէր տուժել: 1987-ին արտադրված ինքնաթիռը, որն այդ պատահարի ժամանակ 25 տարեկան էր, նախկինում շահագործվել էր ԽՍՀՄ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, ապա գրանցվել ՀՀ-ում «South Airlines»-ի անունով: Վահրամ Սիմոնյանի այս ընկերությունն էլ տարբեր ժամանակահատվածներում ինքնաթիռը վարձակալությամբ հանձնել էր քենիական ու արաբական ընկերությունների, իսկ հետո՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ռազմաօդային ուժերին:  

Ավիաֆորումներից մեկում նշվել է նույնիսկ, որ EK-72101-ն ընդգրկված էր Անտոնովի կոնստրուկտորական բյուրոյի «սեւ ցուցակի» մեջ եւ թռչելու իրավունք չուներ: Քննարկման մասնակիցներից մեկն էլ գրել է. «Անձնակազմը չի տուժել, երեւի միայն ֆինանսապես [է տուժել]: Վահրամը վառված լամպի համար կարող է տուգանել, իսկ նման բանի համար…»:

Վահրամ Սիմոնյանի եւ նրա մոտ երբեւէ աշխատած մասնագետների ոչ հարթ հարաբերությունների մասին նախկինում գրել ենք: Ավիատորներն ասում են, որ գործատուն ուշացնում է աշխատավարձը մի քանի ամիս, երկար է աշխատեցնում, բայց վճարում է ավելի քիչ թռիչքային ժամերի դիմաց, ըմբոստներին սպառնում է թողնել առանց փողի, ինչը դժվար դրության մեջ է դնում օդաչուներին, քանի որ Աֆրիկայից հայրենիք վերադառնալը թանկ է, ըստ այդմ, օդաչուների խոսքերով, ստացվում է, որ գերի ես ընկնում:

«South Airlines»-ի մասին ծավալված քննարկումներից մեկում օդաչուները գրել են. «Հարցրեք Աֆրիկայում աշխատած ցանկացածի, թե ով է Սիմոնյանը… Եվ կտեսնեք արձագանքը», «[Վահրամի մոտ] ամենացածր գներն են (թռիչքային ժամի, օրապահիկի, վայրէջքների համար, տնտեսումների դիմաց ընդհանրապես այլեւս չեն վճարում): Տուգանքների համակարգը գործում է անխափան: Առանց իմանալու գնում են [Վահրամի մոտ աշխատանքի] նրանք, ովքեր դեռ չեն ընկել այդ կեղտի մեջ: Գալով՝ պարզվում է, որ քաշվել ես: Այս բանի համար չեն վճարում, այն բանի համար կրկնակի քիչ են տալիս, տուն գնալը՝ քո հաշվին: Դուրս գցելիս հարեւաններից մեկուկես-երկու անգամ քիչ են աշխատավարձ տալիս: Վարաբերմունքը՝ ինչպես ստրուկների հանդեպ: Եկել ես 6 ամսով, աշխատեցնում են՝ 10, նորմալ է: Գործուղման վերջում աշխատավարձիդ սպասում ես մի, մեկուկես ամիս, առավել համբերատարներին հաջողվել է սպասել 3,5: Ադրենալի՞ն ես ցանկանում: Թռչել մետաղաջարդոնո՞վ: Մարտական գործողություններով ռեգիոնու՞մ: 50 աստիճան տաքության մե՞ջ, հանգած շարժիչներո՞վ: Մտքով, որ բախտդ կբերի, քեզ չեն հայհոյի ու տուն կուղարկեն փողո՞վ: Ուրեմն եկ այստեղ: Բարի գալուստ «South Airlines»»…

Սիմոնյանը պատասխանել է քննադատողներին. «Ավիաընկերության գոյության ողջ ընթացքում շատ «մասնագետների» ենք տեսել՝ ալկոհոլի եւ ոչինչ չանելու սիրահարների, որ վնաս են տվել օդանավի խափանումների ու վթարների տեսքով, գողության սիրահարների, որ թռցրել են վառելիք, տեխմասեր, վաճառել են ընկերության ունեցվածքը, անգամ «Jeppessen»-ի (ավիացիոն ձեռնարկ է- հեղ.) հատորներ են գողացել, փախել են աշխատատեղից ու հետո թաքնվել: «Մասնագետներ», որոնց հազիվ են ուշքի բերում ալկոհոլային թունավորումից առաջացած սրտխառնոցից, որոնք աշխատանքային կարգապահությունը խախտելու պատճառով հեռացվելուց հետո իրենց արդարացնելու համար ցեխ են շպրտում ինքնաթիռի տերերի վրա»: Վահրամին ի պատասխան՝ մի օդաչու էլ գրել է. «Հարգելի Վահրամ, հերիք է գլուխ արդուկեք: Բոլորին է հայտնի անձնակազմի հանդեպ Ձեր վերաբերմունքը: Դուք նստում եք զով գրասենյակում, իսկ մարդկանց ուղարկում եք այնպիսի տեղեր, որ փորձիր գոյատեւել՝ առանց որեւէ բանով ապահովվելու: Նույնը վերաբերում է նյութական մասին: Ահա եւ ի պատասխան ստանում եք թալանված, խափանված օդանավեր: Մարդ եղեք, ահա այս դեպքում խնդիրներն էլ քիչ կլինեն»:  

Ինչպես գրել ենք նախկինում, Կոնգոն միակ երկիրը չէ, որի բանակի հետ համագործակցել է Վ. Սիմոնյանը՝ տրամադրելով ՀՀ-ում գրանցված (կամ գրանցումից հանված, բայց փաստացի իրանին ՀՀ գրանցում կրող) իր օդանավերը: Սիմոնյանի ինքնաթիռները պարբերաբար կիրառվել են աֆրիկյան երկրների զինված հակամարտությունների գոտիներում, որտեղ հայտարարված է զենքի ու ռազմական թռիչքների էմբարգո, ինչից հետո հայտնվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների ուշադրության կենտրոնում: Այդ օդանավերն օգտագործվել են, մասնավորապես, Դարֆուրում (Սուդան), Լիբիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter