HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կոնգոյում կործանված ինքնաթիռի վրա ՀՀ գրանցում կար, բայց իրականում այն հայկական չէր

Հոկտեմբերի 10-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աղետի ենթարկված «Ան-72» ինքնաթիռը չնայած հայկական գրանցում էր կրում, իրականում հայկական չէր: Ավելի կոնկրետ՝ օդանավի վրա նշված է եղել EK-72903. այս գրանցումը օդանավը կրում էր այն ժամանակ, երբ շահագործվում էր հայկական «South Airlines» ավիաընկերության կողմից: Բայց փաստացի ոչ միայն այս ընկերությունը ներկայում չի գործում, այլեւ ինքնաթիռը վաղուց դուրս է բերվել օդանավերի հայկական ռեգիստրից:

Մինչ հայկական լինել-չլինելուն անդրադառնալը նշենք, որ, ըստ Կոնգոյի քաղավիացիայի ղեկավարի տարածած հայտարարության, հոկտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով 15:32-ին, «Ան-72» տրանսպորտային ինքնաթիռը Կոնգոյի արեւելյան Գոմա քաղաքի օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի արեւմուտք՝ մայրաքաղաք Կինշասա: Ըստ տեղական մամուլի հրապարակումների՝ օդանավի մեջ եղել է նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի զրահապատ մեքենան, որն ուղեկցել են նրա վարորդը եւ անվտանգության 3 աշխատակից: Ինքնաթիռի անձնակազմն էլ բաղկացած է եղել 4 հոգուց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիներից (այս մասին նշել էր Կոնգոյում Ռուսաստանի դեսպանության խոսնակը): Հաղորդվում է, որ բոլորն էլ զոհվել են:

Ըստ գրաֆիկի՝ ինքնաթիռը Կինշասա պետք է հասներ 3 ժամից (ուղիղ գծով օդային հեռավորությունը երկու քաղաքների միջեւ 1554 կմ է), սակայն Գոմայից մեկնելուց 59 րոպե անց օդանավի եւ թռիչքների կառավարման կենտրոնի միջեւ կապը կորել է: Ծավալված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել Գոմայից արեւելք՝ Մանիեմա նահանգի Պունիա բնակավայրից 40 կմ հեռավորության վրա, որտեղ հայտնաբերվել են օդանավի մնացորդները:

Աղետից քիչ անց արդեն լուրեր էին տարածվել, թե օդանավում եղել է նաեւ նախագահ Չիսեկեդին, որն այս տարվա հունվարին է ստանձնել պաշտոնը: Այս տեղեկություններից հետո նախագահի կողմնակիցները, կարծելով, որ տեղի ունեցածը հեղաշրջման փորձ է, դուրս էին եկել Կինշասայի փողոցներ՝ ի նշան նրա իշխանության պաշտպանության:

Այսպիսով՝ աղետի ժամանակ օդանավում եղել է 8 հոգի՝ անձնակազմի 4 անդամ եւ նախագահականի 4 աշխատակից: Ավելի ուշ ռուսական դեսպանությունը հայտնել է, որ անձնակազմի անդամներից 2-ը ՌԴ քաղաքացի էին: Նրանք են օդանավի հրամանատար, 61-ամյա Վլադիմիր Սադովնիչին եւ 64-ամյա Վիտալի Շումկովը: Հրամանատարի ընկերն ու նախկին ծառայակիցը (Սադովնիչին քաղավիացիա մտնելուց առաջ եղել է ռազմական օդաչու) ռուսական «РБК»-ին հայտնել է, որ սա նրա առաջին գործուղումը չէր Կոնգո, բայց այս անգամ հրամանատարն այնտեղ էր արդեն շուրջ մեկ տարի: Ռուսական մի քանի լրատվամիջոցներ էլ հայտնել են, որ 2011-ին Սադովնիչիին եւ նրա գործընկեր, Էստոնիայի քաղաքացի Ալեքսեյ Ռուդենկոյին Տաջիկստանում մեղադրել էին մաքսանենգության եւ սահմանի ապօրինի հատման մեջ: Նրանք Աֆղանստանից թռիչք կատարելիս, ըստ լրատվամիջոցների, հարկադրված վայրէջք էին կատարել Տաջիկստանում, որտեղ էլ բռնվել էին: Ամբաստանյալները դատապարտվել էին 8,5 տարվա ազատազրկման, սակայն հետո համաներմամբ ազատ էին արձակվել:

Այժմ հասկանանք, թե ինչ կապ ունի այս օդանավը Հայաստանի հետ:

Ինչպես ասվեց, ինքնաթիռը կրում էր հայկական գրանցում՝ EK-72903, սակայն Կոնգոյի քաղավիացիայի ղեկավարի հայտարարության մեջ նշվել է, որ այն շահագործում էր երկրի բանակի օդուժը, որն այս դեպքում ծառայություն էր մատուցում նախագահի աշխատակազմին: Միջազգային կազմակերպությունում աշխատող «Հետքի» աղբյուրը, որը զբաղվում է Աֆրիկայի հարցերով, աղետից շատ չանցած մեզ հայտնել էր, որ կործանված օդանավը EK-72903-ն է, չնայած այդ պահին նման ինֆորմացիա տեղական ու միջազգային մամուլը չէր հաղորդում: Ավելի ուշ ավիացիոն ֆորումներում եւ տեղեկատու բազաներում հաստատվեց այս լուրը: Համաձայն aerotransport.org մասնագիտացած կայքի՝ Կոնգոյի օդուժն ուներ միայն մեկ «Ան-72», եւ դա նախկին հայկական EK-72903-ն էր:

Իրականում սա բավականին տարիքով բորտ էր՝ 32 տարեկան: Արտադրվել է 1987-ին, շահագործվել է խորհրդային բանակի կողմից (СССР-72903), ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտնվել է ռուսական բանակի հաշվեկշռում: Russianplanes.net կայքն էլ հայտնում է, որ 2000 թ. օդանավը վաճառքի է հանվել Չելյաբինսկի զորամասերից մեկում եւ 2002-ին գնվել է մոսկովյան «Բուդալակ» ընկերության կողմից: Այդուհանդերձ, ավիացիոն տեղեկատուներում որպես երկրորդ օպերատոր նշվում է հայկական «South Airlines»-ի անունը:

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000-ի հուլիսին Երեւանում: Իրական տերը ՌԴ քաղաքացի Վահրամ Սիմոնյանն է, որը ծագումով Շիրակի Վահրամաբերդ գյուղից է: Փաստաթղթերով ընկերության սեփականատերերը նրա հարազատներն են: Սիմոնյանի աֆրիկական գործունեության մասին «Հետքը» շատ է գրել (տես այստեղ, այստեղ եւ այստեղ): Հատկապես հետխորհրդային երկրների օդաչուները, որոնք աշխատել ու աշխատում են Աֆրիկայում, լավ գիտեն այս անձնավորությանը: Սիմոնյանի հայկական ընկերությունների («Սաութ Էըրլայնզ», «Վ-Բերդ-Ավիա», «Սկիվա Էյր») գործունեությունը, ըստ ՊԵԿ-ի, ներկայում դադարեցված է, սակայն նա նույնանուն ընկերություններ է հիմնել Սեյշելներում, Շարժայում, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում:  

Երբ դեռ 2014-ին գրել էինք Սիմոնյանի մասին, «South Airlines»-ի տնօրեն Սամվել Հարությունյանը հայտնել էր, որ Սիմոնյանը Շարժայից տեղափոխվել է Կինշասա այն պատճառով, որ 2012-ից ԱՄԷ-ն արգելում է հայկական գրանցումով (EK նիշով) օդանավերի բազավորումն իր տարածքում (ընդ որում՝ Շարժան ոչ միայն Սիմոնյանի, այլեւ բեռնափոխադրումներով զբաղվող մի շարք այլ հայկական ընկերությունների բազավորման կայան էր): Այս ինֆորմացիան փոխանցել էր նաեւ միջազգային կազմակերպությունում աշխատող մեր երկրորդ աղբյուրը: Նա տեղեկացրել էր, որ Սիմոնյանը 2015-ին Կինշասայում «South Airlines Co.» անունով ընկերություն է հիմնել, եւ նրա ինքնաթիռներից երկուսը շահագործվում են Կոնգոյի բանակի համար: Թերեւս կռահեցիք, որ դրանցից մեկը նույն EK-72903-ն էր, իսկ մյուսը՝ կրկին հայկական EK-76992 համարով «Իլ-76ՏԴ»-ն: Մենք, սակայն, գրել էինք, որ այս երկու օդանավերն էլ հայկական ռեգիստրից հանված են:

Եթե ինքնաթիռը հանվում է որեւէ երկրի ավիացիոն ռեգիստրից ու չի գրանցվում այլ երկրում, ապա դրա շահագործումն անօրինական է: Այլ կերպ ասած՝ հայկական գրանցման առկայությունը շահագործվող օդանավերի վրա հակասում է այն իրողությանը, որ դրանք հանված են եղել ՀՀ ռեգիստրից: EK-72903-ի պատմությունը հիշեցնում է 2012-ի նոյեմբերին Կոնգոյի Հանրապետությունում (չշփոթել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ) աղետի ենթարկված EK-76300 համարով «Իլ-76Տ»-ի դեպքը: Չնայած վերջինս, ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության, հանվել էր մեր ռեգիստրից, Կոնգոյում շարունակում էր թռչել հայկական գրանցումով: Այսինքն՝ բերված օրինակները ցույց են տալիս, որ Աֆրիկայում հատկապես խորհրդային արտադրության հին օդանավերը պարբերաբար թռել ու թռչում են անօրինական ձեւով՝ չունենալով պատշաճ գրանցում: Մյուս կողմից՝ եթե EK-76300-ի շահագործողը քաղաքացիական օպերատոր էր, ապա 2 օր առաջ կործանված բորտը շահագործում էր բանակը, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում՝ պարզելու, թե արդյոք ինքնաթիռն ուներ թռիչքային պիտանիության օրինական եւ վավեր սերտիֆիկատ կամ գրանցում տվյալ երկրի ռեգիստրում (թեկուզ որպես ռազմական օդանավ):

Հետաքրքիր է, որ «South Airlines»-ում շահագործվելու ժամանակահատվածում՝ 2000-ականների կեսերին, Վահրամ Սիմոնյանի այս «Ան-72»-ի վրա հայտնվել էր անգոլական օդուժի D2-MBP գրանցումը, սակայն russianplanes.net-ը նշում է, որ, ըստ էության, ինքնաթիռը նոր շահագործողին փոխանցելու գործարքը չի կայացել, քանի որ այն երկար ժամանակ վերանորոգման էր կանգնած Կիեւի «Ժուլյանի» օդանավակայանում:

Թե կոնկրետ երբ է EK-72903-ը Սիմոնյանը հանձնել կոնգոլեզյան բանակին, դժվար է ասել, սակայն մեր աղբյուրը դեռ 2016-ի մայիսին էր հայտնել, որ այն թռչում է Կոնգոյի զինուժի համար եւ բազավորվում է Կինշասայում: 2016-ի ապրիլին գրել էինք ՀՀ-ում գրանցված օդանավերի մասին, որոնցից մեկը «South Airlines»-ի այս ինքնաթիռն էր, սակայն 2017-ի հուլիսի դրությամբ EK-72903-ն արդեն դուրս էր գրվել ՀՀ օդանավերի ռեգիստրից, բայց փաստորեն ինքնաթիռի իրանի վրա մինչեւ ամսի 10-ի աղետը պահպանվել էր հայկական գրանցումը:    

Առաջին լուսանկարում՝ Կոնգոյի Կանանգա քաղաքի օդանավակայանում. ժամանելուց հետո «Ան-72»-ը պիտի մեկներ, սակայն կանգնել է չնախատեսված տեխնիկական աշխատանքների համար. 31.07.2019, լուս.՝ Ալեքսանդր Պոդոլյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter