HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Սու-25»-ի աղետի նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է համալիր, հանձնաժողովային փորձաքննություն

2018-ի դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի մոտ աղետի ենթարկված «Սու-25» ուսումնամարտական ինքնաթիռի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը:  

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին ՀՀ օդուժի «Սու-25ՈւԲԿ» ինքնաթիռը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք կատարելու նպատակով առավոտյան 10:06-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դուրս էր եկել թռիչքային երթուղի, սակայն արդեն 10:20-ի սահմաններում կապն օդանավի հետ կորել էր: Մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Քարաբերդ գյուղի հարեւանությամբ հայտնաբերվել էին կործանված ինքնաթիռի մնացորդները: Օդաչուները՝ 44-ամյա փոխգնդապետ, 1-ին կարգի օդաչու Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 31-ամյա մայոր, 3-րդ կարգի օդաչու Մովսես Գեւորգի Մանուկյանը զոհվել էին:

Քննչական կոմիտեն ՔՕ 378 հոդվածի 2-րդ մասով հարուցել էր քրեական գործ: Ըստ այս հոդվածի՝ «ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով»: Նախաքննություն իրականացնում է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը: Ն. Հարությունյանը մեզ հայտնել է, որ նախաքննությունը շարունակում է ընթանալ այս հոդվածի շրջանակներում:

Ինչպես գրել էինք, գործի քննության ընթացքում նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, որոնցից դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվել էր դեպքի վայրում հայտնաբերված մարմնի մասերի պատկանելությունը օդաչուներ Արմեն Բաբայանին եւ Մովսես Մանուկյանին:

Թռիչքից առաջ՝ նախաթռիչքային սպասարկման ժամանակ, վառելիքի մաքրությունը ստուգելու նպատակով վերցվել էր փորձանմուշ, որն իրավապահները նույն օրը՝ դեկտեմբերի 4-ին, առգրավել էին: Այդ նմուշով նշանակվել էր դատանյութագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետներից նշանակված փորձագետներին: Ստացված եզրակացության համաձայն՝ նմուշի փորձաքննությամբ պարզվել էր, որ սառեցման ջերմաստիճանի, մեխանիկական խառնուկների եւ ջրի, մասազատիչ կազմի, բռնկման ջերմաստիճանի, ընդհանուր ծծմբի զանգվածային բաժնի եւ խտության ցուցանիշներով նմուշը համապատասխանում է ռեակտիվ շարժիչի վառելիքին ներկայացվող պահանջներին:

Վառելիքի այդ նույն նմուշով եւ դեպքի վայրի 4 հատվածներից վերցված հողի նմուշներով նշանակվել էր դատանյութագիտական եւ հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ 3 հատվածներից վերցված հողի նմուշներում հայտնաբերվել էին բաց նավթամթերքներին բնորոշ պիկեր: Պարզվել էր, որ հետազոտության ներկայացված նավթամթերքը եւ հողերում առկա նավթամթերքի հետքերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն:

Նաիրա Հարությունյանը «Հետքին» տեղեկացրել է, որ քրգործով նշանակվել է նաեւ դատաավիաինժեներատեխնիկական, դատահետքաբանական, դատապայթյունատեխնիկական եւ դատաբժշկական համալիր, հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:

ՔԿ աշխատակցի փոխանցմամբ՝ քրգործում ներգրավված մեղադրյալներ չկան:

Լուսանկարում՝ «Սու-25ՈւԲԿ»-ն՝ «Էրեբունի» օդանավակայանում (16.07.2008, հեղ.՝ Անդրեյ Սավելեւ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter