
Իշխանափոխությունից հետո գերմանացի ներդրողները վերսկսել են պայքարն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի
Գերմանացի ներդրողների կողմից կառավարվող «Իստինվեստոր» ընկերության տնօրինությունը Հայաստանում 2018թ․ իշխանափոխությունից հետո իրենց սեփականության իրավունքը վերականգնելու նոր գործընթաց է սկսել։ Ներդրողները որոշել են շարունակել պայքարն ընդդեմ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սեփականատեր Աժ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Այդ կոմբինատում գերմանացի ներդրողները բաժնետեր են եղել և կորցրել իրենց բաժնեմասը։
«Իստինվեստոր»-ի տնօրեններ Անդրեաս Հինցմանի և Արթուր Գայգերի (Andreas Hindzmann, Arthur Geiger)` նոյեմբերի 14-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ այս գործի կարևորությունն ուղղակիորեն բխում է Հայաստանի կողմից օտարերկրյա ներդրումների ներգրավման քաղաքականության շեշտադրումներից․
« Ներկայիս վիճակը վարկաբեկիչ է ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ գործի շրջանակներում ժամանակին ներգրավված դատական մարմինների համար: Թեև հայկական կառավարության պաշտոնյաներն ու անձամբ պարոն Ծառուկյանը երկրի առաջնայնությունների շարքում բազմիցս մատնանշել են օտարերկրյա ներդրողների համար իրավական տեսանկյունից արդար և բարենպաստ միջավայրի ստեղծումը, «Իստինվեստոր»-ի հետ տեղի ունեցածն ու նմանօրինակ դեպքերը, հակառակը, վանում են ներդրողներին, նրանց զրկելով երկրի դրական ներդրումային ներուժը դիտարկելու ցանկությունից», -գրել է ընկերության տնօրինությունը:
Հիշեցնենք, որ «Իստինվեստոր» ներդրումային հիմնադրամը 2006 թվականից սկսել է ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Այդ տարվանից արված ներդրումները չափը Հայաստանում գերազանցել է 5 մլն եվրոն, որոնք բաշխվել են հիմնականում «Զարգացման հայկական բանկ»-ում, «Մաքուր երկաթի գործարան»-ում, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում և այլ ընկերություններում: 2006թ․մայիսին էլ «Իստինվեստոր»-ը ձեռք է բերել «Արարատ» ԿԳՕԿ 1.520 բաժնետոմսեր, որոնք կազմել են կոմբինատի կանոնադրական կապիտալի 3,2%-ը: Մնացած բաժնետոմսերի 82%-ը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին, 10%-ը՝ նրա հիմնադրած «Մուլտի Գրուպ»-ին, իսկ մոտ 7%-ը՝ այլ բաժնետերերին (ընդհանուր 124 բաժնետեր):
2008 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած բաժնետերերի արտահերթ ժողովին որոշում է կայացվել համախմբել (կոնսոլիդացնել) կոմբինատի բաժնետոմսերը, 47,270 հատը՝ համախմբելով 20 բաժնետոմսի:
Համախմբման արդյունքում «Իստինվեստոր»-ի և մյուս մանր բաժնետերերի մոտ առաջացել են կոտորակային (ոչ ամբողջական) բաժնետոմսեր, որոնք նրանք պետք է հետ վաճառեին խոշոր բաժնետերերին՝ «Մուլտի Գրուպ»-ին և Գագիկ Ծառուկյանին, քանի որ նրանց մոտ չէր ձևավորվել նույնիսկ մեկ ամբողջական բաժնետոմս:
Կոմբինատի հատուկ ժողովի ժամանակ մշակվել և հաստատվել էր նշված կոտորակային բաժնետոմսերի վաճառքի բանաձևը: Ըստ այդ բանաձևի՝ կոմբինատի իրենց պատկանող 1.520 բաժնետոմսերի դիմաց (կանոնադրական կապիտալի 3,2%) «Իստինվեստոր»-ը պետք է ստանար 14.8 մլն դրամի չափով փոխհատուցում, ինչը կնշանակեր, որ կոմբինատի ընդհանուր արժեքը կազմում է 470 մլն դրամ (մոտ 870 հազար եվրո):
«Երևանի կենտրոնում տեղակայված, մեկ դարի պատմություն ունեցող խոշոր գործարանն իր արտադրական հզորություններով, սարքավորմամբ, կոնյակի զգալի պաշարներով, ինչպես նաև իր շենք-շինություններով հանդերձ գնահատվում էր 1 մլն եվրոյից պակաս՝ Երևանի կենտրոնում գտնվող առանձնատան գնի չափով»,- նշում են «Իստինվեստոր»-ի տնօրենները:
Կոմբինատի մեկ ամբողջական բաժնետոմսի արժեքը սահմանվել էր 69 եվրո, մինչդեռ, ըստ գերմանացի ներդրողների և նրանց ձեռքում եղած այլ գնահատականների, կոմբինատի արժեքը 100-300 մլն եվրոյի սահմաններում է, ինչը գերմանացի ներդրողների համար նշանակում էր, որ «Իստինվեստոր»-ը կրել է նվազագույնը 3 մլն եվրոյի վնաս:
Կանոնադրական կապիտալի 3,2%-ը կազմող կոտորակային բաժնետոմսերի վաճառքի դիմաց փոխհատուցման գումարից «Իստինվեստոր»-ը հրաժարվել էր և չէր վաճառել իր բաժնետոմսերից յուրաքանչյուրը 69 եվրոյի դիմաց։
«Դա իրական շուկայական արժեքի 2%-ից էլ ցածր էր։ Այս քայլով «Մուլտի Գրուպ»-ը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից, միաժամանակ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը»,- արձանագրել են գերմանացի ներդրողները:
Դատական երկարատև գործընթացների արդյունքում «Իստինվեստոր»-ն այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել ՀՀ դատարաններում և ստանալ այն փոխհատուցումը, որը համարում էր արդարացի և համարժեք։
«Իստինվեստոր»-ը 2014 թ․-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գերմանացի ներդրողների շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Դանելյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ՄԻԵԴ-ից մոտ մեկ տարի առաջ կապ են հաստատել իրենց հետ, և ևս մեկ անգամ դիմումատուների դիրքորոշումը հաստատելուց հետո, գործին ընթացք է տրվել։
«Իստինվեստոր»-ի ներդրողն և նախկին տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը մեզ տեղեկացրեց, որ ընկերությունն այժմ ակտիվորեն գործունեություն չի ծավալում, և ներդրողների 95 %-ը որոշել է ակտիվները փոխանցել մնացած 5-%-ին, ովքեր ցանկություն են հայտնել շարունակել իրենց սեփականության իրավունքի պայքարն ընդդեմ Ծառուկյանի։
« Վերջին 10 տարիների ընթացքում այս խնդրի մասին լայնորեն տեղեկացել են եվրոպական մեր հաճախորդներն ու գործընկերները, որոնց համար այժմ արդեն, թերևս, անհնարին կլինի Հայաստանը իբրև ներդրումների համար գրավիչ երկիր դիտարկելը: Առնվազն այնքան ժամանակ, մինչդեռ կշարունակվեն նմանօրինակ խաբեությունն ու խարդախությունը: Եթե Հայաստանն ակնկալում է օտարերկրյա ներդրողներ ներգրավել, ապա պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ նրանց հետ հարաբերությունները օրենսդրության շրջանակներում կարգավորելու ուղղությամբ: Դատարանները չպետք է արհեստականորեն ձգձգեն գործերի քննումը, իսկ որոշում կայացնելիս պետք է ղեկավարվեն օրենքի տառով և ոգով: Մանր բաժնետերերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Ներդրողները չպետք է զրկվեն օրինական կերպով ձեռք բերված գույքից և ակտիվներից: Հայաստանին հաջողվել է շատ բան փոխել վերջին ամիսների ընթացքում: Իսկ մենք դեռ սպասում ենք»,-գրել են «Իստինվեստոր»-ի տնօրենները:
Իշխանափոխությունից հետո գերմանացի ներդրողները ՀՀ իրավապահներին հաղորդում են ներկայացրել՝ նշելով, որ սեփականության իրավունքից իրենց զրկելու, այնուհետև նաև հայաստանյան դատական համակարգում արդյունքի չհասնելու գործընթացը կոռուպցիոն ռիսկեր է պարունակել, պաշտոնական դիրքի և լիազորությունների, ինչպես նաև ծանոթ-բարեկամական կապերի միջոցով վճիռներ են կայացվել Ծառուկյանի օգտին։ Դատախազությունը, սակայն, որոշել է քրեական գործ չհարուցել։
Փաստաբան Դավիթ Դանելյանը տեղեկացրեց, որ բողոքարկել է քրեական գործ չհարուցելու որոշումը Վերաքննիչ ատյանում։ Գործն այժմ քննվում է այնտեղ։
Միաժամանակ գերմանացի ներդրողները դիմել են Պետական եկամուտների կոմիտեին՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանի կոմբինատի կանոնադրական կապիտալն ակնհայտ նվազեցվել է, և խնդրել են ՊԵԿ-ին ուսումնասիրություն կատարել։ ՊԵԿ-ը բողոքին դեռ ընթացք չի տվել և սպասում է Վերաքննիչի վերջնական ակտին։
Մեկնաբանել