HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ում քննարկվեց Մաշկաբանության ինստիտուտը մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանել մասնավորեցվող ընկերությունների ցանկից։ Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը դեմ է այս փոփոխությանը։

Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանը հիշեցրեց, որ նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ մանրամասն ներկայացրել է իր հիմնավորումները: Զեյնալյանը կրկին ընդգծեց, որ այս ԲԿ-ն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ միակն է, որ նմանատիպ ստացիոնար ծառայություններ է մատուցում: Այստեղ տարեկան 3000 ստացիոնար հիվանդ է սպասարկվում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց պատգամավոր Գևորգ Պապոյանը: Վերջինիս խոսքով` հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

«Մենք սկզբունքորեն մասնավորեցմանը դեմ չենք, սակայն կարծում ենք, որ եթե պետք է մասնավորեցվի, պետք է ունենանք երաշխիքներ, որ նման հիվանդանոց պետք է ունենանք, և տարածքի գինը պետք է լինի շուկայական»,- ասաց նա:

Առողջապահության նախարարությունը ինչպես առաջին ընթերցման ժամանակ, հիմա էլ դեմ է մասնավորեցման ցանկից ԲԿ-ն հանելու` պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` այս ԲԿ-ն ռազմավարական նշանակություն չունի, քանի որ այն առանձնահատկությունները, որոնք ուներ ԲԿ-ն, ժամանակի ընթացքում նվազել են:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, թե Կառավարությունում ընթանում է մաշկաբանության ինստիտուտի մասնավորեցման գործընթաց: Նախարարը չէր բացառել, որ մինչև նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի, ԲԿ-ն արդեն մասնավորեցված լինի:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 71 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Մինչ քվեարկությունն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ այս հարցում խմբակցությունն ազատ է քվեարկելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter