HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Պաչյանի «Ծիտը» եւ Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը»՝ Էկրանավորման ցանկալի տասնյակներում (Հրաչ Սարիբեկյան, Կարեն Ավետիսյան)

Երեւանյան գրքի փառատոնի #booktalks ձեւաչափով հանդիպում-քննարկումներից մեկը «կինո՞ն, թե՞ գիրքը» մշտապես խնդրականացվող թեմային էր վերաբերում։ Կինո եւ գրականություն առնչության խնդրականացման, առանձին-առանձին դիտարկման եւ փոխազդեցության/փոխներթափանցման հարցերի շուրջ խոսում էին երկու բանախոսները՝ լրագրող, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը եւ արձակագիր, գրականագետ Հրաչ Սարիբեկյանը։

Մեկ ժամ տեւողությամբ զրույցի ընթացքը, որը ներառում էր բնականաբար բազմաթիվ ռեժիսորների, հեղինակների, գրական ստեղծագործությունների եւ ֆիլմերի անուններ, դինամիկ կերպով դիալոգի վերածվեց՝ ամբողջացնելով մի դեպքում կինոյի դիրքերն ու փորձարկումները, մյուս դեպքում՝ գրականության՝ որպես նյութի առաջնահերթության կարեւորությունը։ 

Բանախոսներից յուրաքանչյուրն իր հերթին փորձ էր անում մի դեպքում կինոն ներկայացնել որպես ստեղծագործության յուրօրինակ ընթերցում (Հրաչ Սարիբեկյան), մյուս դեպքում՝ որպես հաստատված առանձին արվեստ, որը պայմանականորեն փոխանցում է տվյալ ժամանակը, պատմությունը (Կարեն Ավետիսյան)։ Երկուսի տեքստն էլ լսարանի համար հետաքրքիր էր բովանդակությունը՝ սպասված, տեւողությունը՝ սպասվածից կարճ։

Կարենը համոզված է, որ կինոն սինթետիկ արվեստ չէ ու մեջբերում է Փելեշյանի խոսքերը, որ կինոն չի սնվում թատրոնից կամ գրականությունից, այլ մի տեղից, որտեղից սնվում են եւ գրականությունը, եւ թատրոնը, եւ կինոն։ Այս իմաստով կինոն կրում է այն ազդակները, սնվում այնպիսի «մեդիումներից», որոնցից կյանք են ստանում նաեւ արվեստի մյուս ճյուղերը։ 

Ի հավելումն Կարենի մեջբերման, Սարիբեկյանն առանձնացնում է հետաքրքիր մի փաստ, որ մինչեւ 20-րդ դարի սկիզբը գրականությունը փորձ չէր կատարել մտնել մարդու գիտակցական աշխարհ եւ 19-րդ դարի գրականությունը (քանի դեռ կինոն չկար) ավելի պատկերային էր։ 

Զրույցի ընթացքում բանախոսները աստիճանաբար, միմյանց լրացնելով (գրեթե չբանավիճելով) հանգում են եզրակացության, որ գրականություն-կինո փոխներթափանցման եւ փոխազդեցության պատմական փաստն ակնհայտ է, այլ հարց է, թե որքանով է արժեւորվում կոնկրետ գրական ստեղծագործության մոտիվներով էկրանավորումը, եւ ճիշտ հակառակն էլ՝ որքանով է ստեղծագործությունը շարունակում մնալ դոմինանտ՝ իր տեքստային պատկերով, երբ կոնկրետ էկրանավորումը «ձախողվում» կամ պարզապես սուբյեկտիվ ընկալմամբ «այն չի լինում, ինչ պետք էր»․․․ Այդպիսի ձախողման օրինակ Սարիբեկյանի համար «Փարիզի Աստվածամոր տաճարը» կամ «Թշվառները» ֆիլմերն են, որոնք ստեղծվել են Հյուգոյի համանուն ստեղծագործությունների մոտիվներով՝ արժեզրկելով գրականությունը, ստվեր գցելով երկու հրաշալի ստեղծագործության վրա։ 

Իրադարձության ընթացքում Հրաչ Սարիբեկյանն առանձնացնում է նաեւ հաջողված, ոչ այնքան հաջող եւ ցանկալի էկրանավորումների իր տասնյակները։ Իրադարձությունից մի քանի օր անց Կարենին խնդրում եմ իր «տասնյակները» նույնպես հավաքագրել եւ ուղարկել։ 

Ստորեւ ներկայացնում եմ Հրաչ Սարիբեկյանի եւ Կարեն Ավետիսյանի առանձնացումները։ 

Հրաչ Սարիբեկյանի «տասնյակները»

10 սիրած ստեղծագործություն, որոնց էկրանավորումները կուզեի՝ լինեն

  1. Լուդովիկո Արիոստո, «Մոլեգին Ռոլանդը»
  2. Անն Ռադքլիֆ, «Ուդոլֆի գաղտնիքները»
  3. Չարլզ Բրոքդեն Բրաուն, «Ուիլանդ»
  4. Ուիլյամ Բեքֆորդ, «Վատեկ»
  5. Էդգար Ալան Պո, «Գահավիժում Մալսթրիմ»
  6. Իտալո Կալվինո, «Ծառաբնակ բարոնը»
  7. Ֆլեն Օ՛Բրայեն, «Երրորդ ոստիկանը»
  8. Հյու Ուոլփոլ, «Մութ ասպարեզից վեր»
  9. Ջոն Դիքսըն Քար, «Սպանություն մոմե արձանների թանգարանում»
  10. Ժյուլիեն Գրակք, «Սիրթի ծովափը»

10 սիրած ստեղծագործություն, որոնց էկրանավորումները կուզեի՝ ավելի լավը լինեին

  1. Հերման Մելվիլ, «Մոբի Դիկ» (Ջոն Հյուսթըն)
  2. Էդգար Ալըն Պո, «Աշըրի տան անկումը» (Քեն Ռասել)
  3. Ֆրանց Կաֆկա, «Դղյակը» (Միխայել Հանեքե)
  4. Մարսել Պրուստ, «Դեպի Սվանը» (Ֆոլկեր Շլյոնդորֆ, «Սվանի սերը»)
  5. Ալբեր Կամյու, «Օտարը» (Լուկինո Վիսկոնտի)
  6. Մալքոլմ Լաուրի, «Հրաբխի ստորոտին» (Ջոն Հյուսթըն)
  7. Միխայիլ Բուլգակով, «Վարպետը եւ Մարգարիտան» (Մաչեյ Վոյտիշկո, Ալեքսանդար Պետրովիչ)
  8. Ժորժ Սիմենոն, «Մսյո Իռի պսակադրությունը» (Պատրիս Լըկոնտ, «Մյսո Իռ»)
  9. Խորխե Լուիս Բորխես, «Բաժանվող արահետների այգին» (Ալեքսանդր Կայդանովսկի, «Այգին»)
  10. Ումբերտո Էկո, «Վարդի անունը» (Ժան-Ժակ Անո)

10 սիրած ստեղծագործության հաջողված էկրանավորումներ

  • Միխալիս Կակոյանիս, «Էլեկտրա» (Սոֆոկլես)
  • Ռոբեր Բրեսոն, «Մուշետ» (Ժորժ Բեռնանոս, «Մուշետի նոր պատմությունը»)
  • Անջեյ Վայդա, «Դեւեր» (Ֆյոդոր Դոստոևսկի)
  • Եժի Կավալերովիչ, «Փարավոն» (Բոլեսլավ Պրուս)
  • Բիլլե Աուգուստ, «Պելե նվաճողը» (Մարտին Անդերսեն Նեքսյո)
  • Օրսոն Ուելս, «Դատավարություն» (Ֆրանց Կաֆկա)
  • Ռայներ Վերներ Ֆասբինդեր, «Բեռլին-Ալեքսանդրպլաց» (Ալֆրեդ Դյոբլին)
  • Վալերիո Ձուրլինի, «Թաթարական անապատը» (Դինո Բուցցատի)
  • Մայք Նիքոլս, «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Էդուարդ Օլբի)
  • Վիմ Վենդերս, «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» (Պետեր Հանդքե)

Կարեն Ավետիսյանի «տասնյակները»

10 գիրք, որոնք կցանկանայի տեսնել էկրանին

  1. «Սաղարթապատ տունը», Մարկ Դանիլեվսկի 
  2. «Խելագարության լեռներին», Հովարդ Ф. Լավքրաֆթ 
  3. «Նահանջ առանց երգի», Շահան Շահնուր 
  4. «Անվերջ կատակ», Դեյվիդ Ֆոսթեր Ուոլես 
  5. «Վերնահարկ», Նիքոլսոն Բեյքեր 
  6. «Ցտեսություն Ծիտ», Արամ Պաչյան 
  7. «Տունը որտեղ…», Մարիամ Պետրոսյան
  8.  «100 տարվա մենություն», Գաբրիել Գարսիա Մարկես 
  9. «Բարեգութները», Ջոնաթան Լիտել
  10.  «Անտառահատում», Թոմաս Բերնհարդ 

10 սիրելի էկրանավորումներ

  1. «Գյուղական քահանայի օրագիրը», ռեժ.՝ Ռ.Բրեսոն 
  2. «Մահը Վենետիկում», ռեժ. ՝ Լ. Վիսկոնտի 
  3. «Թռիչք կկվաբնի վրայով» ռեժ.՝ Մ. Ֆորման 
  4. «Թիթեղյա թմբուկ» ռեժ.՝ Ֆ. Շլյոնդորֆ
  5.  «Ստալկեր» ռեժ.՝ Ա. Տարկովսկի 
  6. «Գառների լռությունը» ռեժ.՝ Ջ. Դեմի 
  7. «Ձկնկուլն ու կռունկը», ռեժ.՝ Յ. Նորշտեյն 
  8. «Ապուշը» ռեժ.՝ Ա.Կուրոսավա
  9.  «Օզ երկրի հրաշագործը», ռեժ.՝ Վ.Ֆլեմինգ 
  10. «Ընդմիշտ կորած», ռեժ.՝ Գ. Դանելիա

ՀԳԻրադարձությունը տեղի է ունեցել Գրքի երեւանյան փառատոնի՝ #booktalk-ի շրջանակներում։ Կարեն Ավետիսյանի առանձնացումները՝ իրադարձությունից հետո։ 

Գլխավոր լուսանկարում՝ Հրաչ Սարիբեկյան (ձախից), Կարեն Ավետիսյան։ Հրաչ Սարիբեկյանի լուսանկարը՝ Դըրք Սքիբայի։ Միջանկյալ երկու լուսանկարները՝ բանախոսների առանձնացրած ֆիլմերի պաստառների լուսանկարներից կազմված կոլաժներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter