HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, բավարարել է դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Նարեկ Մութաֆյանի պաշտպանների բողոքը՝  նրա կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ և Նարեկ Մութաֆյանին ազատ արձակելու որոշում կայացրել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մութաֆյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու մեջ. գործն արդեն դատարան է ուղարկվել։

Ըստ «Դատալեքսում» առկա մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով գնացել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող Արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպեն Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի և այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:

Այնուհետև, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել են իր բնակության վայր գնացող Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցրել նրան, թե արդյոք «վնգստացող» դատավորների շարքի՞ն է պատկանում` կապված Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, որից հետո Նարեկ Մութաֆյանն առաջարկել է նրան ցույց տալ գլխի հատվածը պարզելու համար՝ փայտի հարվածների հետքեր կան նրա գլխին, թե` ոչ, որից հետո փորձել է տեսանկարահանել այդ հատվածը և այդ ամենն իր ու Օհանջանյանի կողմից տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործով Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա։

Նշենք, որ օրեր առաջ Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Վազգեն Ռշտունու որոշմամբ ազատ է արձակվել նաև մեղադրյալ Սարգիս Օհանջանյանը։

Մութաֆյանին և Օհանջանյանին կալանավորելու, ինչպես նաև նրանց կալանքի ժամկետները մեկ ամսով երկարացնելու որոշումները կայացրել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավորներ Արտուշ Գաբրիելյանը և Նելլի Բաղդասարյանը։ Ստացվում է, որ նրանց երկուսի կայացրած որոշումներն էլ Վերաքննիչ դատարանում բեկանվել են։

 

Լուսանկարում՝  աջից՝ Նարեկ Մութաֆյանը, ձախից՝ Սարգիս Օհանջանյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter