HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ալեքսանդր Սարգսյանը շուրջ 2 մլն դոլարով վաճառել է իր ամերիկյան առանձնատունը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջնեկ եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը մեղադրվում է խարդախության մեջ, այս տարվա հունիսին մոտ 2 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատունը:

Պատգամավոր Սարգսյանը լյուքս առանձնատունը գնել էր 2,8 մլն դոլարով

Դեռ 2007-ին «Հետքը» գրել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը 2005-ին առանձնատուն է ձեռք բերել Լոս Անջելեսի Տարզանա թաղամասում (4935 Avenida Oriente, Tarzana, CA): Սարգսյանն այն ժամանակ ԱԺ պատգամավոր էր (2003-2012 թթ.) ու ՀՀ պետբյուջեից ստանում էր մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ: Բայց հասկանալի է, որ պաշտպանության նախարար, վարչապետ, ապա երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն այդ աշխատավարձի հույսին չէր ու դրանով չէր էլ կարող միլիոնանոց շքեղ գույք ձեռք բերել: Ալեքսանդր Սարգսյանի բիզնեսների մասին մամուլը միշտ էլ հեղեղված է եղել տարբեր հրապարակումներով:

301813034377_1280_1024_-I4J_mQIoHLOl3qg.jpg (135 KB)

Ալեքսանդր Սարգսյանն առանձնատունը գնել է 2005 թ. սեպտեմբերի 9-ին 2,8 մլն դոլարով: Սա «MonteVerde» փակ թաղամասի 30 լյուքս տներից մեկն է: Թաղամասը կամ համայնքը (community) շրջափակված է պարսպով, մուտք ունի միայն երկու կողմից, որոնք փակված են դարպասներով:

Նախկին պատգամավորն իր տունը գնել է հենց կառուցապատողից՝ «Manhattan Holding Co.»-ից: Հատկանշական է, որ դրա համար Սարգսյանը վարկ չի վերցրել, այսինքն՝ 2,8 մլն դոլարն ամբողջությամբ վճարել է իր միջոցներով: 

2005-ին գնված առանձնատունը կառուցվել էր 2004-ին, Ա. Սարգսյանը եղել է դրա առաջին բնակիչը: Փաստաթղթերում նա նշվում է իբրեւ միանձնյա սեփականատեր: Երկհարկանի տան մակերեսը 498 քմ է, իսկ ամբողջ հողակտորինը՝ 2060 քմ:

301813034408_1280_1024_I4oJBOCwcRWfnLIb.jpg (104 KB)

Տունն ունի 5 ննջասենյակ, 7 լոգասենյակ, 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, բակում կա լողավազան:

301813033146_1280_1024_Rtqxdy10LQlPyt4_.jpg (124 KB)

301813035474_1280_1024_SD4AlLs1Qn1f134c.jpg (111 KB)

Տունը գնելուց 8 ամիս անց՝ 2006-ի մայիսին, Ա. Սարգսյանը 332 հազ. դոլարի հիփոթեքային վարկ է վերցրել «World Savings Bank»-ից, որը պարտավոր էր մարել մինչեւ 2036 թ.: Նույն տարվա սեպտեմբերին նույն բանկից հայ պատգամավորը եւս մի հիփոթեքային վարկ է վերցրել 750 հազ. դոլարի չափով: Սա էլ պետք է մարվեր մինչեւ 2036 թ.: Այս երկրորդ վարկը վերցնելուց օրեր անց՝ 2006-ի հոկտեմբերին, Սարգսյանը փակել է 332 հազ. դոլարի վարկը (կարելի է ենթադրել, որ երկրորդ վարկի մի մասով փակվել է առաջինը):

301813035207_1280_1024_R9umOlHP3Prs_gF2.jpg (89 KB)

«Golden West Savings Assosiation Service Co.»-ն, որը «World Savings Bank»-ից վերցրած վարկերի հավատարմագրային կառավարիչն էր (trustee), 2007-ի հունիսին Սարգսյանին ծանուցել է, որ վերջինս չի կատարում իր վարկային պարտավորությունները: Խոսքը 750 հազ. դոլարի վարկի վճարումների մասին է: Ծանուցումը վարկառուի հանդեպ կիրառվող գործողությունների առաջին քայլն էր: Արդեն 2008-ի հունվարին հայտարարվել է աճուրդի մասին, որը պետք է տեղի ունենար նույն ամսում: Այսինքն՝ Ալեքսանդր Սարգսյանը կանգնել էր առանձնատունը կորցնելու վտանգի առաջ:

301813037675_1280_1024_Gq3VXPtXCSJvI2mr.jpg (103 KB)

Բայց նկատենք, որ մինչ այդ էլ՝ դեռ 2007-ին, հայ պատգամավորը փորձում էր վաճառել 2 տարի առաջ գնած տունը: 2007-ի փետրվարին գրել էինք, որ դրա վաճառքի գինը 3 մլն 395 հազ. դոլար է: Վերադառնալով 2008 թ.՝ նշենք, որ Սարգսյանի հանդեպ սկսված գործընթացը 2008-ի մայիսին, այդուհանդերձ, դադերեցվել է, եւ նա չի զրկվել տնից: Կարելի է ենթադրել, որ հայ պաշտոնյան սկսել է վճարումներ կատարել, եւ վարկի հավատարմագրային կառավարիչն ու բանկը հետ են կանգնել նրա գույքը վաճառելուց: 

2016-ի դեկտեմբերի նույն օրը Ա. Սարգսյանը 200 հազ. եւ 150 հազ. դոլարի երկու վարկ է վերցրել Եվգենի Բոնդարեւից, որոնց մարման ժամկետ չի նշվում փաստաթղթերում: 2017-ի փետրվարի նույն օրը նա փակել է այդ գումարները:     

301813036788_1280_1024_JJVbHyI18b3h6UsX.jpg (119 KB)

Ալեքսանդր, Հայկ եւ Նարեկ Սարգսյանները՝ մեղադրյալ

2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ալեքսանդր Սարգսյանն ու որդիները՝ Հայկը եւ Նարեկը, հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում: Նախ՝ հունիսի 25-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Սարգսյանին եւ նրան ուղեկցող 3 հոգու՝ կասկածելով ապօրինի զենք կրելու մեջ: Ոստիկանության տարածած տեսանյութում երեւում էր, որ մեքենաների մեջ զենք կա: Նույն օրը բերման ենթարկվածներն ազատ էին արձակվել, իսկ հետագայում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ զենքերն օրինական են:

Հուլիսի 4-ին գլխավոր դատախազությունը հայտնեց Սարգսյանի ավագ որդու՝ Հայկի մասնակցությամբ 2007 թ. տեղի ունեցած մի միջադեպի վերաբերյալ հարուցված, ապա կարճված քրգործի մասին: Գործի կարճման որոշումը գլխավոր դատախազի կողմից հուլիսի 3-ին վերացվել էր նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով, եւ քրգործ էր հարուցվել սպանության փորձի հատկանիշներով: Հուլիսի 4-ին ոստիկանները Հայկ Սարգսյանին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից նա փորձում էր մեկնել Ֆրանսիա:

Նույն օրը ԱԱԾ-ն երեւանյան այն բնակարանում, որտեղ հաշվառված են Ա. Սարգսյանն ու երկու որդիները, խուզարկություն կատարեց: Դրան ներկա էին Ալեքսանդր եւ Հայկ Սարգսյանները: Երեկոյան երրորդ նախագահի եղբայրը տեղափոխվեց ԱԱԾ, որտեղ հարցաքննություն եւ առերեսում անցնելուց հետո ազատ արձակվեց: Այս դրվագին դեռ կանդրադառնանք:

Մինչ այդ նշենք, որ հուլիսի 4-ին Հայկ Սարգսյանն էլ զուգահեռաբար տեղափոխվեց քննչական կոմիտե, որտեղ քննվում էր սպանության փորձի վերաբերյալ գործը: Հուլիսի 11-ին դատարանը որոշեց կալանավորել նրան, բայց երկու ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, չնայած կալանքը երկարացվեց, երրորդ նախագահի եղբորորդին 50 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց: Հայկ Սարգսյանի կողմից սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու քրգործն այժմ քննվում է դատարանում (լուսանկարում):  

l-9F8UaTFSCa.jpg (64 KB)

Վերադառնալով Ալեքսանդր Սարգսյանին՝ նշենք, որ հուլիսի 5-ին ԱԱԾ-ն մանրամասներ ներկայացրեց նրա եւ կրտսեր որդու՝ Նարեկի մասնակցությամբ դրվագների մասին: Ծառայությունը երեւանյան բնակարաններից մեկում հայտնաբերել էր առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ զենքեր, պարզվել էր, որ բնակարանը պատկանում է Նարեկ Սարգսյանին: ԱԱԾ-ն բերման էր ենթարկել վերջինիս երկու մտերիմներին, որոնց մոտից եւս հայտնաբերվել էին զենք ու թմրամիջոցներ: Խուզարկվել էին նաեւ Ն. Սարգսյանին պատկանող այլ տարածքներ ու թանկարժեք մեքենաներ, տարածքներից մեկում հայտնաբերվել էր թմրամիջոցի նմանվող նյութերով լի տարա՝ գործածման պիտույքներով: Պարզվել էր նաեւ, որ Նարեկ Սարգսյանը իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հունիսի 22-ին, իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով: ԱԱԾ-ն այս երկուսին ներգրավել էր որպես մեղադրյալ ու հայտարարել հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Ավելի ուշ՝ հուլիսի 10-ին, Արտեմ Պետրոսյանը վերադարձել էր Հայաստան ու կալանավորվել: 2018 թ. դեկտեմբերի 6-ին էլ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հայտնաբերվել էր Նարեկ Սարգսյանը, ով ներկայացել էր իբրեւ Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալես: Սրանից մեկ տարի անց՝ 2019-ի դեկտեմբերի 21-ին, Ն. Սարգսյանը հայ-չեխական իրավական համագործակցության արդյունքում Չեխիայից տեղափոխվեց Հայաստան, իսկ ամսի 23-ին կալանավորվեց:

Թմրամիջոցների ու զենք-զինամթերքի դրվագներից զատ՝ կա եւս մի դրվագ, որում սկզբնապես շոշափվում էր Նարեկ Սարգսյանի անունը, սակայն այժմ դրա առթիվ հարուցված քրգործով մեղադրյալ է Ալեքսանդր Սարգսյանը: Դրվագի մասին հանրությունն իմացավ 2018-ի հուլիսի 5-ին, երբ ԱԱԾ-ն մանրամասներ ներկայացրեց նախորդ օրը Սարգսյանների բնակարանում կատարած խուզարկության եւ Ա. Սարգսյանին ծառայությունում հարցաքննելու ու առերեսելու վերաբերյալ:

«ԱԱԾ-ում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռեւս 2013 թ. Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները՝ խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել եւ, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել նկարները»,- հայտնել էր ԱԱԾ-ն՝ հավելելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

Գործի շրջանակներում 2018 թ. հուլիսի 4-ին խուզարկություն էր կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել էին նկարները: Խուզարկության ընթացքում Ա. Սարգսյանը, հայտնել էր, թե նկարները գնվել են իր կողմից: Ինչպես ասվեց, նույն օրը երեկոյան, նա տեղափոխվել էր ԱԱԾ, որտեղ հարցաքննվել էր գործարքի հանգամանքների շուրջ: Բացի դրանից՝ երրորդ նախագահի եղբայրը առերեսվել էր հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել էր, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է ոչ թե Ալեքսանդր, այլ Նարեկ Սարգսյանը:

301813036804_1280_1024_T7Tz4B8y2wI8l357.jpg (119 KB)

2018-ի սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ա. Սարգսյանը ընդամենը մեկ բանկում ունի 30 մլն դոլար գումար, որը կալանքի տակ է: «Հետքը» գլխավոր դատախազությունից տեղեկացել էր, որ Սերժ Սարգսյանի եղբոր գույքի վրա կալանք է դրվել դեռ հուլիսի 9-ին: Փաշինյանի հայտարարությանն արձագանքեց Ա. Սարգսյանը՝ շեշտելով, թե վարչապետը նման հայտարարությունից առաջ նախ պիտի նշեր, որ այդ գումարների անօրինական ձեռքբերումը հաստատվել է օրենքով սահմանված կարգով, եւ որ դրանք հափշտակվել են պետբյուջեից:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով եւ փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները,- հայտարարել էր Ալեքսանդր Սարգսյանը՝ ավելացնելով,- 1985-1995 թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում եւ ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը... Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաեւ, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի եւ տնտեսության զարգացման հարցում, միաժամանակ երկար տարիների ընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ եմ ստացել, որոնք կազմում եմ իմ բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը, իսկ մյուս զգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող (ոչ թե 50 %) ընկերությունների գործունեությունից տարիներ շարունակ ստացված եւ ՀՀ հարկային մարմիններ ներկայացված հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին... ՀՀ-ում իրական օրինականություն հաստատվելու դեպքում պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել ՀՀ-ին՝ իմ նախընտրած ոլորտը զարգացնելու եւ իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»:

Այս հայտարարությունից շատ չանցած երրորդ նախագահի եղբայրը, այդուհանդերձ, միլիոնավոր դոլարներ փոխանցեց պետությանը, մի մասը՝ իբրեւ հարկային պարտավորություն, մնացածը՝ նվիրատվություն: Այսպես՝ 2019-ի փետրվարի վերջին ԱԱԾ-ն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ պետբյուջե է փոխանցել 3.165.448.706 դրամ (6,6 մլն դոլար- հեղ.), ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 դոլար գումար: Ըստ ԱԱԾ-ի՝ փոխանցումները կատարվել են բանկային եղանակով:

«Դեռեւս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, եւ առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը եւս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը»,- տեղեկացրել էր ԱԱԾ-ն:

Ա. Սարգսյանը, որի նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրվել է չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը, վերջերս դատական կարգով բողոքարկել էր ԱԱԾ-ի կողմից ոչ թե մեղադրանքի ծավալով, այլ իր ամբողջ գույքի վրա կալանք դնելու որոշումը: Դատարանը բավարարել է բողոքը:  

301813034213_1280_1024_GnZnvW_NkJJPuI_C.jpg (97 KB)

Սերժ Սարգսյանի եղբոր անունն առնչություն ունի եւս մի քրգործի հետ, որում ներգրավված է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Քննչական կոմիտեն այս տարվա սեպտեմբերին հայտնեց, որ Գասպարյանը, 1997-2010 թթ. լինելով ՊՆ ռազմական ոստիկանության պետ, իսկ 2010-2011 թթ. ՊՆ փոխնախարար, տեղյակ է եղել, որ ՊՆ զորամասի 3 զինծառայող համապատասխանաբար 2001, 2004 եւ 2009 թվականներից հրամանագրված են եղել որպես ռազմական ոստիկան, սակայն ծառայության չեն ներկայացել, փոխարենը նրանցից մեկը աշխատել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայր Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ միջնեկ եղբայր Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահ (Ս. Սարգսյանը 2000-2007 թթ. պաշտպանության նախարարն էր, 2007-2008 թթ.՝ ՀՀ վարչապետը, 2008-2018 թթ.՝ ՀՀ նախագահը): Ըստ ՔԿ-ի՝ Վ. Գասպարյանը, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, Սարգսյանների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, թույլ է տվել նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից  չբխող աշխատանքներ: Քրգործի տվյալներով՝ երրորդ նախագահի եղբայրներին սպասարկող զինծառայողներին պետբյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: Գասպարյանը մեղադրվում է ՔՕ 375-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել, պատժվում են ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնեց, որ նախաքննության ընթացքում Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով (շուրջ 114 հազ. դոլար- հեղ.), վերականգնվել է Գասպարյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը: Ստացվում է, որ չնայած Սերժ Սարգսյանի եղբոր ամբողջ գույքը 2018-ի հուլիսից եղել է կալանքի տակ, նա 114 հազար դոլարի չափ վճարումներ է կատարել ուրիշների համար:

Ալեքսանդր Սարգսյանը շուրջ 2 մլն դոլարով վաճառել է ամերիկյան առանձնատունը

Մինչեւ ՔԿ-ն այս տարվա սեպտեմբերին կհայտարարեր Վ. Գասպարյանի դեմ մեղադրանքի եւ Ա. Սարգսյանի կողմից վնասի վերականգնման մասին, վերջինս վաճառել է Լոս Անջելեսի իր առանձատունը:

301813035023_1280_1024_zEOwbrZYYnODOuS0.jpg (108 KB)

Ինչպես վերը նշեցինք, Ալեքսանդր Սարգսյանը 2005-ին տունը ձեռք էր բերել որպես միանձնյա սեփականություն: Այդուհանդերձ, ըստ փաստաթղթերի, 2019 թ. հունիսի 19-ին նրա կինը՝ Ավրիգա Սարգսյանը, առանձնատունը փոխանցել է ամուսնուն: Փաստաթղթերում որեւէ նշում չկա, որ մինչ այդ գույքն անցել էր տիկնոջը, սակայն չի բացառվում, որ 2018 թ. իշխանափոխությունից եւ որդիների հետ քրեական գործերի մեջ հայտնվելուց հետո երրորդ նախագահի եղբայրը ամերիկյան թանկարժեք գույքը հանձներ կնոջը:

301813037908_1280_1024_khDBfVt-TVaYqKZ7.jpg (135 KB)

Փաստն այն է, որ հունիսի 19-ին կնոջից տունն ընդունելուց հետո՝ նույն օրը, Ալեքսանդր Սարգսյանը 2.040.000 դոլարով գույքն օտարել է Ուայլդմենների ընտանիքին (Pierre Wildman, Jennifer Jeanne Wylie Wildman, The Wildman & Wylie Family Trust): Վերջիններս, ի տարբերություն Սարգսյանի, 1.075.000 դոլարի վարկ են վերցրել՝ տունը գնելու համար:

301813034146_1280_1024_mCHv.jpg (148 KB)

Գույքն օտարելուց հետո՝ հուլիսի 11-ին, Ա. Սարգսյանն ամբողջությամբ մարել է դեռ 2006-ին «World Savings Bank»-ից վերցրած 750.000 դոլարի վարկը:

301813037698_1280_1024_Ejf_x_l1lL4Dfas_.jpg (107 KB)

Ըստ հարկային տվյալների՝ 2019 թ. առանձնատունը գնահատվել է 2.620.000 դոլար, որից 1.545.000 դոլարը՝ հողի արժեքը, իսկ 1.075.000-ը՝ առանձատան: Գնահատված արժեքից հաշվարկվել է 31.472 դոլար անշարժ գույքի հարկ: Չնայած դրան՝ երրորդ նախագահի եղբայրն իր տունը վաճառքի էր հանել 2.149.000 դոլարով, սակայն գործարքը կայացել է 109.000 դոլարով ավելի էժան: Վաճառողը եղել է անշարժ գույքի հայ գործակալ Անդրանիկ Հայրապետյանը (Antranik Hairabedian):        

Մեկնաբանություններ (2)

Զոհրաբ Հովհաննիսյան
Դու այդ երկու միլլիոնը և քո մոտ եղած հիսուն միլլիոն գումարը կփոխանցես <<Գյումրին առանց տնակների>> հիմնադրամի հաշվեհամարի վրա ու կգաս Գյուրու ԴԱՏԱՐԱՆ ես դատավորի և լրատվամիջոցների ներկայությամբ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ ՌՈւՍԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ տնտեսական ցուցանիշներով ԱՊԱՑՈՒՑԵԼ որ դու ՉԷԻՐ ԿԱՐՈՂ ՀԻՍՈՒՆ ՄԻԼԼԻՈՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒՆԵՆԱԼ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ և ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ:
Aram Tadevosyan
Very good journalism ,thank you

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter