HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյան. «Նախագծի հիմնական մեսիջն է` չծառայող մարդ չի լինելու»

«Հետք»-ի հարցերին պատասխանել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ձեր համահեղինակած նախագծով զորակոչից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց համար լուծում եք առաջարկում, դրանով որքանո՞վ է լուծվում սոցիալական արդարության հարցը: Նախկինում երբ երկարացվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը, միշտ սոցիալական արդարության հարցն էր առաջ քաշվում:

-Սա այն նախագիծը չէ, որ Հայկ Սարգսյանն է ներկայացրել, Հայկ Սարգսյանի նախագծում կան մի շարք գաղափարներ, որոնք կարող են քննարկվել: Պաշտպանության նախարարությունը բնականաբար դեմ է այդ նախագծին, մեր հանձնաժողովում այն չի քննարկվել: Ինչ վերաբերում է 27 տարին լրացածներին, ապա այն նախաձեռնությունը, որի հեղինակներից եմ նաև ես, այդ իրավակարգավորումներով, ըստ էության´ հնարավորություն ենք տալիս 27 տարին լրացած երիտասարդներին տարբեր ձևաչափերով մասնակցություն ունենալ մեր ԶՈԻ-ի հետագա զարգացումներում: Իրենց վճարած գումարն ուղղվելու է առաջնագծի կառուցվածքի փոփոխությանը, որտեղ շատ բարձր աշխատավարձով պայմանագրային զինծառայողները կլրացնեն վերջիններիս չծառայած լինելու հատվածը` այդ կերպ լուծելով նաև առաջնագծի խնդիրը:

Նախագիծը Մխիթար Հայրապետյանը (նախագծի համահեղինակը, հեղ.) շրջանառությունից հանել է, կարծում եմ հունվարից հետո կրկին շրջանառության մեջ կլինի` ամբողջացնելով բոլոր տեսակետները, որ այս ընթացքում հնչել են:

Նախագծի հիմնական մեսիջն է` չծառայող մարդ չի լինելու, իսկ ծառայել չի նշանակում գնալ անմիջապես սահմանին` դիրքերում կանգնել: Հնարավոր է արտերկրում հայտնված մեր երիտասարդներից շատերը մասնագիտական առումով` օրինակ ռոբոտաշինության ոլորտում հաջողությունների հասած, իրենց նպաստը բերեն ռազմաարդյունաբերության մեջ: Ամբողջ ինտելեկտը պետք է ծառայի առաջնագծին, մեր անվտանգության համակարգին: Առաջին հերթին ինտելեկտ ու սպառազինություն, վաղվա բանակները այդպիսին են:

-Քանի որ խոսեցիք Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծի մասին, որով նա առաջարկում է զինծառայությունը դարձնել մեկ ամիս` համապատասխան տուրքի դիմաց, Ձեզ համար ընդունելի ու համոզի՞չ են նախագծի հիմնավորումները: 

-Պատգամավորն ազատ է օրենսդրական նախաձեռնության մեջ, բայց մեր խմբակցությունում այդ նախագիծը չի քննարկվել: Դա օրինագիծ է մեկ պատգամավորի կողմից ներկայացված, իմ վերջին հարցազրույցներում ասել եմ, որ այդ օրինագծում մի շարք հետաքրքիր գաղափարներ տեսել եմ, օրինակ` ռեզերվիստների պատրաստումը: Վերջին հաշվով կան մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, բայց նրանք էլ չէ՞ երկրի համար ռեսուրս, այդ ռեսուրսը պատրաստություն պետք է անցնի` իրենց առողջական խնդիրներին համապատասխան: Պարզապես այդ ամենը պետք է տեսակավորել, և դնել ճիշտ իրավական հենքի վրա:

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած նախագիծը քաղաքական մեծամասնության մերժեց` պատճառաբանելով, որ չեն ցանկանում քաղաքացիական անձինք ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակվելիս բարձրագույն զինվորական կոչում ստանան, այս մոտեցումը որքանո՞վ է ընդունելի Ձեզ համար։ Բարձրագույն զինվորական կոչման արժանացած ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքական հայտարարարություններով է հանդես գալիս, նախկին ոստիկանապետն ըստ մամուլի հրապարակումների՝ թիկնազորի պետ է աշխատում ռուսաստանաբնակ հայ օլիգարխի մոտ, սա Ձեզ համար ընդունելի՞ է:

-Ես զուգահեռ չեմ տանի, բայց երբ որևէ մեկին նշանակում ես բարձրագույն զինվորական պաշտոնում, պետք է  վերջինիս պաշտոնը կոչմանը համապատասխանի: Պատկերացնո՞ւմ եք մայորին նշանակես ԱԱԾ տնօրեն, ու նա ղեկավարի բազմաթիվ գեներալների, պաշտոնն ու կոչումը պետք է համապատասխանեն իրար: Պարոն Փաշինյանը իրացրել է իր իրավունքը, նշանակել և շնորհել կոչում: Դա չի նշանակում սակայն, որ պաշտոնից հեռացվելուց հետո մարդը պետք է զբաղվի իր նախկին ծառայութան հետ աղերս չունեցող գործողություններով, ինչպես օրինակ տարբեր տեակետներ են հնչում պարոն Վանեցյանի քաղաքական գործունեության վերաբերյալ, ես դա անընդունելի եմ համարում: ԱԱԾ պետերը աննկատ նշանակվում և աննկատ հեռանում են, դա էդպես պետք  է լինի:

Ձեզ համար ընդունելի՞ է այն, որ Հայաստանի գեներալը թիկնազորի պետ է աշխատում:

-Ես կուզենամ, որ Հայաստանի գեներալները ստանան այնպիսի թոշակ, որ ոչ մի թիկնազոր էլ չաշխատի, մնա հենց այդ կարգավիճակում, բայց կյանքն այլ է: Ես որևէ բարոյական իրավունք չունեմ մեղադրել այլ աշխատանք գտնելու համար: Ես շատ կուզենայի, որ մեր բարձրաստիճան զինվորականները ունենային այնպիսի սոցիալական փաթեթ, որ իրենց համար խնդիրներ չլինեն:

Քանի որ խոսեցիք սոցիալական փաթեթի մասին, ինչո՞ւ ձեռնպահ քվեարկեցիք Լուսավոր Հայաստան խմբակցության նախագծին, որով առաջարկվում էր հատուցում տրամադրել նաև երրորդ աստիճանի հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին:

-Մենք հուսով ենք, որ կվերադառնանք այդ հարցին կառավարության կողմից որոշակի շտկումներ կատարելուց հետո: Մենք քննարկում ունեցել ենք  զինվորականության հետ, նաև նախագահի նստավայրում է քննարկում եղել, լուծումներ ենք փնտրում: Կարծում ենք որոշակի շտկումներից հետո կգտնենք  համապարփակ լուծում, որ երրորդ կարգի հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողները նույնպես ներառվեն սոցիալական փաթեթում:

Լուսանկարը` Անի Սարգսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter