HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեգորիաներով վիրավորանքներ, սանկցիաների չարաշահման մեղադրանքներ. ԱԺ հերթական նիստը վիճաբանությամբ սկսվեց

Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքներն այսօր սկսվեցին Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի տապալման քննարկմամբ ու վիճաբանությամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեղադրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին քվեարկության տապալման մեջ:

«Սահմանադրության 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ նախագահն ապահովում է ԱԺ-ի բնականոն գործունեությունը, ես ուզում եմ Ձեզ հարց ուղղել` ինչու՞ չեք ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը՝ կապված այն իրավիճակի հետ, որ ԱԺ-ի մեկ քառորդի ստորագրություններն են հավաքվել, և հանձնաժողովը չի կարող գործել: Իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը չունի կազմ, խորհրդարանի ցանկացած հանձնաժողով չի գործում, նշանակում է խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում, նշանակում է խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել բնականոն գործունեությունը: Ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովել»,- Մարուքյանը դիմեց Արարատ Միրզոյանին:

«Պարոն Էդմոն Մարուքյան, ես Ձեր օգնության կարիքը բնավ չունեմ, կարծում եմ՝ որպես փորձված իրավաբան պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահը քննարկվող հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակում ինչ պարտավոր էր ու կարող էր անել, արել է, մնացյալը` թիվը հաստատելու վերաբերյալ, ԱԺ-ի որոշման նախագիծը քվեարկվում է լիագումար նիստի ընթացքում: Պատգամավորներն իրենց քվեարկության մեջ ազատ են, կարող են քվեարկել ազատ, մեղադրել ԱԺ նախագահին քվեարկությունների արդյունքի մեջ՝ նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը»,-արձագանքեց Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը չի կարող գործել, քանի որ հանձնաժողովի կազմի ձևավորման քվեարկությունը տապալվեց: Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս թեմային անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ իշխող ուժը քաղաքական որոշում է կայացրել գնալ իրավական ճանապարհով, իսկ իրավական ճանապարհը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության իրավական վերլուծությունն է, ըստ որի՝ խորհրդարանը չի կարող Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել:

«Երեկ հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ քաղաքական որոշմամբ եք տապալել հանձնաժողովի ձևավորումը, բայց հիմա ինձ պատասխանում եք, որ պատգամավորներն ազատ են քվեարկել: Քվեարկության որոշու՞մ է եղել, թե ազատ եք քվեարկել»,-շարունակեց Մարուքյանը:

Արարատ Միրզոյանն արձագանքեց` Մարուքյանը հավանաբար լավ չի հասկացել վարչապետի խոսքերը:

«Թիմի քաղաքական կամքը եղել է օժանդակել այդ քննությանը, մենք քաղաքական կամք ենք ունեցել գնալ մինչև վերջ: Ուրիշ բան էր ասում վարչապետը, ասում էր՝ ընթացքում պարզվեց, որ իրավական խնդիրներ կան այդ հանձնաժողովի գործունեության մեջ: Դուք սխալ եք հասկացել»,- ասաց ԱԺ խոսնակը:

Մարուքյանը կոչ արեց Միրզոյանին մնալ կոռեկտության շրջանակներում:

«Երեկվա վիրավորանքների` ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար պետք է ներողություն խնդրեք: Մենք ամեն ինչ հասկացել ենք, երևի Դուք չեք կարողացել գիտակցել Ձեր դերը այս խնդիրը լուծելու համար: Դուք պիտի ապահովեիք հանձնաժողովի ձևավորման պրոցեսը, Դուք եք բնականոն գործունեության պատասխանատուն: Դուք 3 օր ժամանակ ունեիք փաստաթղթերն իրավական վերլուծության ենթարկելու և նոր հայտարարելու հանձնաժողովի ստեղծման մասին: Դուք ստուգել եք փաստաթղթերը և հայտարարել եք հանձնաժողովի ստեղծման մասին, որից հետո Երևանի քաղաքապետարանի ինչ-որ իրավաբաններ ասում են՝ դուք իրավունք չունեք: ԱԺ-ն իջեցնում եք Երևանի ավագանուց ցածր մակարդակի, իրենք են որոշում՝ ԱԺ-ն ինչ իրավունք ունի, ինչ չունի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Միրզոյանն արձագանքեց` ըստ «ԱԺ կանոնակարգ-օրենքի», եթե պատգամավորների անհրաժեշտ թվով ստորագրություններն առկա են, և մի քանի այլ տեխնիկական բաղադրիչ ապահովված է, ԱԺ նախագահը հայտարարում է քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին:

«Այլ իրավասություն ԱԺ նախագահը չունի, ԱԺ նախագահը չի կարող իր հայեցողությամբ որոշել` սահմանադրակա՞ն է այն, սահմանադրական չէ, իրավաչա՞փ է, իրավաչափ չէ, չունի նման լիազորություն»,- ասաց Միրզոյանը:

Մարուքյանի խոսքին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որն էլ Մարուքյանի նշած վիրավորական համեմատության հեղինակն էր:

«Հերթական անգամ խոսքս նենգափոխվեց այն քաղաքական ուժի ղեկավարի կողմից, ում ներկայացուցիչը մեկ այլ պատգամավորի ասեց՝ դուք շատ փոքր մարդ եք: Իմ խոսքը եղել է ալեգորիկ, ձիու հետ համեմատությունը խոսք է հանրահայտ, ինչպես խոսք է WatchDog-ը՝ ընդդիմությունը պահապան շուն է, կամ ԱԺ-ն` օրենսդիր մարմինը: Էնպես որ պետք չէ շատ խորը վիրավորվել»,- ասաց Համազասպ Դանիելյանը` հավելելով, որ այդ խոսքն ուղղված է եղել կոնկրետ մարդու, պետք չէ տարածել ամբողջ ընդդիմության վրա:

Տեղից սկսեց խոսել Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը նկատողություն տվեց Մարուքյանին, երբ վերջինս ընդհատում էր Ռուբեն Ռուբինյանի ելույթը: Այս նկատողությունը Մարուքյանը բնութագրեց ԱԺ նախագահի լիազորությունների չարաշահում: Ըստ Մարուքյանի՝ ԱԺ նախագահը միակողմանի է սանկցիաներ կիրառում:

«Դուք երեկ հայտարարում էիք, որ միակողմանի նախազգուշացում եմ Ձեզ տվել, պարոն Մարուքյան, հանուն արդարության… Երբ Դուք խոսում էիք, և գուցե այնքան էլ ականջահաճո չէր պարոն Ռուբինյանի համար, բայց նա ուշադիր Ձեզ լսում էր: Երբ ի պատասխան պարոն Ռուբինյանն էր խոսում, Դուք էդտեղից իջաք, կանգնեցիք էստեղ և սկսեցիք զուգահեռ խոսել, գոռալ և խանգարել պարոն Ռուբինյանի խոսքը: Ես` որպես նախագահ, ով պարտավոր է ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը, այդ արարքի համար Ձեզ հայտարարեցի նախազգուշացում: Դուք ինձ մեղադրեցիք միակողմանի լինելու մեջ, բայց կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խիստ անարդար կլիներ, եթե նույն դրվագի համար պարոն Ռուբինյանին էլ նախազգուշացում հայտարարեի»,- ասաց Միրզոյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ առաջարկեց հստակեցնել խաղի կանոններրը:

«Մեր ձևակերպումներն ինչի՞ ալեգորիաներ չեք ընկալում: Ես կարծում եմ՝ միասին պիտի մշակենք փոխադարձ էթիկայի կանոններ, ես այլևս չեմ պատրաստվում հանդուժել որոշ պատգամավորների անձնապես իմ հասցեին հնչած վիրավորանքները: Որոշների վերաբերյալ մտադիր եմ սկսել իրավական գործընթաց, ես անվտանգության ռիսկեր եմ տեսնում իմ անձի համար»,- ասաց Զոհրաբյանը: Արարատ Միրզոյանն արձագանքեց` լավ կլինի խաղի կանոնները պահպանեն բոլորը, այդ թվում` առաջարկողները:

Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի կիրառած սանկցիաներին, ասաց, որ համոզվել են՝ վերջինս անաչառ արբիտր չէ, ոչ թե ամբողջ խորհրդարանի նախագահն է, այլ միայն «Իմ քայլը» խմբակցության:

«ԱԺ նախագահն օգտվում է կանոնակարգ-օրենքից այնպես, ինչպես երբեք որևէ մեկը չի օգտվել: Ցանկացած սանկցիա, որ այդտեղ նշված է, բացառիկ միջոցներ են, դրանք չեն կարող ամեն օր կիրառվել, և դրանք ինքնահաստատման մեթոդներ չեն ինչ-որ մեկի համար: Դուք նպաստել եք ընդդիմության իրավունքների խախտմանը: Ինչ վերաբերում է վիրավորանքներին, ալեգորիաներով էնպիսի վիրավորանքներ կարող ենք տալ, որ տակից չեն կարող դուրս գալ: Բա Դուք էդտեղ նստած եք, պարոն Միրզոյան, մարդը ալեգորիայով վիրավորում է, էդ մարդն իրեն ու՞մ տեղն է դրել»,- ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ ասաց՝ եթե խոսեն ալեգորիաներով, կարող են անգլիական ասացվածքներից վերադառնալ հայկական ասացվածքներին:

«Որտեղ ասվում է՝ խոզի գլուխը դնում ես խալու վրա, գլորվում, ընկնում է ցեխը, եկեք մնանք կոռեկտության մեջ, ալեգորիաները շատ են»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ այս ամենը տեղի էր ունենում «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի խախտմամբ: Պատգամավորները վարման կարգով խոսք էին խնդրում նախագծերի քվեարկությունից առաջ, իսկ վարման կարգով քվեարկությունից առաջ պատգամավորները կարող են խոսել քվեարկվող նախագծի վերաբերյալ` հայտնելով, թե ինչպիսի քվեարկություն են կատարելու և ինչու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter