HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դպրոցի տնօրենների ընտրության ոդիսականը Արմավիրի մարզում

Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների 2019թ-ին տեղի ունեցած տնօրենի ընտրությունները բուռն ընթացք են ունեցելԴպրոցների մի մասում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, դասադուլներ: Թեկնածուները դժգոհում էին ոչ միայն ընտրության կարգից, այլև՝ դպրոցների կառավարման խորհուրդների ուղղորդվածությունից, մարզային իշխանությունների կոպիտ միջամտություններից:

2019թ.-ին մարզի դպրոցներից 31-ում տեղի են ունեցել դպրոցների տնօրենների ընտրություններ: 10 դպրոցում տնօրեն են ընտրել՝ նախկին տնօրենի 65-ամյակը լրանալու հիմքով, 14-ում՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու և 6-ում՝ տնօրենի աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու հիմքերով:

Այն դպրոցներում, որտեղ ընտրություններն անցել են բողոքի ակցիաներով, հիմնականում կառավարման խորհուրդների նախագահները եղել են Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները:

Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն դպրոցի խորհուրդն այդպես էլ չկարողացավ ընտրել և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկով մարզպետն աշխատանքային պայմանագիր կնքեց թեկնածուներից Գոհար Գասպարյանի հետ:

Նշենք, որ այս դպրոցում ակնհայտ շահերի բախում կար: Խորհրդի անդամներից մեկը Արմավիրի փոխքաղաքապետ Խաչատուր Մկրտչյանն էր, իսկ հարսը՝ Օքսանա Պետրոսյանը, խորհրդի անդամ էր ծնողական կոմիտեի կողմից: Սակայն, տեղեկանալով, որ պաշտոնյա սկեսրայրը ճնշում է գործադրում Օքսանայի վրա, ծնողական կոմիտեն որոշել էր հետ կանչել նրան կառավարման խորհրդից:

Դպրոցի տնօրենի երկրորդ ընտրության ժամանակ Օքսանա Պետրոսյանի ինքնազգացողությունն իբր վատացել էր ու նա, չմասնակցելով քվեարկությանը, տնօրեն չընտրվեցև թեկնածուների գործերը փոխանցվեցին փոխվարչապետին, որի առաջարկով էլ տնօրեն նշանակվեց նույն դպրոցի փոխտնօրեն Գոհար Գասպարյանը: Իսկ մինչ այդ, բողոքի ակցիաներ ու ցույցեր էին կազմակերպում դպրոցի աշակերտները, նրանց ծնողները՝ բարձրաձայնելով մարզպետարանի պաշտոնյաների կողմնակալության մասին:

Թեկնածուներից Մաշա Իվանյանը, ով քվեարկությունների ժամանակ ամենաշատ ձայներն էր հավաքել, սակայն կառավարման խորհրդի պետական մարմինների ներկայացուցիչների կողմից չընտրվեց, դատական գործընթաց է սկսել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեմ:

Նշենք, որ այս դպրոցի կառավարման խորհրդի նախագահը մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Հարությունյանն է:

Հարթ չի անցել նաև Էջմիածնի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունը: Մամուլը գրել էր, որ մարզպետարանի պաշտոնյաները շահագրգռված էին, որպեսզի տնօրեն ընտրվի Գրետա Ներսիսյանը, թեև ծնողների և դպրոցի անձնակազմի վստահությունը վայելում էր այլ թեկնածու: Այս դպրոցի հարցը ևս լուծվել է փոխվարչապետի մակարդակով և ինչպես նախապես բարձրաձայնվել էր, մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել էր հենց Գրետա Ներսիսյանին:

Նշենք, որ Գրետա Ներսիսյանը թեկնածու է եղել նաև Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցում: Այնտեղ չի ընտրվել և նույն պաշտոնին արժանացել է արդեն 3-րդ դպրոցում:

Մոտ մեկ ամիս բողոքի ակցիաներ էին կազմակերպվում նաև Վաղարշապատի թիվ 8 հիմնական դպրոցում: Ծնողների և ուսուցիչների ճնշման տակ օրեր առաջ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը: Նա Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենն էր և աշխատանքից ազատվել էր դարձյալ այդ գյուղի դպրոցի աշակերտների, ծնողների բողոքի ակցիաների արդյունքում:

Շուշանիկ Ոսկանյանին ամեն կերպ ցանկացել են տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնում: Նա 2019թ.-ին դպրոցի տնօրենի թեկնածու է եղել Մերձավանի, Դաշտի, Հովտամեջի միջնակարգ դպրոցներում, Վաղարշապատի թիվ 3 հիմնական դպրոցում: Այս դեպքում ևս Շուշանիկ Ոսկանյանը տնօրեն է նշանակվել փոխվարչապետի առաջարկով:

«Հետք»-ը Գլխավոր դատախազությունից տեղեկացել էր, որ Բաղրամյան գյուղի դպրոցի մասով երկու քրեական գործ է եղել հարուցված: Առաջինում մեղադրյալի կարգավիճակ ունի այդ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը: Նրան մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 311 և 312-րդ հոդվածների առաջին մասերով, այն է՝ կաշառք ստանալը և կաշառք տալը: Գործը նախաքննության փուլում է, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Մի գործ էլ հարուցվել է 26.01.2019թ.-ին, 308-ի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-ի 1-ին մասով(պաշտոնեական կեղծիքը), միացվել է առաջին գործին, կատարվում է նախաքննություն:

Թե՛ Վաղարշապատի թիվ 3, թե՛ թիվ 8 հիմնական դպրոցներում կառավարման խորհրդի նախագահը եղել է մարզպետի խորհրդական, ՀՀԿ նախկին անդամ Նվեր Պետրոսյանը:

Ուշագրավն այն է, որ փոխվարչապետը վերը նշված երեք դեպքերում դպրոցի տնօրենի պաշտոնում առաջարկել է այն թեկնածուին, ում «համակրել» է մարզպետարանը: Ստացվում է, որ փոխվարչապետի առաջարկությունը կրել է ձևական բնույթ: Առհասարակ, դպրոցի կառավարման խորհուրդների ձևավորման, տնօրենի ընտրության մրցույթների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է հին ու բարի ավանդույթը: Հաղթում է այն անձը, որը պաշտոնյաների շրջանում ունի ծանոթ-բարեկամ:

ԱԺ նախկին պատգամավոր, կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի տնօրենի ընտրության գործող կարգը վաղուց սպառել է իրեն, որովհետև այդ կարգը ծառայում էր իշխող քաղաքական ուժին:

Ըստ Ա. Բախշյանի՝ հեղափոխությունից հետո հայտարարվել է, որ այլևս ոչ մի ընտրության մեջ իշխող քաղաքական իշխանության ստվերը չի երևալու։ Նրա կարծիքով՝ այս հայտարարությունը կիրականանար, եթե արմատապես փոխվեին դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության գործող կարգերը։

Տիկին Բախշյանը նշում է, որ շատ հաճախ է ստացվում, որ տնօրենը, դպրոցի ենթակայությունից կախված, «ընտրվում է» փոխվարչապետի, նախարարի կամ Երևանի քաղաքապետի կողմից, որը ավելի, քան անհեթեթ արդյունքների է բերում և հարուցում մանկավարժների և համայնքի բնակիչների վրդովմունքը, ինչպես դա եղավ Վաղարշապատի թիվ 8 հիմնական դպրոցում։

«Այս դպրոցի տնօրենի մրցույթին դիմած երկու թեկնածուներն էլ եղել էին տնօրեններ, որոնցից երկուսի վրա էլ ընտրության օրը կային հարուցված քրեական գործեր, բայց նրանք համարձակվել էին դիմել, որովհետև սույն կարգով մրցույթին մասնակցելու համար հավակնորդից չի պահանջվում նման տեղեկանք»,-հավելում է Անահիտ Բախշյանը:

Նա հրատապ է համարում դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգի փոփոխությունը, որտեղ մասնավորապես պետք է բացառել խորհրդի կազմում տնօրենի հետ ցանկացած ազգակցական կապ ունեցող անդամի ներկայությունը։

Նշենք, որ տնօրենի ընտրության գործող կարգի համաձայն՝ հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:

«Փոխվարչապետը կամ մարզպետին է հարցնելու, թե ում նշանակի, որովհետև ինքը թեկնածուներին չի ճանաչումկամ թեկնածուների հովանավորներն են իրար հետ մրցելու, որը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն երևույթ»,- ավելացնում է Անահիտ Բախշյանը:

Ա. Բախշյանը կարծում է, որ Արմավիրի մարզպետն ու մարզպետարանը աշխատում են «լոյալ» լինել ու կառչել այս անտրամաբանական կարգի տառից, արդյունքում ստորադասվում է երեխաներին լավ կրթություն կազմակերպելու շահը, նրանք չեն նպաստում այն բանին, որ ընտրվի իսկապես կրթության ճիշտ կազմակերպիչ տնօրեն։ Նրանք չեն քարոզում, որպեսզի տնօրենի թեկնածուներ առաջադրվեն նոր մանկավարժներ, ովքեր ունեն հավաստագիր։ Այդպիսիք կան, սակայն չունեն վստահություն, որ արդար ընտրություն կկատարվի։ Չեն վստահում գործող խորհուրդներին։

«Նկատեմ, որ մեկ տարի առաջ ԿԳՍՄ հանրակրթության գծով փոխնախարարի կաբինետում աշխատանքային խումբն աշխատել է փոփոխությունների վրա, սակայն մինչ օրս դրանք Կառավարության կողմից չեն ընդունվել։ Միայն Արմավիրի մարզում չեն նման պատմությունները, ու դրանք կշարունակվեն, քանի դեռ այդ կարգերը հիմնովին չեն վերանայվել»,- ասում է Անահիտ Բախշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter