
Զորակոչից խուսափած անձինք 2019թ.-ին վճարել են ավելի քան 2 միլիարդ դրամ. գումարն ուղղվել է ռազմական կարիքներին
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի շրջանակներում 2019 թվականի ընթացքում բավարարվել են 955 քաղաքացիների դիմումներ, որոնց կողմից վճարվելիք գումարների չափը կազմել է 2 միլիարդ 290 միլիոն 720 հազար դրամ:
Այս մասին «Հետքը» տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր հարցման պատասխանից:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքը հնարավորություն էր ընձեռում 27 տարին լրացած (պահեստազորի դեպքում` 35), զորակոչից խուսափած անձանց վճարել համապատասխան պետական տուրքը, այդ տեղեկանքը ներկայացնել զինվորական դատախազություն, ինչից հետո ազատվելով քրեական հետապնդումից` անարգել մուտք գործել Հայաստան:
Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր օրինախախտի դեպքում վճարվելիք տուրքի չափը տարբեր է` պայմանավորված այն հանգամանքով, թե քանի զորակոչից է վերջինս խուսափել: Օրինակ, եթե քաղաքացին 9 տարի հետախուզման մեջ է եղել, ապա պարտավոր է վճարել ամսական նվազագույն աշխատավարձի (այս դեպքում այն հաշվարկվում է 1000 դրամ) 200-ապատիկի չափով գումար` 3 միլիոն 600 հազար դրամ (1000x200x18):
Պաշտպանության նախարարությունից նաև հիշեցրել են, որ այդ գումարները քաղաքացիների կողմից մուտքագրվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար` Կառավարության սահմանված կարգով:
Ընդգծենք, որ օրենքն իր ուժը կորցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, ինչն իր ազդեցությունն է ունեցել 2019-ին դիմումների կտրուկ աճի վրա:
Նախորդ տարվա մարտին` նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ միայն 2016-2017 թվականների ընթացքում 625 անձ 795 միլիոն դրամի չափով գումար է վճարել՝ խուսափած զորակոչերի համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել