HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչնաբան. այս տարի Հայաստանում ավելի շատ արագիլ է ձմեռել

Արարատի մարզի 10-ից ավելի գյուղերում արագիլների աղտոտման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով առայժմ կասկածյալներ չկան: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արամ Ավետիսյանի փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ քրգործը հարուցվել է նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին ՔՕ 284 հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելուն:

Հիշեցնենք, որ դեռեւս ամռանը բնապահպաններն ու թռչնաբանները բարձրաձայնել էին Արարատի մարզի 10-ից ավելի համայնքներում հայտնաբերված աղտոտված արագիլների մասին: Հուլիսի 20-ին Կենդանաբանության եւ հիդրոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը հայտնել էր, որ օրեր առաջ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են տարել արագիլի առանձյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ է եղել թռչել: Փետուրների արտաքին զննման արդյունքում բացահայտվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:

Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարարությունը «Հետքին» հայտնել էր, որ կեղտոտված արագիլների հայտնաբերվել են Արարատի մարզի 11 գյուղում, իսկ Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցներն Արարատյան դաշտում կատարած շրջայցերի արդյունքում նշել էին այդպիսի 20 գյուղ: Պարզվել էր, որ խնդիրն ավելի մեծ եւ ընդգրկում է Մասիսի, Արտաշատի ու Էջմիածնի տարածաշրջանները: Նույն ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը «Հետքի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը Հրազդան գետի աղտոտվածությունն է:

Նախարարությունը արագիլների ձմեռային հաշվառում չի կատարել

Դեռ նախորդ տարի Լ. Բալյանը «Հետքի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակի պատճառով արագիլների սերնդի որոշակի անկում է լինելու: Գիտաշխատողը նշել էր, որ ամեն տարի Հայաստանում ընդհանուր առմամբ 1000-1200 արագիլ է ձմեռում, եւ, հաշվի առնելով ամառվա զարգացումները, կարեւոր է լինելու 2020 թ. այդ թռչունների ձմեռային հաշվառումը:

Շրջակա միջավայրի նախարարությունը արագիլների ձմեռային հաշվառում չի կատարել: Այս մասին «Հետքին» հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ հավելելով, որ այդպիսի աշխատանք կատարել է թռչնաբան Կարեն Աղաբաբյանը:

Ինչո՞ւ են ավելի շատ արագիլներ ձմեռում Հայաստանում

Այս տարի, ըստ Կ. Աղաբաբյանի հաշվարկի, Հայաստանում ձմեռելու մնացել է 1024 արագիլ՝ նախորդ տարվա 958-ի փոխարեն: Թռչնաբանի փոխանցմամբ՝ ձմեռող արագիլների վրա կեղտոտ փետրավորման նշույլներ գրեթե չկան, ինչը, ըստ նրա, մասամբ կարող է պայմանավորված լինել փետրափոխմամբ:

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ այս եւ նախորդ տարվա ձմեռող արագիլների թվի տարբերությունն (66) էական չէ, սակայն եթե ավելի մեծ կտրվածքով դիտարկենք, 2006-ից սկսած ձմեռող արագիլների թիվն աճում է Հայաստանում: Դրա պատճառն այն է, որ թռնչաբուծարանների, ձկնաբուծարանների եւ աղբավայրերի թափոնները կայուն կերային բազա են արագիլների համար:

Ձկնաբուծարանները՝ արագիլների աղտոտման հավանական պատճառ

Թռչունների աղտոտման հավանական պատճառի մասին Աղաբաբյանն ասում է. «Ամենահավանական վարկածը հետեւյալն է. թառափ աճեցնող մեր ձկնաբուծարանները երբեմն խոշոր պատվեր ունենալու դեպքում ոչ թե կենդանի, այլ մաքրած ձուկ պետք է տեղափոխեն: Եվ իրենք թառափի ներքին օրգանները լցնում են ջրանցքը, որի ջուրը կանգ է առնում այն հատող առաջին իսկ խողովակի մոտ՝ առաջացնելով թափոններից բաղկացած ճահիճ: Իսկ այդ թափոնները կեր են դառնում արագիլների համար, որոնք իջնում են այդ ջրի մեջ սնվելու: Թառափն էլ յուղոտ ձուկ է, եւ ջրի մեջ այդ յուղը պատում է արագիլների փետուրները»:

Ըստ թռչնաբանի՝ իրենք եղել են ջրանցքի ճահճացած հատվածում, որից ավելի վերեւ ձկնաբուծարաններ կան: Տեղի բնակիչները մասնավոր զրույցներում հաստատել են, որ ձկնաբուծարաններն իրենց թափոնները լցնում են ջրանցքը:

Քրեական գործի մասին

Անդրադառնալով Արարատի մարզում արագիլների աղտոտման դեպքերի առթիվ հարուցված քրգործին՝ Կարեն Աղաբաբյանը նշում է, թե չի կարծում, որ պատճառը կբացահայտվի կամ հնարավոր կլինի ապացուցել, հատկապես երբ ամռանը հնարավոր չեղավ ապացուցել: Այդուհանդերձ, նկատում է, որ անգամ այդ պարագայում քրգործը դրական ազդեցություն ունի՝ հաշվի առնելով, որ ձկնաբուծարանները զգոն կդառնան թափոններ թողարկելիս, տեսչական մարմինն էլ ավելի զգոն կլինի նրանց նկատմամբ:

Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանն էլ ասում է, որ առանձնապես մեծ ակնկալիքներ չունի քրգործից՝ հաշվի առնելով, թե ինչպես է այն ընթանում: Բալյանը թերահավատ է, որ իրավապահները կկարողանան ինչ-որ արդյունք գրանցել, ու թերեւս կհայտարարեն, որ տվյալների կամ փաստերի բացակայության պատճառով չի հաջողվել գործը բացահայտել: Մեր զրուցակիցը նկատում է, որ եթե մինչեւ հիմա անգամ կասկածյալ չկա, ապա կա՛մ իրավապահներն են ուշ սկսել հավաքել փաստերը, կա՛մ պարզապես գործը բացահայտելու կամքն է բացակայում:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter