HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու Բարսեղ Բեգլարյանն առերեսվել են

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը «դիզվառելիքի» գործի նախաքննության ընթացքում առերեսվել են։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը։ Վերջինս չցանկացավ մանրամասնել, թե ինչ է հայտնել Կարապետյանը, միայն նշեց, որ նա Բարսեղ Բեգլարյանի ներկայությամբ առերես պնդել է իր՝ նախքան այդ տված ցուցմունքը, իսկ Բարսեղ Բեգլարյանը՝ հերքել։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանը, Սերգո Կարապետյանը, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու այլ նախկին պաշտոնյաններ անցնում են «դիզվառելիքի գործ» անունը ստացված քրեական գործով։ Ըստ այդ գործի՝  Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:

Գործն  ուղարկվել է դատարան, սակայն այս պահին դեռևս դատական նիստ նշանակված չէ։

Բարսեղ Բեգլարյանը մեղադրյալ է նաև մեկ այլ քրեական գործով։ Ըստ մեղադրանքի՝ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված ինքնիրավչության համար:

Այսօրվա դատական նիստի ընթացքում  պաշտպան Նիկոլայ Հակոբյանն, ով այս գործով ներկայացնում է երկու ամբաստանյալների շահերը, հայտնեց, որ Հրայր Հովսեփյանը ցանկացել է հատել Հայաստանի պետական սահմանը, սակայն Բագրատաշենի անցակետում ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել՝ թեև Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, դատարանի որոշմամբ վերացված է։

Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ համապատասխան գրություն կուղարկի ԱԱԾ։

Այսօրվա դատական նիստի մասին ծանուցում էր ստացել, սակայն չէր ներկայացել Բարսեղ Բեգլարյանի որդի Նարեկ Բեգլարյանը, ով գործով վկա է։ Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ, իր տեղեկություններով, որդին այլ զբաղվածություն է ունեցել։ Նա հայտնեց նաև, որ հավանաբար Բեգլարյանը ցուցմունք չի տա՝ օգտվելով իր իրավունքից։

Գործով վկա է նաև Բարսեղ Բեգլարյանի մյուս որդին՝ Հայկ Բեգլարյանը: Վերջինիս նույնպես ծանուցագիր է ուղարկվել դատարանից, սակայն դատարանը չի ստացել անդորրագիր նրա՝ ծանուցված լինելու վերաբերյալ։ Այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց մարտի 3-ին։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Լուսանկարում ձախից՝ Բարսեղ Բեգլարյանը, Սերգո Կարապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter