HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ակցիա Երեւանում՝ ի աջակցություն Ջուլիան Ասանժի

Երևանի Կասկադ համալիրում՝ Թամանյանի արձանի հարևանությամբ, այսօր ակցիա էր կազմակերպվել ի աջակցություն Վիկիլիքսի (WikiLeaks) հիմնադիր Ջուլիան Ասանժի, որը գտնվում է բրիտանական բանտում։

Ակցիայի կազմակերպիչները անցորդներին առաջարկում էին լուսանկարվել “Assange’s Freedom Is My Freedom” (Ասանժի ազատությունն իմ ազատությունն է) պաստառներով։

Ջուլիան Ասանժը լրագրող է, համացանցային ակտիվիստ, հայտնի է որպես Վիկիլիքսի հիմնադիր և գլխավոր խմբագիր։

Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ բանակի զինծառայող Չելսի Մենինգի հետ «համակարգչային հաքերության նպատակով համաձայնության» գալու եւ կառավարական գաղտնի ռազմական փաստաթղթերի եւ նամակագրության գողության ու հրապարակման համար: Դրանք վերաբերել են հիմնականում Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմական գործողություններին: ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով բրիտանական ոստիկանությունն 2019-ի ապրիլի 11-ին ձերբակալել էր նրան` Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ վերջին 7 տարիներին ապաստան էր գտել Ասանժը:

Երեւանյան ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր տեղի է ունենալու Ասանժի դատավարությունը, որի ընթացքում պետք է որոշվի՝ արտահանձնե՞լ Ասանժին ԱՄՆ-ին, թե ոչ։

«Այսօր աշխարհի մոտ 20 երկրներում ակցիաներ են լինելու, մարդիկ “Assange's Freedom Is My Freedom” պաստառներով լուսանկարվելու են, համապատասխան հեշթեգով տեղադրելու սոցկայքերում, որպես աջակցություն մենք ևս ուզում ենք մեր ներդրումն ունենալ, պաստառներ ենք տպել, անցորդներին հակիրճ ներկայացնում ենք իրավիճակը, պատմում Ասանժի մասին, ցանկացողները լուսանկարվում են պաստառով, հետո մենք դա տեղադրում ենք մեր ֆեյսբուքյան իվենթում»,- ասում է Լիլիթը։

Վիկիլիքսը գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպություն է։ Այն ստեղծվել է 2006-ին և կառավարվում է «Դը Սանշայն Փրես» ընկերության կողմից, փաստաթղթերը ձեռք է բերում անանուն աղբյուրներից համացանցային արտահոսքի միջոցով։ Մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում Վիկիլիքսը հրապարակել է ավելի քան 1.2 միլիոն փաստաթուղթ։

2019 թվականի մայիսի 1-ին Սաութվորքի դատարանի կողմից գրավով ազատ արձակվելու կարգը խախտելու համար Ասանժը դատապարտվեց 50 շաբաթվա ազատազրկման:

2019 թվականի մայիսի 23-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Ասանժին մեղադրանք առաջադրեց ևս 17 կետերով: Ներկայումս Ասանժը գտնվում է Բելմարշի բանտում։ Ասանժին սպառնում է ազատազրկում մինչև 175 տարի:

«Մարդկանց 90 տոկոսը անտեղյակ է, ստիպված ենք լինում ներկայացնել ամբողջ պատմությունը, բայց լավ է, որ դրանից հետո հետաքրքրվում են, ասում, որ համացանցում կկարդան նրա մասին, կհետևեն ընթաացքին, այսինքն՝ մեր ակցիան նաև ճանաչողական է»,- ասաց Լիլիթ Մարգարյանը։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter