HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին կալանավորելու նոր միջնորդություն է ներկայացրել դատարան

Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու 4-րդ միջնորդությունն է ներկայացրել դատարան։ Դրա վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրները, սակայն ՀՔԾ-ն վեր նշված տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս։ Այս պահին մեզ հայտնի չէ՝ ի՞նչն է հիմք հանդիսացել Հարությունյանին կալանավորելու նոր միջնորդություն ներկայացնելու համար, ՀՔԾ-ն չի հայտնում՝ Հարությունյանի մեղադրանքը լրացվե՞լ է արդյոք որևէ նոր հոդվածով կամ դրվագով։

Հետախուզման մեջ գտնվող Հարությունյանն օրեր առաջ Մոսկվայում ձերբակալվել էր, երեկ հայտնի դարձավ, որ նա  ազատ է արձակվել։ Ամենայն հավանականությամբ, կալանքի միջնորդությունը ներկայացվել է այն ժամանակ, երբ Հարությունյանը Մոսկվայում ձերբակալված է եղել։

Նշենք, որ շուրջ մեկուսկես տարի է՝ ՀՔԾ-ին չի հաջողվում Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում ստանալ։ Թեև երկու անգամ դատարանները որոշել են Հարությունյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց՝ այս որոշումները հետագայում բեկանվել են։

Հատկանշական է, որ Հարությունյանի կալանքը մերժելու վերջին որոշումը, որը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանն, առհասարակ չի բողոքարկվել։

Հիշեցնենք, որ  Հարությունյանը, ըստ մինչ այս պահը ՀՔԾ-ի կողմից հայտնած տեղեկությունների, մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter