
«Հետքին» արգելել են նկարահանում իրականացնել Աշտարակի բժշկական կենտրոնում
«Հետք»-ը մի քանի հոդված է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսին է վիճակը մարզերի հիվանդանոցներում, ինչքանով են դրանք պատրաստ կորոնավիրուսով վարակված հիվանդներ ընդունելու: Հրապարակված նյութերից մեկի ֆեյսբուքյան մեկնաբանություններում մի քաղաքացի խնդրում էր անդրադառնալ նաև Աշտարակի հիվանդանոցին:
«Մի հատ եկեք Աշտարակինը պալատներով, բանով նկարեք, խնդրում եմ։ Տոտալ խայտառակություն ա...»,-գրել էր քաղաքացին:
Այցելեցինք Աշտարակի հիվանդանոց՝ տեղում պարզելու իրավիճակը։ Հիվանդանոցի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կոպիտ տոնով ասաց, որ չի կարող մեզ ընդունել, քանի որ զբաղված է ավելի կարևոր գործերով: «Ես ձեզ չեմ ընդունելու, չեմ խոսելու»,-ասաց Ա. Հովհաննիսյանը և փակեց ընդունարանի դուռը: Հետո աշխատակցի միջոցով փոխանցեց, որ գնանք իր մոտ: Դարձյալ ընդունարանի մուտքի մոտ կանգնելով՝ ասաց, որ ընդամենը մեկ նախադասություն է ասելու՝ «Ամեն ինչ նորմալ է, բնականոն աշխատում ենք»:
Քանի որ Աշտարակի բժշկական կենտրոնը մարզային ենթակայության բժշկական հաստատություն է, զանգահարեցինք Արագածոտնի մարզպետի ընդունարան, որպեսզի մարզպետին ներկայացնենք իրավիճակը: Գործավարուհին ասաց, որ մարզպետը տեղում չէ, և խորհուրդ տվեց դիմել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն: Վերջինիս աշխատակցուհին նախ հետաքրքրվեց, թե ինչու ենք այցելել հիվանդանոց, ապա, լսելով պատասխանը, նշեց. «Նորմալ է ամեն ինչ»: Մենք պնդեցինք, որ ցանկանում ենք տեղում պարզաբանումներ ստանալ հիվանդանոցի տնօրենից։ Մարզպետարանի աշխատակցուհին ասաց, որ կզանգահարի քիչ ուշ:
Հիվանդանոցի բակում 40 րոպե սպասելուց և մարզպետարանից զանգ չստանալուց հետո որոշեցինք գնալ մարզպետարան և տեղում ստանալ պատասխանը:
Մինչ մարզպետարան գնալը զանգահարեցինք նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ ներկայացնելու իրավիճակը: Պարզաբանեցինք, որ քաղաքացիներից բողոք ենք ստացել, նյութը գրելու ենք, պարզապես ցանկանում ենք տեղում պարզաբանում ստանալ: Ասաց, որ չի կարող ստիպել հիվանդանոցի տնօրենին, որ նա պարզաբանում տա, սակայն հիշեցնելով նախկինում հրապարակած մեր հոդվածները՝ ակնարկեց, թե նպատակահարմար չեն նմանատիպ հրապարակումները:
Մարզպետարանի մուտքի մոտ մեզ դիմավորեց պաշտպանիչ միջոցներ չկրող մի տղամարդ: Մարզպետարանից փոխանցեցին, թե նա պահակն է: Տղամարդը ոչ ձեռնոց ուներ, ոչ էլ՝ պաշտպանիչ դիմակ: Ասաց, որ չենք կարող առաջ գնալ և որ ինքը առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից կճշտի պատասխանը և կփոխանցի: «Ապեր, դու դրսում սպասի»,-ասաց պահակը:
Որոշ ժամանակ անց ենթադրյալ պահակը մոտեցավ և ներկայացրեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանը. «Ասում են՝ պարետն արգելել է հիվանդանոցը նկարել, չեք կարող գնալ ու նկարել»:
Թյուրիմացությունից խուսափելու նպատակով խնդրեցինք, որ այդ ամենը մեզ փոխանցեն հենց վարչության աշխատակիցները: Պահակը նշեց, թե հիմա կզանգեն ու կասեն: Մարզպետարանի բակում 30 րոպե սպասելուց հետո որևէ մեկն այդպես էլ չզանգեց: Դարձյալ զանգահարեցինք նշված վարչություն: Աշխատակիցը, ով չներկայացավ, նշեց, թե մեզ պետք է զանգահարեր բաժնի պետը:
«Հիմա կասեմ կզանգի, եթե ազատ լինի»,-ասաց աշխատակցուհին դեռևս ժամը 15:00-ին: Մինչ այս պահը Արագածոտնի մարզպետարանից որևէ զանգ չենք ստացել:
Դիմեցինք նաև կառավարության լրատվության բաժին՝ հասկանալու, թե արդյոք հիվանդանոցներ նկարելու սահմանափակում կա, և ինչու չենք կարող նկարել Աշտարակի հիվանդանոցում տիրող իրավիճակը, մանավանդ՝ նախապես ներկայացնում ենք, թե ինչի շուրջ է լինելու զրույցը և ինչ ենք նկարելու (բժշկական սարքավորումներ, հիվանդասենյակների վիճակ):
Կառավարությունից պատասխանեցին, որ պարետի կողմից նման ցուցում չկա, բայց, այնուամենայնիվ, չենք կարող նկարահանել: «Փորձեք մի քանի օր հետո»,-ասացին կառավարությունից: Նաև ակնարկեցին, որ արգելքը տարածվելու է այլ հիվանդանոցների վրա եւս:
Նշենք, որ անդրադառնալով բժշկական հաստատություններին, «Հետք»-ը գրել էր նաև, որ Էջմիածնի պոլիկլինակայում 15 օրից ավելի չի աշխատել ռենտգեն ապարատը, որն անհրաժեշտ էր կորոնավիրուսի կասկածով հիվանդների դեպքում թոքերը նկարելու համար: Թե' պոլիկլինիկայի տնօրինությունը, թե' մարզային իշխանությունները շաբաթներ շարունակ քայլեր չէին ձեռնարկել: Միայն մեր հրապարակումից հետո որոշվեց Մեծամորի բժշկական կենտրոնի շարժական ռենտգեն սարքը տեղափոխել Էջմիածին:
Քանի որ ականատես ենք եղել նմանատիպ դեպքերի, և Աշտարակի հիվանդանոցի վերաբերյալ էլ կային քաղաքացիների բողոքները, ցանկանում էինք հանրությանը տեղեկացնել, թե իրականում ինչ վիճակ է այնտեղ: Մինչդեռ ամենաբարձր մակարդակով կանխեցին հիվանդանոցին վերաբերող տեղեկատվության հրապարակումը: Արգելքն ավելի շատ կասկածներ ու մտահոգություններ է առաջացնում, քան փարատում դրանք կամ կանխում «խուճապի» տարածումը: Մինչդեռ պարետատունը լրատվամիջոցներին հորդորում է կորոնավիրուսին վերաբերող տեղեկատվության համար դիմել իրենց՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել տեղեկատվության ստացման հարցում:
Մեզ մնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկել, որ նա նկարահանող խմբի հետ այցելի Աշտարակի հիվանդանոց, ծանոթանա իրավիճակին եւ ներկայացնի հանրությանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել