HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը ստիպված եղավ Մաշկաբանության ինստիտուտը հանել մասնավորեցման ցանկից

«Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները վերապահվեցին Առողջապահության նախարարությանը: Նման որոշում ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: Որոշումը չզեկուցվող էր: Այսպիսով, ինստիտուտը հանվեց Կառավարության` 2017-2020 թվականների գույքի մասնավորեցման ցանկի ծրագրից:

Հիշեցնենք, թե ինչպես եղավ, որ այս ինստիտուտը դուրս եկավ մասնավորեցման ցանկից այն դեպքում, երբ Առողջապահության նախարարությունը դեմ էր այս առաջարկին:

Ամեն ինչ սկսվեց ԱԺ պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի օրենսդրական առաջարկից` 2017-2020 թվականների մասնավորեցման ցանկից հանել Հայաստանի առողջապահական բնագավառի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս կենտրոնը:

Զեյնալյանի համոզմամբ` ԲԿ-ն մասնավորեցման ցանկում ներառվել էր իր գրավիչ տարածքի համար: ԲԿ-ն մոտ 2 հեկտար տարածք է զբաղեցնում: Ըստ Զեյնալյանի՝ այս կենտրոնում տարեկան 3000 պացիենտ է ստացիոնար սպասարկվում և մոտ 12 հազարը՝ ամբուլատոր բուժում ստանում:

ԲԿ-ի հողամասի մակերեսը 2.29 հեկտար է, շուկայական արժեքը՝ 506 միլիոն դրամ, կադաստրային արժեքը՝ 103 միլիոն դրամ, շենք-շինությունների մակերեսը՝ 5663 քառակուսի մետր (այդտեղ կան նաև քանդման ենթակա շենքեր), հողամասի գնահատված արժեքը 689 միլիոն դրամ է: Այս տվյալները հայտնել էր ԱԺ մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկա Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նկատենք նաև, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը ևս դեմ էր, որ այս ԲԿ-ն հանվի մասնավորեցման ցանկից։ Ըստ նրա` դա վատ ազդակ է մասնավոր ընկերությունների համար: Պարզվեց, որ ԲԿ-ով հետաքրքրվող մասնավոր ընկերություններ արդեն իսկ ի հայտ էին եկել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019-ի հոկտեմբերի 2-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր` կառավարությունում արդեն իսկ ընթանում է վերոնշյալ ԲԿ-ի մասնավորեցման գործընթաց, պատրաստվում է մրցութային փաթեթ: Նախարարն ընդգծել էր, որ ԲԿ-ն առողջապահական տեսանկյունից ռազմավարական նշանակություն չունի:

«Միգուցե 60-ական թվականների բժշկության պայմաններում այդ կենտրոնն, իրոք, ռազմավարական է եղել մաշկաբանական հիվանդությունների առումով, սակայն այսօր մաշկաբանական հիվանդությունները հիմնականում բուժում են ամբուլատոր եղանակով, և շատ հազվադեպ, ծանր դեպքերում կարող են բուժվել ստացիոնար պայմաններում, և դա կարող է արվել բազմապրոֆիլ հիվանդանոցներում։ Այսինքն` ասել, որ առանց այս կենտրոնի մեզ մոտ կլինի մաշկաբանական հիվանդությունների աճ, թերի բուժում, բարձիթողի վիճակ, միանշանակ սխալ է»,- ասել էր նախարարը:

Չնայած Առողջապահության նախարարությունը վստահեցնում էր, որ ձեռք բերող ընկերությունը, ըստ սեփականաշնորհման փաստաթղթի, պարտավորվելու է ԲԿ-ի պրոֆիլը պահպանել առնվազն 3 տարի, սակայն օրենսդիր մարմնի համար այս դրույթը հիմնավոր չէր:

Պատգամավորները երաշխիքներ էին փնտրում, որ իր պրոֆիլով հանրապետությունում միակ ԲԿ-ն չթողնվի մասնավորի քմահաճույքին: Եւ ահա խորհրդարանը երկու ընթերցմամբ էլ ընդունեց այս ԲԿ-ն մասնավորեցման ցանկից հանելու Կառավարության որոշումը, ինչից հետո գործադիրը ստիպված եղավ այն հանել 2017-2020 թվականների գույքի մասնավորեցման ցանկից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter