HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բորիս Ջոնսոնը ստանում է թթվածին, սակայն շնչում է ինքնուրույն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ վարչապետը, որը նախորդ գիշեր անց է կացրել վերակենդանացման բաժանմունքում, «պահպանում է ոգու ամուր դրսևորում» և չնայած ստանում է թթվածին, բժիշկները չեն միացրել թոքերի արհեստական շնչառության ապարատ։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

55-ամյա Ջոնսոնը, կորոնավիրուսի ախտանշաններով, կիրակի օրը տեղափոխվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող Սուրբ Թոմասի հիվանդանոց, իսկ երկուշաբթի օրը, երբ առողջական վիճակը վատացել էր, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

«Վարչապետը գիշերը եղել է կայուն վիճակում և պահպանում է ոգու ամուր դրսևորում։ Նա ստանում է թթվածին, սակայն շնչում է ինքնուրույն։ Այս պահի դրությամբ վարչապետը չունի թոքերի արհեստական շնչառության ապարատի միացման կամ շնչառության ոչ ինվազիվ ապահովման կարիք»,- նշվում է Դաունինգ սթրիթի պաշտոնական հայտարարության մեջ։ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչները նշել են, որ թոքերի արհեստական շնչառության ապարատները կիրառվում են այն դեպքերում, երբ դադարում է թոքերի աշխատանքը։ Այս պահի դրությամբ վարչապետը չունի թոքաբորբ։

Ինչպես նշվում է Բուքինհեմյան պալատի հայտարարության մեջ, Եղիսաբեթ II թագուհին անձնական նամակ է ուղարկել Բորիս Ջոնսոնի և նրա ընկերուհու Քերի Սայմոնդսի ընտանիքին, որտեղ նշվում է, որ թագուհին մշտապես մտածում է վարչապետի մասին և մաղթում ամբողջական և շուտափույթ ապաքինում։ Այդ մասին նշվում է նաև արքայական ընտանիքի «Twitter»-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Twitter»-ի իր միկրոբլոգում Ջոնսոնին անձնական ուղերձ է հղել նաև Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը։ Իսկ թագաժառանգ արքայազն Չարլզը, որի մոտ վերջերս նույնպես հայտնաբերվել էր կորոնավիրուս, ուղերձն ուղարկել է իր և դքսուհի Քամիլայի անունից՝ մաղթելով Ջոնսոնին շուտափույթ ապաքինում։

Բորիս Ջոնսոնի վարակվածությունը ենթադրում է, որ նրա հղի հարսնացուն՝ Քերի Սայմոնդսը, չի կարող այցելել նրան։ Հանգստյան օրերին Սայմոնդսը հայտնել է, որ ինքը նույնպես պետք է ինքնամեկուսացվի, քանի որ նրա մոտ ևս ի հայտ են եկել կորոնավիրուսով վարակման ախտանշաններ։

Վերջերս Լեյբորիստական կուսակցության առաջնորդ ընտրված սըր Քիր Սթարմերը վարչապետի հիվանդությունն անվանել է «սարսափելի տխուր նորություն»՝ նշելով, որ «այս դժվարին ժամանակներում ողջ երկիրը մտովի աջակցում է վարչապետին և նրա ընտանիքին»։

Ջոնսոնին շուտափույթ ապաքինում են մաղթել նաև այլ երկրների առաջնորդներ։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ մաղթելով առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ բոլոր ամերիկացիներն աղոթում են Մեծ Բրիտանիայի վարչապետի ապաքինման համար՝ Ջոնսոնին անվանելով «իր և ողջ Ամերիկայի շատ լավ ընկեր, որն ուժեղ է և հենց այնպես չի հանձնվի»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում։ «Վստահ եմ, որ ձեր էներգիան, լավատեսությունը և հումորի զգացումը կօգնեն ձեզ հաղթահարել հիվանդությունը»,- նշվում է Պուտինի հեռագրի մեջ։

Վերջին տվյալներով` Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 55 242-ի, ապաքինվել է 135 մարդ, մահացել՝ 6 159-ը։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter