HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Անկումից մինչև փոքր աճ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները

Եթե դեռևս մեկ ամիս առաջ տնտեսագետներն այս տարվա համար կանխատեսում էին Հայաստանի տնտեսության աճի տեմպի դանդաղում, ապա այսօրվա դրությամբ՝ սցենարներն ավելի վատատեսական են։ 

Աշխարհով մեկ մոլեգնող կորոնավիրուսը իրար է խառնել տնտեսագետներին։ Նրանք փորձում են վերանայել նախկին կանխատեսումները, հաշվարկել ու կանխատեսել, թե տարբեր երկրների տնտեսություններ ինչպիսի հարվածներ են ստանում կորոնավիրուսի հետևանքով և ինչ ցուցանիշներով կփակեն տարին։ Դրանց թվում կարելի է գտնել շատ տարբեր մակարդակի վերլուծություններ՝ խորը և փաստարկված աշխատանքներից մինչև գուշակություններ հիշեցնող տեքստեր։ Բայց, նույնիսկ, խորը վերլուծությունները հրապարակվելուց մի քանի ժամ հետո կարող են ժամանակավրեպ դառնալ. ամեն րոպե իրավիճակ է փոխվում, և տնտեսությունները շատ զգայուն ու արագ են արձագանքում ամեն մի փոփոխության։

Հայաստանի տնտեսությունը ներկայում ևս լուրջ փորձությունների առաջ է կանգնած։ Այս տարվա մարտի սկզբից, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսն արդեն հասել է Հայաստան, փոխվեց մարդկանց ու տնտեսության վարքագիծը, որից առաջին հերթին տուժեցին հանրային սննդի կազմակերպման և զբոսաշրջության հետ կապված ոլորտները։ Իսկ այժմ վնասներ են կրում գրեթե բոլոր ոլորտները՝ բացառությամբ մի քանիսի։

Շատ դժվար է հստակ կանխատեսել, թե տարվա կտրվածքով տնտեսական աճը կամ անկումը որքան կկազմի Հայաստանում։ Սակայն, ուսումնասիրելով տնտեսության կառուցվածքն ու վերջին տարիների տեմպը՝ կարելի է հասկանալ, թե ամենաշատը որ ոլորտները կտուժեն և դրանցից որոնք առավել մեծ ազդեցություն կունենան տնտեսական աճի վրա։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմել է մոտ 6 տրլն 551 մլրդ 850 մլն դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 7.6 %. սա հենց տնտեսական աճի ցուցանիշն է։

Եթե ՀՆԱ-ի կառուցվածքը դիտարկում ենք ըստ խոշորացված խմբերի, ապա տեսնում ենք, որ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առևտուրն ու ծառայությունները, որոնք ապահովել են ՀՆԱ-ի կեսից ավելին՝ 54.1 %-ը։ Արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ի կազմում 18.6 % է, գյուղատնտեսությանը՝ 11.6 %, իսկ ամենափոքր բաժինը շինարարությանն է՝ 6.2 %-ը։ Մնացածը արտադրության հարկերն են։

Իսկ եթե այս պատկերն ավելի ենք «բացում» և դիտարկում ենք ծառայությունները բացվածքով, ապա տեսնում ենք, որ ՀՆԱ-ի կառուցվածքում, ըստ տեսակարար կշռի, առաջատար երեք ոլորտներն են՝ մշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու մանրածախ առևտուրը։ Այս երեք ոլորտները միասին ապահովել են ՀՆԱ-ի 35.1 %-ը։

Վերջին տարիներին՝ սկսած 2012 թվականից, նկատվում է, որ ՀՆԱ-ի կառուցվածքում մեծացել է առավելապես մշակող արդյունաբերության, ֆինանսական ոլորտի, ինչպես նաև՝ մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտների կշիռները։ Փոխարենը առավել կրճատվել են գյուղատնտեսության ու շինարարության կշիռները։ Տվյալները ներկայացնում ենք 2012 թվականից սկսած, քանի որ դրանից առաջ ընկած տվյալները Վիճկոմիտեն հաշվարկել է այլ մեթոդաբանությամբ, և դրանք համադրելի չեն այսօրվա տվյալների հետ։

Այս պատկերից արդեն կարելի է հասկանալ, որ չնայած կորոնավիրուսի հետևանքով առաջինը տուժել ու տուժում են կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը, սակայն դրանց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում այնքան էլ մեծ չէ, հետևաբար՝ տնտեսական աճի ցուցանիշի վրա դրա ազդեցությունը կարող է ավելի փոքր լինել, քան օրինակ՝ մշակող արդյունաբերության կամ առևտրի ոլորտինը։ Մյուս կողմից էլ՝ ամենամեծ կշիռ ունեցող ոլորտներից մեկի մասով՝ գյուղատնտեսության, հնարավոր է, անկումը մեծ չլինի, եթե ոլորտին տրվող արտոնյալ պայմաններով վարկերի ծրագիրն արդյունավետ լինի։

 

Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում կարող եք առավել պատկերավոր տեսնել ասվածը։ Ցուցանիշներին մանրամասն ծանոթանալու համար հարկավոր է սլաքը պահել համապատասխան ոլորտի կետագծերի վրա։ 

 

Հասկանալու համար, թե այսօր Հայաստանի տնտեսական աճը, որ ոլորտների վրա է խարսխված, կա առավել կարևոր ևս մեկ ցուցանիշ՝ տնտեսական աճի նպաստման չափը։ Վիճկոմիտեն այս ցուցանիշը ներկայացնում է՝ ըստ խոշորացված խմբերի։ Ինչպես 2019 թվականին, այնպես էլ դրան նախորդած մյուս տարիներին Հայաստանում տնտեսական աճը հիմնականում ապահովում են առևտուրն ու ծառայությունները։ 2019 թվականին գրանցված 7.6 % տնտեսական աճի 5.31 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։

Արդյունաբերության նպաստման չափը աճին 1.86 տոկոսային կետ է, շինարարությանը՝ 0.27։

Սա ևս վկայում է այն մասին, որ 2020 թվականին Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը կախված կլինի առավելապես առևտրի, ծառայությունների որոշ տեսակների ու արդյունաբերության զարգացումներից։ 

Ռեցեսիայից մինչև փոքր աճ. ինչ են կանխատեսում տնտեսագետներն ու միջազգային կառույցները

Տնտեսագետներն ու միջազգային կառույցները 2020 թվականին Հայաստանի տնտեսական աճի որոշ թվային կանխատեսումներ են արել։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ 2020 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 3 %-ով։ Կառույցի մասնագետները համարում են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը 1930-ականների Մեծ դեպրեսիայից ի վեր կկրի ամենամեծ հարվածը։

Իսկ, մասնավորապես, Հայաստանի համար ԱՄՀ-ն այս տարի կանխատեսում է 1.5 % տնտեսական անկում։ Արդեն 2021 թվականին կանխատեսվում է 4.8 % աճ։ ԱՄՀ-ի զեկույցը հրապարակվել է օրեր առաջ՝ ապրիլի 14-ին։

«Ֆիթչ» (Fitch) միջազգային վարկանշային գործակալությունը կանխատեսում է, որ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետևանքների պատճառով Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 0.5 %, իսկ 2021-ին այն կհասնի 5.5 %-ի։

«Ֆիթչի» զեկույցը հրախարակվել է ապրիլի 3-ին։ Դրանից մեկ օր առաջ կանխատեսումներ է հրապարակել նաև Ասիական զարգացման բանկը։ Այս կառույցն էլ կանխատեսում է, որ 2020 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 2.2 %, իսկ մյուս տարի (2021)՝ 4.5 %:

Ըստ Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսագետ, Վաչե Գաբրելյանի՝ ռեցեսիայի՝ տնտեսական անկման հավանականությունը շատ մեծ է (թե՛ ՀՀ-ում, թե՛ ամբողջ աշխարհում․ սա հայկական ֆենոմեն չէ) և շատ-շատերի կարծիքով՝ արդեն իսկ իրողություն։ Նրա խոսքով՝ 2-3 % անկումն այս տարվա համար, երևի թե, հակված կլինենք համարել նվաճում։ «Հայաստանի համար Կենտրոնական բանկն, օրինակ, կանխատեսում է մինչև 1 տոկոս աճ (թեև ճշգրտության շատ մեծ միջակայքով), էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը գնահատում է աշխարհում շուրջ 6 %, իսկ ՀՀ-ում շուրջ 11 % անկում։ Միջազգային գնահատականները ևս տատանվում են, սակայն, մեծ մասամբ դիտարկվում է անկում։ Այս պահին դժվարանում եմ ճշգրիտ գնահատական տալ՝ գնահատականներն էապես կախված են վարակի դինամիկայով՝ պայմանավորված աշխատանքի և շփումների սահմանափակման ռեժիմներից, որոնք բազմազան են։ Կարծում եմ՝ անգամ 2-3 % անկումն այս տարվա համար, երևի թե, հակված կլինենք համարել նվաճում»,- ապրիլի 6-ին «Հետքի» հետ հարցազրույցում ասել է տնտեսագետը։

Տնտեսագետ Հայկ Բեջանյանն էլ վերլուծել է, որ եթե գնահատման հիմքում դրվի այն բազային սցենարը՝ ըստ որի համավարակի ազդեցությունը կպահպանվի մինչև մայիս-հունիս, որից հետո կվերականգնվի առնվազն նախորդ տարվա աճի տեմպը, և եթե հաշվի առնենք նախկինում գրանցված զարգացումները, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտների տեսակարար կշիռները, ապա 2020 թվականի արդյունքներով, ՀՀ տնտեսության անկումը կկազմի շուրջ 5 տոկոս, որը կդառնա ամենախոշոր անկումը 2009 թվականի ճգնաժամից հետո։ «Եվ սա միայն այն պարագայում, եթե արդյունավետ գործեն պետության հակաճգնաժամային միջոցառումները, և հունիսին տնտեսությունը հնարավորինս արագորեն վերադառնա իր բնականոն ընթացքին»,- նշված է տնտեսագետի հոդվածում, որը հրապարակվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի պարբերականում։

Ըստ նրա՝ եթե նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերության ոլորտն ունեցել էր դրական նպաստում ՀՆԱ աճին, ապա այս տարի դա կլինի բացասական և կտատանվի -1,3-ից -1,5 տոկոսի միջակայքում։ Հաջորդ՝ առավել խոշոր անկումը կարձանագրվի ծառայությունների ոլորտում՝ 3%-ի չափով։ 

Տնտեսական էական կորուստների մասին է խոսել նաև Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Վերջինս, սակայն, թվային կանխատեսումներ չի արել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter