HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վաչե Գաբրիելյան. «Վարկային ծրագրերն այս փուլում անարդյունավետ են. շեշտադրումը հիմա պետք է լինի անվերադարձ օգնության վրա»

Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանը համարում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին հակազդելու համար Կառավարության առաջարկած վարկային ծրագրերն այս փուլում անարդյունավետ են։ Նա առաջարկում է շեշտադրել անվերադարձ օգնությունը։ «Հետքի» հետ զրույցում Վաչե Գաբրիելյանը տնտեսական բացասական հետևանքները մեղմելու նաև այլ գործիքներ է առաջարկել։

Պրն Գաբրիելյան, Կառավարությունը մի քանի փուլով ծրագրեր է մշակել կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին հակազդելու համար։ Ըստ Ձեզ՝ այդ ծրագրերը որքանո՞վ են արդյունավետ։ Խնդրում եմ մանրամասնել, թե որ գործիքներն եք համարում արդյունավետ, որոնք՝ ոչ։

Բովանդակային առումով ծրագրերը բավական համապարփակ են, սակայն ազդեցության տեսակետից պետք է ավելի մանրամասն հաշվի առնենք երկու բան՝ ժամկետները և չափը։ Փորձենք մոտենալ այս տեսակետից։ Ծրագրերը կարելի է բաժանել 2 մասի՝ վարկային (թեև վարկայինը ևս աջակցության բաղադրիչ ունի) և օժանդակության, երբ պետությունն անվերադարձ օգնություն է տալիս, սակայն ոչ վարկային տոկոսի սուբսիդավորման տեսքով:

Վարկային ծրագրերն, ըստ իս, այս փուլում անարդյունավետ են։ Դրանք կսկսեն արդյունավետ դառնալ մի քանի ամիս հետո, երբ բնականոն տնտեսական գործունեությունը վերսկսվի, հատկապես ծառայությունների ոլորտում, և արդեն մոտակա տարիների միտումները հաշվի առնելով՝ վերակազմավորման կամ վերակառուցման խնդիրներ կիրականացվեն։ Չափի տեսակետից վարկային միջոցների հայտարարված գումարները, երևի թե, բավարար են ՓՄՁ խնդիրներին հասու լինելու համար, հատկապես, որ դրանք համակցվելու են բանկային ռեսուրսների հետ։ Դրանք, սակայն, կարճ ժամկետում տնտեսություն, հատկապես` սպառողներին իրացվելիություն ներարկելու տեսակետից որևէ ճգնաժամի ժամանակ լավագույն գործիք չեն հանդիսացել։ Դեմ չեմ, որ դրանք պետք է հիմա սկսել, որ հետո աշխատեն, սակայն անհրաժեշտ է դրանց կալիբրացիան, մասնավորապես՝ ֆինանսական պայմանների և ժամկետների համադրումները փոխել։ Ասենք, չեմ կարծում, որ առաջիկա ամսում հարկերը տալու համար դա կաշխատի։ Այստեղ միայն կամեցողության խնդիր չէ՝ տնտեսվարողների համար կա ժամկետների և հեռանկարների ռադիկալ անորոշություն, որի պայմաններում թե՛ բանկերի, թե՛ վարկառուների համար որոշումներ կայացնելը բարդ է։

Մինչ այդ, ելնելով արտակարգ իրավիճակ մտցնելու անհաժեշտությունից և դրանից հետո ծառայությունների (և ոչ միայն) ոլորտի ակնհայտորեն ոչ արագ վերականգնման հեռանկարից, շեշտադրումը պետք է լինի անվերադարձ օգնության վրա։ Սա, առաջին հերթին, պետք է լինի սոցիալական ուղղությամբ՝ աշխատավարձերը և սպառումն այնքան չիջեցնելու, որ ՀՆԱ վերականգնումը տևի տարիներ, ապա՝ բիզնեսին կարճաժամկետ (1-3 ամիս) փրկօղակ տալու՝ մինչև համաճարակային պատկերը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ավելի հստակ կդառնա։

Դրանից հետո միայն, երբ տնտեսության և արտաքին շուկաների վերականգնման բնութագրիչներն ուրվագծվեն, այդ ժամանակ կսկսեն վարկային ծրագրերն աշխատել։ Այս ժամանակ թե՛ փողը կսկսի հոսել (թեև ոչ շատ արագ), թե՛ թիրախայնությունը կլինի ավելի լավը, քանի որ բանկերը պետությունից ավելի լավ կգնահատեն ռիսկերը, անհեռանկարային տնտեսվարողներին անհարկի հատկացումներ չեն անի։

Մինչ այդ, սակայն, պետք է արագ և շատ ավելի շատ իրացվելիության ներարկում՝ հիմնականում սոցիալական ուղղվածությամբ։ Այստեղ պետք է նորովի մեկնաբանել, թե ինչ է նշանակում խոցելի խումբ. դրանք հիմա շատ ավելի լայն են, քան դասական սոցիալական քաղաքականության առումով մեզ հայտնի խոցելի խմբերը։ Երբ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 92 հազար դրամ է (ներառյալ հարկերը,-հեղ.), իսկ աշխատողների կեսը ստանում է մինչև 120-125 հազար դրամ աշխատավարձ, ապա օգնության կարիք ունեցողների քանակը շատ ավելին է, քան սոցիալական ծառայությունների հիմնական շահառուները, և այստեղ հիմնական գործող պետական մարմինը պարտադիր չէ, որ լինի սոցիալական ծառայությունը։ Ելնելով այն փաստից, որ առևտուրն ու ծառայությունների ոլորտը ՀՀ-ում տնտեսության շուրջ 55%-ն է (որի մեջ ամենածանր հարված կրող հատվածը՝ առևտուրը՝ շուրջ 11%-ը, իսկ հանրային սնունդն ու կացությունը՝ շուրջ 2․5%-ը), իսկ տնտեսության գրեթե համատարած կանգը ենթադրում է շատ ավելի մասշտաբային՝ միգուցե շատ կոշտ ու կոպիտ թիրախայնությամբ, սակայն արագ իրացվելիության ներարկում, ինչպես դա անում է երկրների մեծամասնությունը։

Բացի ժամկետից, որին անդրադարձա, այստեղ նաև կարևոր է չափի խնդիրը՝ այն մի քանի անգամ ավելի պետք է լինի։ Չեմ ուզում համաճարակաբանական դատողություններ անել, սակայն, դիտարկելով այլ երկրների տնտեսական արձագանքի փորձը, կարծում եմ, որ ինքնամեկուսացման ներկայիս ռեժիմը հավանաբար պետք է շարունակվի առնվազն մինչև մայիս, ուստի պետք է դրան համապատասխան միջոցներ ծախսել։ Նաև անհրաժեշտ է հնարավորինս վաղաժամ մոտակա ամսվա հեռանկարի մասին ներկայացնել տնտեսվարողներին, որպեսզի նրանք պլանավորեն՝ ում են արձակուրդ ձևակերպում, ում են այլ ռեժիմների տեղափոխում, ինչպիսի հերթապահություն են սահմանում և այլն։ Նրանցից շատերը չէ, որ ավելցուկային շրջանառու միջոցներ ունեն, որ կարողանան անորոշ ժամանակով դիմանալ։ Անգամ բանկերից վարկավորման պարագայում հարկ է իմանալ իրացվելիության կարիքի վերաբերյալ՝ մեկ շաբաթվա, մեկ ամսվա, եռամսյակի մասին է խոսքը, թե ավելի խորը կառուցվածքային խնդիրների համար։

Այս իրավիճակներում ի՞նչ այլ գործիքներ կարելի է կիրառել տնտեսական բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։

Վերը նշված տրամաբանությամբ, ի լրումն կառավարության ներկայացրած 9 միջոցառումների, կնշեի ևս 4 հնարավոր ուղղություն։ Առաջին՝ կոմունալ ծախսերի սուբսիդավորում՝ լայնորեն ձևակերպված սոցիալական խավի համար (սրա իրականացման փորձն ունենք, հեծանիվ հորինելու կարիք չկա): Երկրորդ՝ ՓՄՁ, առանձին դեպքերում մեծ, սակայն ինչ-ինչ պատճառներով կրիտիկական համարվող մեծ ձեռնարկությունների համար խիստ թիրախավորված հարկային հետաձգումներ: Երբևէ նկատի չունեմ երկարատև հարկային արձակուրդներ, խոսքս 1-2 ամսի մասին է։ Երրորդ՝ անհրաժեշտության դեպքում շատ ավելի ագրեսիվ իրացվելիության ներարկում բանկային համակարգ և տնտեսություն՝ ընդհուպ քանակական ընդլայնման քաղաքականությամբ (երբ Կենտրոնական բանկը գնում է ֆինանսական ակտիվներ)։ Չորրորդ՝ ի լրումն այսօր արդեն իսկ կատարվող աշխատանքների՝ ուղղորդված աջակցություն գյուղատնտեսությանը «բնամթերային» տեսքով։ Նկատի ունեմ առաջին հերթին ջուր, սերմացու, պարարտանյութ, վառելիք և այլն։

Հաճախ, ծախսումների թիրախայնությունը մեծացնելու նպատակով, պետությունն օգնությունը կարող է տալ ոչ թե փողով, այլ պայմանական փողով (վաուչերներ, տալոններ), որոնցով կարելի է օգտվել միայն կոնկրետ ապրանքներից կամ ծառայություններից։ Սակայն, սա ավելի երկար ժամանակային ներդրում պահանջող միջոցառում է, չեմ կարծում, որ հիմա հասցնենք։

Համոզված եմ, որ կառավարությունը քննարկում է բազմաթիվ, միգուցե շատ ավելի լավ, տասնորդական տոկոսներով ճշգրտված միջոցառումներ։ Այս փուլում, սակայն, կարևորը թիրախավորման ճշգրտությունը չէ, կարևոր է, որ դրանք արագ ընդունվեն և էլ ավելի արագ իրագործվեն։

Ակնհայտ է, որ ներկա իրավիճակն ու արտաքին աշխարհից եկող ազդակները էապես նվազեցնելու են Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշն այս տարի։ Իսկ որքանո՞վ է մեծ ռեցեսիայի հավանականությունը։

Հավանականությունը շատ մեծ է (թե՛ ՀՀ-ում, թե՛ ամբողջ աշխարհում-սա հայկական ֆենոմեն չէ), շատ-շատերի կարծիքով՝ արդեն իսկ իրողություն։ Հայաստանի համար Կենտրոնական բանկն, օրինակ, կանխատեսում է մինչև 1 տոկոս աճ (թեև ճշգրտության շատ մեծ միջակայքով), էկոնմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը գնահատում է աշխարհում շուրջ 6%, իսկ ՀՀ-ում շուրջ 11% անկում։ Միջազգային գնահատականները ևս տատանվում են, սակայն, մեծամասամբ դիտարկվում է անկում։ Այս պահին դժվարանում եմ ճշգրիտ գնահատական տալ՝ գնահատականներն էապես կախված են վարակի դինամիկայով պայմանավորված աշխատանքի և շփումների սահմանափակման ռեժիմներից, որոնք բազմազան են։ Կարծում եմ՝ անգամ 2-3% անկումն այս տարվա համար, երևի թե, հակված կլինենք համարել նվաճում։

Այս տեմպերով Հայաստանը կհասցնի՞ ամբողջությամբ կատարել բյուջեով պլանավորված ծախսերն ու եկամուտները։ Այսօր որքանո՞վ է կարևոր կապիտալ ծախսերի դերը։

Թեև կառավարությունն ունի կուտակված միջոցների պաշար, կարծում եմ, որ բյուջեն ունի վերանայման անհրաժեշտություն։ Առաջինը՝ պետք է էապես մեծացնել դեֆիցիտը՝ թե՛ եկամուտների նվազման, թե՛ ծախսերի մեծացման տեսակետից։ Պարտքի կայունության տեսակետից կառավարությունը հետևել է նախկինում հրապարակված հարկաբյուջետային կանոններին, և չեմ կարծում, որ որևէ կերպ սա ազդի երկրի վարկունակության վրա՝ ամբողջ աշխարհն է այժմ նման իրավիճակում։ Չլինելով հարկաբյուջետային կանոններից դուրս պետական պարտքի մեծացման ջատագով՝ կարծում եմ, որ եթե կա իրավիճակ, որ իրավացիորեն պահանջում է պարտքի ժամանակավոր ավելացում, ապա դա հիմա է։ Ընդ որում, պետք է դիտարկել ոչ միայն արտաքին պարտքի հնարավորությունը։ Կարծում եմ, որ մեր ավանդական գործընկերները՝ ԱՄՀ-ն և միջազգային զարգացման բանկերը (ՀԲ, ԱԶԲ, ԵՎԶԲ և այլն), անպայման կունենան հին ու նոր գործիքներ նոր իրավիճակի համար, բայց նաև չէի անտեսի տեղական շուկան՝ Կենտրոնական բանկի հետ հստակ համագործակցության պարագայում երկու-երեք տասնյակ միլիարդ դրամ տեղական շուկայից, միգուցե, հնարավոր լինի շատ ավելի արագ հավաքագրել։

Կապիտալ ծախսերն այժմ ավելի քան կարևոր են՝ տնտեսության դանդաղման և անկման պայմաններում ավելի կարևոր գործիք չկա։ Նայեք 2009 թվականին մենք ինչքան ճանապարհ ենք կառուցել։ Պետական բյուջեի դեֆիցիտը 2008-ի 0.5%-ից հասավ 7.5 %-ի, որից 7%-ն ուղղվեց կապիտալ ծախսերի։ Դա արդեն իսկ դրեց 2010-ին տնտեսական աճի վերադարձի խնդիրը։ Ընդ որում, շփման ոչ ինտենսիվության տեսակետից, օրինակ, ճանապարհաշինարարության որոշ աշխատանքներ համադրելի են գյուղատնտեսության հետ՝ դրանք, թերևս, կարելի է վերադիտարկել սահմանափակումների համատեքստում։ Միջազգային ծրագրերով կապիտալ ծախսերի իրականացման համար շատ կարևոր է, որ միջին օղակների մենեջերները վստահություն ունենան, որ իրավասու են ապահով որոշումներ կայացնել և կայացնեն այդ որոշումները։

Հետհեղափոխական ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունն, ըստ Ձեզ, որակական ու կառուցվածքային փոփոխություններ կրե՞լ է։

Կարծում եմ, որ առայժմ էական կառուցվածքային փոփոխություններ չկան։ Տնտեսությունը միշտ էլ իներցիայիով է շարժվում, այդ փոփոխությունների համար ավելի մեծ ժամանակ է անհրաժեշտ։

Հայաստանին որքա՞ն ժամանակ է հարկավոր այսօրվա տնտեսական կորուստները հաղթահարելու և որակական աճ գրանցելու համար։

Քանի դեռ համավարակը մոլեգնում է մոլորակով, չեմ ուզում թվեր հնչեցնել։ Երբ գլոբալ առողջապահական պատկերն ավելի որոշակի դառնա (իսկ դա բոլոր երկրների համար բոլոր առումներով առաջնային է), երևի թե հնարավոր կլինի գնահատականներ տալ։ Այժմ ունենք միայն Չինաստանի տնտեսության ոչ լրիվ վերականգնման տեմպերի նախնական թվերը, որոնք անգամ Չինաստանի դեպքում կանխատեսելու հնարավորություն չեն ընձեռում։

Բոլոր երկրների համար աշխատող միօրինակ ճշմարիտ լուծումներ գոյություն չունեն․ պետք է փնտրել առողջապահության և տնտեսության ակտիվության այնպիսի համադրում, որ դրանց գումարային կորուստները լինեն նվազագույն։ Այս լուծումը նախնական պատասխան չունի՝ կախված է վարակի տեմպերից, աշխարհագրությունից, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունից և գործունակությունից, տնտեսական գործունեության կառուցվածքից (գյուղատնտեսության մասնաբաժինը, հեռավար ծառայությունների հնարավորությունը և այլն)։ Որքան խիստ պահպանենք սահմանափակումների ռեժիմը, այնքան կնպաստենք խնդրի արագ լուծմանը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Տես նաև՝

Մեկնաբանություններ (1)

GB
I wonder why he is not a minister or an advisor to PM!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter