
Ինչպես է դոլարի թանկացումն ազդել պետական պարտքի վրա
Այս տարի Հայաստանի տնտեսությունը, ըստ տարբեր կանխատեսումների, անկում է ապրելու։ Տեղի է ունենալու բյուջե հավաքագրվող հարկերի նվազում, պակասուրդի ու պետական պարտքի աճ։ Հոդվածում ամփոփել ենք, թե ինչ մակարդակում է պարտքը ներկայում, ինչպես է դրամի արժեզրկումն ազդել դրա վրա, և թե ինչպես է Կառավարությունը պատրաստվում ավելացող պակասուրդը լրացնել արտաքին պարտքով։
Դոլարի թանկացման ազդեցությունը. դրամային արտահայտությամբ պարտքն աճել է, դոլարով՝ փոքր-ինչ նվազել
Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 7 մլրդ 290 մլն դոլար, որից 5 մլրդ 736 մլն դոլարը երկրի արտաքին պարտքն է, մոտ 1 մլրդ 554 մլն դոլարը՝ ներքին պարտքը։
Տարվա սկզբի համեմատ (դեկտեմբերի 31-ին գրանցված ցուցանիշների համեմատ)՝ դոլարով ներկայացվող պետական պարտքը փոքր-ինչ կրճատվել է՝ 34 մլն դոլարով կամ 0.5%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը կրճատվել է 51 մլն դոլարով կամ 0.9 %-ով։
Մարտի վերջի դրությամբ արտաքին պարտքի 5 մլրդ 236 մլն դոլարը Կառավարության պարտքն է, որը տարվա սկզբի համեմատ կրճատվել է մոտ 62 մլն դոլարով կամ 1.2 %-ով։ Իսկ արտաքին պարտքի մնացած` մոտ 500 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է, որը ավելացել է 10.2 մլն դոլարով կամ 2.1 %-ով։
Իսկ ներքին պարտքը շարունակում է աճել։ Տարվա սկզբի համեմատ այն ավելացել է 17.1 մլն դոլարով կամ 1.1 %-ով։
Թեև դոլարային հաշվարկներով արտաքին պետական պարտքը նվազել է, սակայն երբ ցուցանիշները դիտարկում ենք ՀՀ դրամով, ապա տեսնում ենք, որ այն աճել է։ Ներքին պարտքի աճն էլ ավելի մեծ է, քան դոլարով հաշվարկածը։
Դա փոխարժեքի տատանումների հետևանքն է։ Երբ դրամն արժեզրկվում է, արտաքին պարտքը՝ դրամային արտահայտությամբ, մեծանում է։ Իսկ ավելի պարզ ասած՝ այս տարվա մարտին դոլարի թանկացումը մեխանիկորեն «թանկացրել» է նաև պարտքը։ Եթե 2019թ. դեկտեմբերին պարտքը հաշվարկվել է 1 ԱՄՆ=479.7 ՀՀ դրամ միջին փոխարժեքով, ապա 2020թ. մարտին՝ 500.8 ՀՀ դրամով։
Այս ամենի արդյունքում մարտի վերջի տվյալներով, դեկտեմբերի վերջի համեմատ, պետական պարտքն աճել է 137 մլրդ դրամով կամ 3.9 %-ով՝ կազմելով 3 տրլն 651 մլր դրամ։
Այստեղ կարևոր է, մասնավորապես, արտաքին պարտքը, քանի որ այն ստացվում, սպասարկվում և մարվում է հիմնականում դոլարով։ Դրամի արժեզրկման պարագայում պետությունը ստիված է լինում բյուջեից ավելի շատ դրամ հատկացնել այդ գործառույթներն իրականացնելու համար։
Արտաքին պարտքը մարտի վերջին կազմել է մոտ 2 տրլն 873 մլրդ դրամ՝ դեկտեմբերի վերջի համեմատ աճելով 96 մլրդ դրամով կամ 3.5 %-ով։
Հուսադրող է այն, որ վերջին օրերին դոլարի փոխարժեքն աստիճանաբար նվազում է, հետևաբար՝ նվազում է նաև փոխարժեքի տատանումների բացասական ազդեցությունը։
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այստեղ փոխարժեքի ռիսկը չեզոքանում է, քանի որ ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով։ Այսինքն՝ ներքին պարտքի աճը պայմանավորված չէ փոխարժեքի տատանումներով։ Դեկտեմբերի վերջին ներքին պարտքը կազմել է 737.2 մլրդ դրամ, մարտին՝ 778.2 մլրդ դրամ, աճը՝ 41 մլրդ դրամ կամ 5.6 %:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։ Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8 %-ով։
Բյուջեի դեֆիցիտը կաճի. Կառավարությունն այս «ճեղքվածը» արտաքին պարտքով կփակի
Կորոնովիրուսի (2019n-CoV) պատճառած տնտեսական վնասները շարունակում են մեծանալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Սա ստիպել է Հայաստանի կառավարությանը վերանայել պետական բյուջեի ցուցանիշները։ Սպասվում է, որ տնտեսական ակմանը զուգահեռ կմեծանա Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը։ Իսկ դա նշանակում է պետական պարտքի մեծացում. Կառավարությունը համարում է, որ այս պահին պակասուրդը լրացնելու ամենահարմար տարբերակը արտաքին աշխարհից վարկ վերցնելն է։
Երեկ Կառավարությունը հավանության արժանացրեց պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով գնահատվում է, որ 2020 թվականին Հայաստանի տնտեսական անկումը կկազմի 2 %: Սա շղթայաբար կապված է հարկային եկամուտների նվազման, բյուջեի պակասուրդի ու պետական պարտքի ավելացման հետ։
Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Ծախսերը կմնան գրեթե նույնը, իսկ բյուջեի դեֆիցիտը ծրագրված 160 մլրդ դրամից կհասնի 324 մլրդ դրամի։
Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, բացի պարտք ներգրավելուց, այլընտրանք չունենք բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար: «Ողջամիտ մոտեցումն այն է, որ ծրագրենք այնքան ծախսեր, որքան կարող է տնտեսությունը կլանել։ Անտրամաբանական կլինի, երբ մենք պարտքը ներգրավենք ու սկսենք սպասարկել, բայց դրա դիմաց նախատեսված ծախսերը չիրականացնենք։ Անխուսափելի է պարտքի ավելացումը, բայց համոզված ենք, որ այն կմնա կառավարելի միջակայքում։ Հակառակ դեպքում՝ մենք պարզապես չենք ունենա այն միջոցները, որոնցով պետք է հակազդենք սպասվող բացասական զարգացումներին։ Հիմնական «բեռը» դրվելու է արտաքին պարտքի վրա։ Որպես տարբերակ քննարկվում է նաև ներքին պարտքը՝ պետական պարտատոմսերի թողարկումը, բայց ներկայում, ֆինանսական շուկաներում առաջացած անորոշությամբ պայմանավորված, բավականին փոքր է ակտիվությունը պետական պարտատոմսերի նկատմամբ։ Այն երկրների համար, որոնց վարկանիշը դեռևս չի գնահատվում որպես ներդրումային, բավականին բարդ է այս տարբերակի դիտարկումը»,- նախագիծը ներկայացնելիս ասել է Ատոմ Ջանջուղազյանը։
Ըստ նրա՝ քննարկվում է Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից և Համաշխարհային բանկից վարկեր ներգրավելու հարցը։
Բյուջեի փոփոխությունների նշված ծրագիրը դեռևս պետք է քննարկվի և քվեարկության դրվի Ազգային ժողովում, որի ժամանակ էլ առավել մանրամասն կներկայացվի, թե որքան պարտք կներգրավվի այս տարի, ու մինչև տարեվերջ որքան կկազմի այն։
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսության անկում են կանխատեսում նաև մի շարք այլ մասնագետներ ու միջազգային կառույցներ։
Մեկնաբանել