HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ

2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այն ստեղծվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով: Մայիսի 20-ին խոսելով դատական համակարգի մասին՝ Փաշինյանն անդրադարձել էր նաև այլ հարցերի, այդ թվում` ապրիլյան պատերազմին:

«Կարծում եմ հասունացել է ժամանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր վարչապետը, ինչին հետևել էր խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:

Վաղը` հունիսի 4-ին, լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, ուստի ամփոփենք ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը:

Նախորդ տարվա մայիսին 47 պատգամավորների դիմում-պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունը ծավալեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովն առաջինը հյուրընկալեց ապրիլյան պատերազմին մասնակցած զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին:

«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասում էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այնուհետև հանձնաժողովը սկսեց հյուրընկալել նախկին ու գործող պաշտոնյաներին: Հանձնաժողովը հյուրերին ընդունում էր հատուկ հատկացված տարածքում, որտեղից, ըստ հանձնաժողովի նախագահի, ինֆորմացիայի արտահոսք չէր կարող լինել:

Առաջինը հյուրընկալվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա հեռացավ դռնփակ հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց` բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման:

Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության ժամկետը, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը խորհրդարանը վեց ամսով երկարաձգեց:

Չնայած հանձնաժողովի անդամների մասնագիտական որակները նախկին պաշտոնյաներն ի սկզբանե կասկածի տակ էին դնում, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն դա չխանգարեց վերջինիս հունվարին հյուրընկալվել հանձնաժողովում: Չորս ժամ տևած հանդիպումից հետո Օհանյանը դուրս եկավ բավական բարձր տրամադրությամբ` քննարկումը որակելով արդյունավետ:

Նախկին նախարարն ընդգծեց` նման հանձնաժողով չէր կազմի, եթե անգամ այն լիներ պաշտպանության նախարարության հետ համատեղ գործող, բայց քանի որ այն ստեղծվել է, իր հնարավորության սահմանում կաջակցի:

Օհանյանին հյուրընկալելուց շուրջ երկու շաբաթ անց հանձնաժողով հրավիրվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին  պետ, այժմ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը միակ նախկին պաշտոնյան էր, որ հրաժարվեց գալ հանձնաժողով:

Այնուհետև հանձնաժողովը սկսեց հրապարակային նամակագրություն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ: Սարգսյանի գրասենյակից մեկ նախապայման էին ներկայացրել` հանձնաժողովի տեսաձայնագրությունը պետք է փոխանցվի իրենց: Հանձնաժողովի նախագահը համաձայնեց, ինչից հետո Սարգսյանը հյուրընկալվեց հանձնաժողովում:

Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում ամենաերկար դռնփակ հանդիպումը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հետ էր. հանդիպումը տևեց հինգ ժամ: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց` իր որոշումը գալ հանձնաժողով արդարացված էր:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս հանդիպումը արդյունավետ համարեց` ասելով, որ ստացել են հարցերի պատասխաններ, բայց դրանք ամբողջական չեն:

«Պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխաններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանի այցից հետո խորհրդարան հրավիրվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը` ասելով, որ տվել է հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Հաջորդ հյուրը Կարեն Կարապետյանն էր, որն ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: Այս հանդիպումն ամենակարճը տևեց` շուրջ մեկ ժամ:

Կարապետյանը, սակայն չմանրամասնեց, թե ինչ հարցեր են իրեն տվել և ինչ պատասխան է տվել իր այն հայտարարությանը, որ պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի գործել անորակ դիզվառելիքի պատճառով:

Այնուհետև կրկին հանձնաժողով հրավիրվեց հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը:

«Գաղտնիության խնդիր ունենք, որովհետև Ադրբեջանի համար կարևոր է իմանալ` հետախուզությունն իմացել է, թե չէ, երկու պատասխանն էլ շատ կարևոր է, եթե իմացել ենք, դա էլ է կարևոր, չենք իմացել, դա էլ է կարևոր, մենք չենք կարող դա իրենց ասել»,-այսպես աձագանքեց լրագրողների հարցերին Արշակ Կարապետյանը:

Հանձնաժողովի վերջին հյուրը` արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, հեռավար էր մասնակցում նիստին: Հանդիպումից հետո Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Նալբանդյանը 2016-ի ապրիլին Մոսկվայում կնքված հրադադարի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ է փոխանցել, որոնց վերաբերյալ ծագած հարցերին կարող է պատասխանել Յուրի Խաչատուրովը:

Չնայած Անդրանիկ Քոչարյանը երկու օր ժամանակ էր տվել Յուրի Խաչատուրովին՝ արձագանքել հանձնաժողովի հրավերին, սակայն Խաչատուրովից արձագանք այդպես էլ չեղավ:

Հանձնաժողովի նախագահը չի բացառել նաև, որ կայցելեն Արցախ, ապա ամառվա ընթացքում կամփոփեն հանձնաժողովի կատարած աշխատանքը և արդեն աշնանային նստաշրջանին այնքանով, որքանով հնարավոր կլինի հանրայնացնել, կներկայացնեն հանրության դատին:

Մեկնաբանություններ (1)

Ձեր տերը խնդա!
Այս մեկն եկավ, այն մյուսը դժվարությամբ, բայց եկավ, այն մյուսն էլ եկավ եւ կարճ խոսեց, կարեւոր անձն էլ չուզեց գալ: Այսպիսով ....հանձնաժողովը պատվով կատարեց իր գաղտնի ու մեծ առաքելությունը!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter