HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բակում

Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը ապրիլի 1-ից վերապրոֆիլավորվել և ժամանակավորապես ծառայում է Covid-19-ով վարակված պացիենտներին բուժելու համար։
 

Մարիամ Հարությունյանը Շտապ օգնության բուժքույր է։ Տարբեր բաժանմունքներում բուժքույր աշխատելու 38 տարվա փորձ ունի։

«Ամենաբարդը Շտապ օգնությունում աշխատելն է, մանավանդ՝ համավարակի օրերին։ Մարդիկ անգամ թեթև ջերմություն ունենալու կամ գրիպին հատուկ ախտանիշերի դեպքում կանչ են գրանցում, քանի որ վախեցած են»,- ասում է Մարիամը։

Նա պատմում է, որ համավարակի պատճառով չի կարողացել իրականացնել  երիտասարդության տարիների երազանքը՝ գնալ Իտալիա։ Նա  երազանքների երկու քաղաք ունի՝ Հռոմ ու Սանկտ Պետերբոուրգ, որոշել էր այս ու հաջորդ տարի անպայման այցելել։ «Մեկ տարով երիտասարդ տարիներիս երազանքի իրականացումը հետ ընկավ, բայց ոչինչ, մյուս տարի կգնամ»,- ասում է Մարիամ Հարությունյանը։

Հայարփի Գրիգորյանը Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Շտապ օգնության բժիշկներից է։ Շտապ օգնությունում աշխատում է 7 տարի։ Նա նաև աշխատում է Աբովյանի բժշկական կենտրոնում, որպես թերապևտ։ Այս օրերին երկու աշխատանքը համատեղելը բարդ է, ոչ մի ազատ օր չունի, երկու բժշկական կենտրոններում էլ աշխատանքը հերթափոխով է, բայց չի բողոքում: 

Ժորա Ռուստամյանը 4 տարի է՝ Շտապ օգնությունում աշխատում է որպես վարորդ։ Համավարակի տարածումից հետո իր աշխատանքն ավելի լարված է, օրվա մեջ 28-30 կանչ կարող են ստանալ։ Երբեմն ընդմիջելու ժամանակ չեն ունենում։ Հիմնականում ինչ-որ բան ուտում են ճանապարհին՝ կանչի գնալիս։ Ժորան չի հանդուրժում այն մարդկանց որ առանց դիմակի են դուրս գալիս, կամ դիմակը կրում են, որ չտուգանվեն։ Մանավանդ երիտասարդներին է շատ դիտողություն անում, երբ առանց դիմակի է տեսնում։ Մտածում է, որ ի վերջո բոլորը մի օր վարակվելու են, բայց խուճապի չմատնվելու ու բժիշկների ցուցումներին հետևելու շնորհիվ ամեն ինչ լավ է լինելու։ 

Հովհաննեսը 2 ամիս է, ինչ աշխատում է հիվանդանոցում, կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին ներգրավվելը իր առաջին մասնագիտական փորձն է։ Ընդունարանի սանիտար է։ Արդեն 1 ամիս է՝ տուն չի գնացել։ Տան անդամների հետ տեսազանգի միջոցով է շփվում։ Նկարելուց ասաց․ «Էնպես նկարեք, աչքերս շատ հոգնած դուրս չգան էլի, տնեցիք սենց չտեսնեն»։

 
 
 
 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter