HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին և ներկա պաշտոնյաները  Քաշաթաղի հէկերի սեփականատերերն են 

Հայաստանի և Արցախի նախկին և ներկա պաշտոնյաներն Արցախում հէկերը շահագործող ընկերությունների բաժնետերեր են: Նրանցից շատերն այսօր արդեն պաշտոնյա չեն, սակայն հէկերի բիզնեսով սկսել են զբաղվել իրենց պաշտոնավարման շրջանում և մինչ օրս հանդիսանում են հէկերի սեփականատերեր։

Նախորդ հոդվածում «Հետքը» ներկայացրել է Շահումյանի շրջանում գործող փոքր հէկերի սեփականատերերին: Այժմ ներկայացնում ենք Քաշաթաղի շրջանի գործող հէկերի սեփականատերերին։

Քաշաթաղի շրջանում է գտնվում Արցախի 31 գործող հէկից 16-ը, և կառուցվում է ևս 9-ը: Արցախում ամենաշատ հէկերը գտնվում են Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևմտյան մասով հոսող 75 կմ երկարությամբ Աղավնո գետի վրա: Աղվանոյի վրա գործում է 9 հէկ, ևս երկուսը կառուցվում է։ Քաշաթաղի շրջանում հէկի շահագործման առաջին թույլտվությունը (լիցենզիա) տրվել է 2011 թվականին:

Ովքեր են Քաշաթաղի հէկերի սեփականատերերը

«Էներգո գրուպ» ՍՊԸ

2017 թվականին գրանցված «Էներգո գրուպ» ՍՊԸ-ն Քաշաթաղի շրջանում շահագործում է` մեկ և կառուցում ևս երեք հէկ։

Ընկերության միակ սեփականատերը «Կայծաղբյուր» ՍՊԸ-ն է, որն այսօր շահագործում է 1 հէկ՝ «Կայծաղբյուր 2»-ը։ «Կայծաղբյուր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի օգոստոսին։

Ընկերության բաժնետերերը Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԵՑ) ՓԲԸ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են։

«Կայծաղբյուր» ՍՊԸ-ի 33.4 %-ի բաժնետերը Լուսինե Ղասաբօղլյանն է՝ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի տնօրենը: Նա ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի կինն է։

Մյուս 33.3 %-ի բաժնետերը Նելլի Հարությունյանն է՝ ՀԵՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի կինը։

Մնացած 33.3 %-ը պատկանում է Նարինե Ամիրյանին։ Նարինե Ամիրյանն Արցախում տարբեր տարիների տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Խաչատրյանի կինն է։ Անդրանիկ Խաչատրյանը եղել է ԱՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Գյուղատնտեսության նախարար և 2015-2017թթ.՝ Էկոնոմիկայի նախարար։ Անդրանիկ Խաչատրյանն այժմ մասնավոր ընկերություն է ղեկավարում՝ «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է։ «Արցախէներգոն» հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ։

Ընկերության տնօրենը 26-ամյա Սերգեյ Հարությունյանն է: Նա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի որդին է:

«Էներգո Գրուպի» «Կայծաղբյուր 2» հէկը գտնվում է Քաշաթաղի շրջանի Շալուա և Դրախտաձոր համայնքներում՝ Հոչանց գետի վրա։ Այն Քաշաթաղի ամեհահզոր հէկն է՝ դրվածքային հզորությունը 11.152  մեգավատտ (ՄՎտ), միջին տարեկան արտադրությունը՝ 55.78 մլն կիլովատտ (կՎտ) ժամում։ Հէկի շահագործման թույլտվությունը տրվել է 2019 թվականի դեկտեմբերին՝ 15 տարի ժամկետով, մինչ 2034 թվական։

Ինչպես նշեցինք՝ «Էներգո Գրուպ» ՍՊԸ-ն Քաշաթաղի շրջանում կառուցում է ևս երեք հէկ՝ «Կայծաղբյուր 1»-ը, «Կայծաղբյուր 3»-ը, «Գարանիխ»-ը։

«ԿարՀաս» ՍՊԸ 

Աղավնո գետի վրա 2․815 դրվածքային հզորությամբ հէկի թույլտվությունը տրվել է 2017-ից մինչև 2031 թվական։ Ընկերության հիմնադիրը, 100 % սեփականատերը Կարեն Բախշյանն է՝ Պետական եկամուտների կոմիտեի Սիսիանի և Սևանի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Նաիրի Բախշյանի որդին։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի սեպտեմբերին։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման՝ Նաիրի Բախշյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համակուրսեցին է, այդ իսկ պատճառով 2017 թվականին, երբ Հովիկ Աբրահամյանը լքեց վարչապետի պաշտոնը, Բախշյանը ևս, իր դիմումի համաձայն, ազատվեց Սևանի տարածքային հարկային տեսչության պետի պաշտոնից։

«ԿարՀաս» հէկի միջին տարեկան արտադրությունը 19․763 մլն կՎտ ժամ է։

«Իմաստ» ՍՊԸ

ՀՀ նախկին վարչապետն ու հարկային տեսչության նախկին պետն իրենց որդիների միջոցով Աղավնո գետի վրա ևս մեկ հէկ են շահագործում։

Հակ համայնքի տարածքում՝ Աղավնո գետի վրա, 1․864 ՄՎտ դրվածքային հզորությամբ հէկ է շահագործում «Իմաստ» ՍՊԸ-ն։ Ընկերության բաժնետերերն են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը (50 %), Նաիրի Բախշյանի որդին՝ Կարեն Բախշյանը (25 %) և «Արմսվիսբանկ»-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը (25 %)։ Կարեն Բախշյանը նաև «Իմաստ» ՍՊԸ-ի տնօրենն է։ 

2006 թվականին գրանցված ընկերության հիմնադիրն էլ Բերձորի նախկին քաղաքապետ Արթուր Սահակյանն է։ Ընկերությունը հէկի շահագործման թույլտվություն է ստացել 2015 թվականին՝ մինչ 2030 թվական։ Հէկի միջին տարեկան արտադրությունը 14,3 մլն կՎտ/ժ է։

«Կոնտինենտ» ՍՊԸ

Մշենի և Հոչանց համայնքների տարածքում «Հոչանց-1» անվամբ հէկի շահագործման թույլտվությունը տրվել է 2019 մինչև 2034 թվականը։

Ընկերության սեփականատերերն են Գոհար Թամազյանը և Սերգեյ Զաքարյանը։ Նրանք ընկերությունում ունեն 50-ական տոկոս բաժնեմաս։

Գոհար Թամազյանը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արամ Թամազյանի դուստրն է՝ գործարար Իսահակ Սեյրանյանի որդու կինը:

«Կոնտինենտի» «Հոչանց-1» հէկը գտնվում է Քաշաթաղի շրջանի Մշենի և Հոչանց համայնքների տարածքում՝ համանուն գետի վրա։ Դրվածքային հզորությունը 5․76 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 43․46 մլն կՎտ/ժ։ 

«Կոնտինենտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականի սեպտեմբերին։ Ընկերության հիմնադիրը Սերգեյ Մուսայելյանն էր։ Ինչպես հայտնել էինք՝ Մուսայելյանը նաև Արցախի Շահումյանի շրջանում «Լև-2» հէկը շահագործող «Թարթառ էներջի» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Ի դեպ, «Թարթառ էներջի» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը գրավադրված են «Արցախբանկ» ՓԲԸ-ում:

Վերջերս «Թարթառ էներջին» ձեռք է բերել «Հիմնաքար» ՓԲԸ-ն:

«Հակարի» ՍՊԸ

Քաշաթաղի շրջանի հարավային թևում ԱՀ նախկին նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Կոմիտաս Կարապետյանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կանանց անուններով հէկ են շահագործում։

«Հագարի 2» անվամբ հէկ շահագործող «Հակարի» ՍՊԸ-ի սեփականատերերից է Կոմիտաս Կարապետյանի կինը՝ Մերի Կարապետյանը (25 %)։ Նշենք, որ Կոմիտաս Կարապետյանը նախկինում եղել է ԱՀ բնապահպանության վարչության պետ, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։

Ընկերության բաժնետերերից մեկը Արմենուհի Ղուկասյանն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի կինը։ Արմենուհի Ղուկասյանն ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։

Մյուս բաժնետերը Էլիզաբեթ Պետրոսյանն է՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանի կինը: Նա ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։

Ընկերության բաժնետեր է նաև Անահիտ Ղալթախչյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի կինը: Նշենք, որ Ամբարյանը նախկինում եղել է ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ: Անահիտ Ղալթախչյանը «Հակարի» ընկերությունում ունի ևս 25 % բաժնեմաս։

Քաշաթաղի շրջանի Աղանուս և Ծաղկաբերդ համայնքների տարածքում գտնվող այս հէկի շահագործման լիցենզիան տրվել է 2019թ. դեկտեմբերին և գործելու է մինչև 2034 թվականը։ Դրա դրվածքային հզորությունը 8․04 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 45․82 մլն կՎտ/ժ։

Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականի օգոստոսին, տնօրենը Վարդան Խաչատրյանն է՝ Արցախում շահագործվող այլ հէկերի սեփականատեր և տնօրեն: Նա 2014-2017թթ. հաշվապահ էր աշխատում ԱՀ կառավարությանն առընթեր բնապահպանության և բնական ռեսուրսների վարչությունում՝ Կոմիտաս Կարապետյանի ղեկավարման տարիներին (2013-2016 թթ.):

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից «Հետք»-ին հայտնեցին, որ Կոմիտաս Կարապետյանն աշխատանքից ազատվել է 2019թ. օգոստոսին՝ իր դիմումի համաձայն։

«Լև Էներջի» ՍՊԸ (նախկին անվանումը՝ «Թարթառ հէկ»)

«Աղավնո» անունով հէկը գտնվում է նույնանուն գետի վրա՝ Ծիծեռնավանք և Մոշաթաղ համայնքների տարածքում։

Հէկը շահագործում է «Լև էներջի» ՍՊԸ-ն։ 2019թ. օգոստոսի 8-ից ընկերության սեփականատերերն են գործարար Գևորգ Խաչատրյանը և նրա կինը՝ Արմինե Ասատրյանը։ Գրանցման պահին (20.02.2014) ընկերության հիմնադիրներն են եղել գործարար Սերգեյ Մուսայելյանը և ԱՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության նախկին պետ Կոմիտաս Կարապետյանի կինը՝ Մերի Կարապետյանը։

Սերգեյ Մուսայելյանի և Գևորգ Խաչատրյանի կապը Կոմիտաս Կարապետյանի հետ

Գևորգ Խաչատրյանը Վարդան Խաչատրյանի եղբայրն է, վերջինս նաև Սերգեյ Մուսայելյանի հետ համասեփականատեր էր Շահումյանի շրջանում հէկ շահագործող «Թարթառ էներջի» ընկերությունում։

Վարդան Խաչատրյանը պնդում է, որ «Լև էներջի» ՍՊԸ-ն ու «Աղավնո» հէկը միայն իրենց ընտանիքի բիզնեսն է, որի սեփականատերը եղբայրն ու նրա կինն են: Վարդան Խաչատրյանի խոսքով՝ Շահումյանի շրջանում «Լև-2» հէկը շահագործող «Թարթառ էներջին» ոչ մի առնչություն չունի այլ անձանց հետ, բացի փաստաթղթում նշված սեփականատերերից:

«Աղավնո» հէկի դրվածքային հզորությունը 4.525 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը 37.99 մլն կՎտ/ժ: Հէկի շահագործման թույլտվությունը տրվել է 2018-ի մարտին՝ մինչ 2033 թվականը։

Քաշաթաղի «դաշնակցության» 4 հէկը՝ Աղավնո գետի վրա
«Սյունիք-1», «Սյունիք-2», «Սյունիք-3», «Սյունիք-4» 

«Իզոտոպ Դելտա» ՍՊԸ

Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում Զաբուխ (Աղավնո) գետի վրա 2.55 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Սյունիք-1» հէկը շահագործող «Իզոտոպ Դելտա» ընկերությունը 18 սեփականատեր ունի։

«Իզոտոպ Դելտա» ՍՊԸ-ն 2009 թվականին հիմնադրել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Մկրտչյանն ու տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը։

Նրանք նաև ընկերության բաժնետերերն են և ընկերությունում ունեն 5-ական տոկոս բաժնեմաս։ Բացի նրանցից, ընկերության բաժնետերերի շարքում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանի որդին` Հայկ Հովհաննիսյանը (5%), և կինը` Լաուրա Պետրոսյանը (5%): Մյուս բաժնետերերից են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը (2%), 2013թ. Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածու Հովհաննես Սարգսյանը (10 %)։ Ընկերության բաժնետերերից է նաև Հարայեր Սուղմունյանը (7.5%)՝ Դուբայում գործող քաղաքացիական, արդյունաբերական և ռազմարդյունաբերական շինարարության բնագավառում մասնագիտացած հայտնի Քափրիոլ Քընսթրաքշըն (Capriole Construction) ընկերության հիմնադիրն ու նախագահը։ Հարայեր Սուղմունյանը նաև Շահումյանի շրջանում և Լոռու Մարցիգետի վրա գործող հէկերի բաժնետերն է։

«Իզոտոպ Դելտայի» տնօրենն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Հակոբ Մաթիլյանը։ Նրա աշխատավարձը «Իզոտոպ Դելտայում» 2018 թվականին կազմել է 4 200 000 դրամ: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից։ Նշենք, որ Հակոբ Մաթիլյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի համամասնական ցուցակում պատգամավորի թեկնածու էր։

«Սյունիք-1»-ը Քաշաթաղի շրջանի առաջին հէկն է, այն շահագործման թույլտվություն է ստացել 2011 թվականին՝ մինչ 2026 թվականը։ Հէկի միջին տարեկան արտադրությունը՝ 18,25 մլն կՎտ/ժ։

«Պրոտոն» ՓԲԸ

3.255 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Սյունիք-2» անվամբ հէկը շահագործում է «Պրոտոն» ՓԲԸ-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականի հուլիսին՝ Լևոն Մկրտչյանի ու Դավիթ Լոքյանի կողմից։ Ընկերության տնօրենը կրկին ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Հակոբ Մաթիլյանն է։

«Սյունիք-2» հէկը գտնվում է Աղավնո համայնքում՝ Աղավնո գետի վրա։ Հէկի միջին տարեկան արտադրությունը 18,3 մլն կՎտ/ժ է։

Փակ բաժնետիրական ընկերություն լինելու պատճառով չենք կարող ծանոթանալ ընկերության սեփականատերերի ցանկին, քանի որ ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ՓԲԸ-ների գրանցամատյան չի վարում։ Սակայն ՀՀ ԿԸՀ 2018թ. հայտարարագրից պարզ է դառնում, որ «Պրոտոն» ընկերությունում շահաբաժին (բաժնեմաս) ունի Հակոբ Մաթիլյանը, այն կազմել է 3 960 000 դրամ, իսկ աշխատավարձը՝ 4 200 000 դրամ։  

«Դա, կարելի է ասել, զուտ քաղաքական կեցվածքի հարց է՝ վստահեցնելու նաև մեր այստեղի ժողովրդին, որ մենք իրենց մեջքին ենք, Սփյուռքը իրենց մեջքին է, և դա փոխադարձ վստահությամբ է գալիս։ Այսինքն՝ Ղարաբաղի իշխանությունները վստահեցնում են, որ այս տարածքները մերն են, ու մնում են, ժողովուրդը այստեղ է և մնում է, և Սփյուռքից հնարավորը պիտի անեն, որպեսզի ժողովուրդը կարողանա մնալ և բազմանալ»,- այս մասին հայտնել էր ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ «Սյունիք-2»-ի բացման օրը։

Հէկը բացվել է 2012թ․ մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրման օրվա կապակցությամբ։ Հէկի բացմանը ներկա էին Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ: 

«Ալֆամագ» ՓԲԸ

2013 թվականից 1.728 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Սյունիք-3» հէկը  շահագործող ընկերությունը 2011 թվականին հիմնադրել է Վահե Հարթունի Հարթունյանը։ Այն գտնվում է Աղավնո համայնքում՝ Աղավնո գետի վրա։ Հէկի միջին տարեկան արտադրությունը 13,9 մլն կՎտ/ժ է։

Ընկերության ՓԲԸ լինելու պատճառով դարձյալ կարող ենք իմանալ միայն ընկերության հիմնադրի ու տնօրենի անունները։

«Ալֆամագ» ՓԲԸ-ի տնօրենը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հակոբ Մաթիլյանն է, որը նախկինում ՀՀ բնապահպանության փոխնախարարն էր։ Ըստ 2018 թվականի հայտարարագրի՝ նա ընկերությունում նաև բաժնեմաս ունի. այդ տարի ՓԲԸ-ում աշխատավարձը կազմել է 1 200 000 դրամ, իսկ շահաբաժինը՝ 1 800 000 դրամ։

Արցախի հանրային հեռուստատեսության վերոնշյալ ռեպորտաժում ասվում է նաև, որ եթե «Սյունիք» անունը կրող առաջին երկու հիդրոէլեկտրակայանները համատեղ ուժերով են կառուցվել, ապա «Սյունիք-3»-ը՝ բացառապես սփյուռքահայերի ներդրումների արդյունքում։

«Նետրինո» ՓԲԸ 

ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչներն ու Հայաստանի նախկին պաշտոնյաները Աղավնո գետի վրա ևս մեկ հէկ են շահագործում։

«Նետրինո» ՓԲԸ-ի «Սյունիք-4» հէկը գտնվում է Մոշաթաղ համայնքում։ 2․4 ՄՎտ դրվածքային հզորությամբ հէկի միջին տարեկան արտադրությունը 17․09 մլն կՎտ/ժ է։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և հէկի շահագործման թույլտվությունը ստացել 2013-ին՝ մինչ 2028 թվականը։

«Աղավնոյի վրա 4 հէկից բաղկացած համակարգի արժեքը 10 միլիոն ԱՄՆ դոլար է»,- ասվում է հէկի շահագործման մասին պատմող ռեպորտաժում։

Ընկերության հիմնադիրներն են Հայաստանի գյուղատնտեսության ու տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, Լոքյանի ազգական Սուրեն Դոշոյանը, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, Հարայեր Սուղմունյանը, Հակոբ Մաթիլյանը։

Ընկերության տնօրենը Սուրեն Դոշոյանն է։

«Էներգո-սթար» ՓԲԸ

«Էներգո-սթար» ՓԲԸ-ի «Հոչանց-3» կոչվող հէկը գտնվում է Դրախտաձոր համայնքում՝ նույնանուն գետի վրա։ Հէկի դրվածքային հզորությունը 3․654 Մվտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 26․59 մլն կՎտ/ժ։

Ընկերության հիմնադիրներն են Անժելա Ասրյանը և Դոնարա Կասյանը։ Նրանք ընկերությունը հիմնադրել են 2017 թվականին։

Անժելա Ասրյանն Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայոր, հունիսի 29-ից Արցախի Հանրապետության նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանի կինն է։ Դոնարա Կասյանը Շուշիի շրջվարչակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Կասյանի կինն է։

Վլադիմիր Կասյանը «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է. նորընտիր պատգամավորը 2020 թվականի համապետական ընտրություններին «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ցուցակում յոթերորդն էր։

«Էներգո-սթար»-ի տնօրենը Բենյամին Բալասանյանն է՝ Վլադիմիր Կասյանի ազգականը,  որը նաև Շուշիի շրջվարչակազմի ղեկավարման տարիներին նրա վարորդն է եղել:

Հէկի շահագործման թույլտվությունը տրվել է 2019-ի հուլիսին՝ մինչ 2034 թվականը։

«Վիկինգ» ՍՊԸ

«Վիկինգ» ՍՊԸ-ն շահագործում է «Սյունիք» հէկը։ Այն գտնվում է Քաշաթաղի շրջանի հարավային թևում՝ Դողար գյուղի հարակից հատվածում՝ Որոտանի ձախ վտակ Վարարակն գետի վրա։

Դրա դրվածքային հզորությունը 1․813 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 12․125 մլն կՎտ ժամում։

«Վիկինգ»-ին շահագործման թույլտվություն տրվել է 2017-ից մինչև 2032 թվականը։ Ընկերության սեփականատերերն են Անահիտ Վարդազարյանը (30 %), Իննա Նիկոյանն (40 %) ու Լուսինե Գևորգյանը (30 %)։

Լուսինե Գևորգյանը Հայաստանի ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի կինն է։ Գալստյանը աշխատանքից ազատվել է 2018թ. մայիսին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։ Գալստյանը ՃՈ համակարգում աշխատել է երկար տարիներ։ Ամուսինները բնակվում են Գորիսում։

Հէկի շահագործումը սկսելիս «Վիկինգ» ընկերությունը 2017թ. փետրվարին ՀՀ կառավարության կողմից մաքսային և հարկային արտոնություններ է ստացել։ Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականի սեպտեմբերին։

«Հիմնաքար» ՓԲԸ

«Հիմնաքար»-ի «Բերդիկ» հէկը գտնվում է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքի Աղավնո գետի Սևջուր վտակի վրա։

Այս հէկի դրվածքային հզորությունը 0․5 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 4․78 մլն կՎտ/ժ։

Թե ովքեր են ընկերության ներկայիս սեփականատերերը՝ Արցախի իրավաբանական անձանց ռեգիստրից չեն փոխանցել, քանի որ ՓԲԸ-ների գրանցամատյան չեն վարում:

«Հիմնաքար» ՓԲԸ-ի տնօրենը Արթուր Հայրապետյանն է։ «Հետքը» Արթուր Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ովքեր են ընկերության սեփականատերերը։ «Գաղտինք չէ սեփականատերերի անունները, բայց ես չգիտեմ»,- ասաց նա։

Տեղացիներն ասում են, որ Արթուր Հայրապետյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի քեռորդին է, սակայն նա մեզ հետ զրույցում հերքեց, որ Արայիկ Հարությունյանի հետ բարեկամական կապ ունի։

2004 թվականին գրանցված «Հիմնաքարը» 2011 թ․ միացել է «Տեխնոշին» ՓԲԸ-ին։ 2009 թ․ «Տեխնոշին» ընկերության տնօրենն է եղել Գագիկ Բախտամյանը։ Գագիկ Բախտամյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դասընկերն է։ 

Բացի այդ,  «Տեխնոշինի» սեփականտերներն են եղել Արայիկ Հարությունյանի աներ Վլադիմիր Պողոսյանը (50 %) և գործարար Հակոբ Հակոբյանը (50 %)։ Վերջինս Արցախի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի՝ «Քարավանի» սեփականատերն է։  Բախտամյանից առաջ «Տեխնոշինի» տնօրենն էր Վահրամ Բեգլարյանը` «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության ներկայիս տնօրենը։ Վերջինս համապետական ընտրություններին աջակցում էր Արայիկ Հարությունյանին։ 

«Տեխնոշինի» միակ սեփականատերն է դարձել Վահրամ Բեգլարյանը։ 2011 թ․ «Տեխնոշինը» գործունեությունը դադարեցրել է՝ միանալով «Հիմնաքար» ՓԲԸ-ին։

«Հիմնաքար» ՓԲԸ-ն «Բերդիկ» հէկի համար շահագործման թույլտվություն է ստացել 2018 թվականի ապրիլին՝ մինչ 2033 թվականը։

«Հիմնաքարը» զբաղվում է շինարարությամբ՝ կամուրջներ, ճանապարհներ, հէկեր, ջրամբարներ ու ջրանցքներ է կառուցում։ Ըստ Արցախի ներդրումային հիմնադրամի 2012 թվականի հանդեսի՝ «Հիմնաքարը» միակն էր, որ մասնագիտանում էր հէկերի կառուցման մեջ։ Այն ժամանակին կառուցել է «Մատաղիս-1», «Մատաղիս-2», «Թրղե-1», «Թրղե-2», «Սյունիք-2», «Սյունիք-3», «Սյունիք-4» հէկերը:

«Հիմնաքար» ՓԲԸ-ն արդեն երկու հէկ է շահագործում․ քանի որ այս տարվա հուլիսից ձեռք է բերել Շահումյանի շրջանում «Լև-2» հէկը շահագործող «Թարթառ էներջի» ՍՊԸ-ն։ 

«Լև-2»-ը (4․186 ՄՎտ) դրվածքային հզորությամբ մի քանի անգամ գերազանցում է «Բերդիկ» հէկին (0.5 ՄՎտ)։ 

«Ծովինար-Նարեկ» ՍՊԸ

«Ծովինար-Նարեկ» ընկերությունը «Ակունք» հէկը շահագործում է Լեռնահովիտ համայնքի Շրվական գյուղի տարածքում՝ Սպիտակաջուր գետակի վրա։ Այս հէկի դրվածքային հզորությունը 0․055 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 0․475 միլիոն կՎտ/ժ։

«Ծովինար-Նարեկ» ՍՊԸ-ի միակ սեփականատերը Նարեկ Կարապետյանն է։ Նա 41 հոգանոց Լեռնահովիտ համայնքի նախկին ղեկավար Մասիս Կարապետյանի որդին է։ Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին և նույն տարում ստացել շահագործման թույլտվություն՝ մինչ 2031 թվականը։

ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել․ 2019 թվականից հէկերի շահութահարկի 10 % դրույքաչափը դարձել է 20 % (էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների համար)։  

Արցախում մի քանի հէկեր շահագործող «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Ժան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ շահութահարկի բարձրացումն ազդել է բիզնեսի վրա«Շահութահարկի կրկնապատկման հետևանքով ընկերության զուտ շահույթը նվազել է մոտ 154 մլն ՀՀ դրամով»,- նշեց նա։

Մոշաթաղ 

Մոշաթաղի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Վահրամ Գալստյանն ասում է՝ վերջին տարիներին Աղավնո գետում կարմրախայտը գրեթե անհետացել է: «Հատուկենտ է պատահում կարմրախայտը։ Մեղվաբուծությանն էլ են վնասում հէկերի՝ ձյութով պատված խողովակները։ Դրանց բաղադրությունը հայտնվում է ակնամոմերում»,- ասում է նա։

Գալստյանը մտահոգված է, որ հէկերը գետի մակարդակից բավականաչափ ջուր են տանում:

«Գետերում Կարմիր գրքում գրանցված ձկներ կան, որոնք հնարավորություն չունեն հասնելու իրենց ձվադրման վայրեր»,- ասում է Արմեն Աղայանը։ Նա Արցախի փոքր հէկերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատող հանձնաժողովի անդամ է եղել։

Աղայանի կարծիքով՝ իրավասու մարմինը և նախագծողները պատկերացում չեն ունեցել գետերում ջրի քանակի մասին, և թույլտվությունները տրամադրվել են ոչ միայն հին օրենքով, այլև գոյություն չունեցող ջրի քանակի հաշվարկով՝ 40 տարվա հնության տվյալների հիման վրա։

«Այստեղ անասնապահության վայրեր են՝ արտեր չկան, դրա համար այստեղ ոռոգումը քչերին է հետաքրքրում, միայն թե անասունների ծարավը հագեցնեն»,- ասաց Լեռնահովիտ գյուղի բնակիչ, անգլերենի ուսուցիչ Սերգեյ Օգոլցովը:

Լեռնահովիտը Մոշաթաղից մոտ 15 կմ հեռավորության վրա է գտնվում։

«Հէկերը, որոնք ջրի մակարդակից 60 տոկոսն են տանում, գետահունի մոտի մնացուկային անտառների կործանման պատճառ են դառնում: Գետն անցնում էր անտառի միջով, հիմա այն մտցնում են խողովակը ու բաց թողնում այնտեղ, որտեղ անտառը վերջանում է»,- ասաց Սերգեյ Օգոլցովը:

Արցախում բնապահպանական ինչ խնդիրներ են ստեղծում հէկերը

Արցախում 2020թ. փետրվարին ստեղծվել է շրջակա միջավայրի վրա փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով։ ԱՀ պետնախարարը հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարել է դեռ հունվարի 27-ին՝ Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի հացադուլի 6-րդ օրը։ Վերջինս պահանջում էր Քարվաճառի (Շահումյանի) շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնել, շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնել, արցախյան հէկաշինության բնապահպանական և ֆինանսական բնույթի հանցագործությունները քննել՝ թափանցիկ հանձնաժողով ստեղծելով։

Ձևավորված հանձնաժողովի խնդիրներից էր գնահատել Շահումյանի շրջանի կառուցվող և գործող փոքր հէկերի հավաքական գործունեության հնարավոր բնապահպանական ազդեցության աստիճանը, իսկ հնարավորության դեպքում՝ ուսումնասիրել և գնահատել Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում շահագործվող փոքր հէկերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ 

Հանձնաժողովը կազմված էր ԱՀ և ՀՀ պաշտոնյաներից, անկախ փորձագետներից և հասարակական ներկայացուցիչներից։

«Իրողությունն այն է, որ իշխող և ամեն բան արդեն յուրացրած վերնախավը մի պահ գլխի է ընկել, որ կարելի է գետերն էլ յուրացնել, և որ փհէկերը հանքերից ոչ պակաս շահավետ են, ու իրար միջև բաժանել են գետահուները»,- ասում է հանձնաժողովի հասարակական ներկայացուցիչ Արմեն Աղայանը՝ խոսելով փոքր հէկերի խախտումների մասին։

Ըստ Աղայանի՝ Արցախում չեն էլ մտածել գետային ավազանների կառավարման պլան ունենալու մասին, այդ իսկ պատճառով որևէ պատասխանատու պաշտոնյա չի սահմանել ջրօգտագործման առաջնահերթությունները՝ կապված բնակչության, ոռոգման և այլ կարիքների հետ, կամ որևէ ձևով չի ուրվագծվել հիդրոէներգետիկ պաշարները նպատակահարմար օգտագործելու հարցը։

Աղայանը պնդում է, որ խորհրդարանը պետք է «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ կատարի՝ կարգավորելով դաշտը. «Արցախի կառավարությունը, սովորականի պես, ժամանակին արտագրել է ՀՀ ջրային օրենսդրությունը, սակայն ամիսներ շարունակ օրենսգրքի լրացումներն ու փոփոխությունները չի մտցրել խորհրդարան։ Այդ ընթացքում, իմանալով, որ իրենց իսկ արտագրած օրենքով բնապահպանական ավելի խիստ չափանիշներ են սահմանվում, նրանք շտապում են հին օրենքով յուրայիններին թույլտվություններ բաժանել»,- նշում է նա։

«Բացի այդ, անթույլատրելի ծանրաբեռնված է եղել գետերի երկարությունը։ Օրինակ՝ Աղավնոյի դեպքում նախարարությունը խոստովանում է 68 տոկոս ծանրաբեռնվածության մասին` թույլատրելի 40-ի փոխարեն, թեև գետի երկայնքով անցնելիս կարելի է տեսնել, որ մեկ հէկի շենքից մյուս հէկի ջրհավաքի միջև հեռավորությունը երբեմն ընդամենը 300 մ է»,- նշում է նա։

Անդրադառնալով Արցախում հէկաշինության հեռանկարներին՝ Արմեն Աղայանը նշում է, որ որոշ հատվածներում ճիշտ էր ոչ թե հինգ հաջորդական փոքր հէկ կառուցել, այլ մեկ ջրամբար՝ ավելի հզոր հէկով։ Վստահեցնում է, որ դա ավելի լավ էկոհամակարգ կձևավորեր այդ ձորակում՝ միևնույն ժամանակ ավելացնելով ոռոգման հնարավորությունները, անհրաժեշտ ամիսներին նաև ձկնարդյունաբերություն զարգացնել, նպաստել զբոսաշրջությանը։ Աղայանը վստահ է՝ եթե առկա փոքր հէկերը որոշ ժամանակ անգամ գործեն, օրենքին համապատասխանելու պարագայում ապամոնտաժվելու են և իրենց տեղը զիջելու են ավելի տրամաբանված լուծումների։

«Ջրային պաշարների էներգետիկ հնարավորությունները պետք է օգտագործվեն լավագույն արդյունավետությամբ։ Բայց դրա համար անհրաժեշտ է համալիր ծրագիր։ Այն պետք է համապատասխանի ազատագրված շրջաններում նոր բնակավայրերի շինարարության, գյուղատնտեսության և ընդհանուր զարգացման պահանջներին։ Երկրորդը՝ գետերը պետք է շահագործվեն ոչ թե իշխանամերձ շրջանակի ագահությունը բավարարելու համար, այլ ազգային նպատակահարմարությամբ և արդյունավետությամբ»,- նշում է նա։

Արցախում 2013 թվականից պարբերաբար թանկանում է էլեկտրաէներգիայի սակագինը (ցերեկայինը 1 կՎտ/ժ 25 դրամ էր, գիշերայինը՝ 15), սակայն բնակչությունը շարունակում է վճարել 25 դրամ (անկախ ժամերից)․ ԱՀ կառավարությունը սուբսիդավորում է տարբերությունը։

Արցախում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան 0,38 կՎ և ցածր լարմամբ (այդ թվում՝ բնակչության) սնվող սպառողների համար ցերեկային սակագին է սահմանել 49 դրամ, գիշերային՝ 44 դրամ։

ՀՀ-ում հանձնաժողովը ցերեկային էլեկտրաէներգիայի համար սահմանել է 44.98 դրամ/կՎտ/ժ սակագին` ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերը՝ 34.98 դրամ/կՎտ/ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 31-ի որոշմամբ՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված և 2017-ից հետո արտադրման լիցենզիա ստացած փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել է 23․536 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի)։ Այսինքն՝ բնական ջրահոսքի վրա կառուցված հէկի միջին եկամուտը իմանալու համար պետք է էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրությունը բազմապատկել 23.536 դրամով: Նշենք, որ Արցախում միայն երեք հէկ է ոռոգման համակարգի վրա կառուցված, մնացածը՝ բնական ջրահոսքի վրա:

Լուսանկարներում՝ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևը, Աղավնո գետի վրա կառուցված հէկերը

Գլխավոր լուսանկարում՝ Դավիթ Լոքյանը, Հակոբ Մաթիլյանը, Արգամ Աբրահամյանը, Վլադիմիր Կասյանն ու Լեւոն Մկրտչյանը:

Մեկնաբանություններ (4)

Մանե
Ում համար սուբյեկտիվ նյութ (երկրորդ անգամ կարդալուց հետո արդեն պարզ է ում համար), ում համար իրականություն;
Сергей Огольцов
очень естественный процесс описанный ещё Солженицыным - "умри ты сегодня, чтобы я дотянул до завтра"
mahmouzian
during thoses construction I had business to do in aravno and the villages around .15 year ago a little bridge in aravno was mostly under water.it was. at time very difficult to go to my little farm .well I sold it not because of the flow of water. but because of no water .between aravno and moushatagh they build 3 hydro plant .discusting how those people are dishonest. and greedy. and fool .and there moto is haistan haistan. get rid off them.
Հասմիկ
Հարգելի «Հետք», ես միշտ կարծել եմ, որ դուք անաչառ լրագրողական հետաքննություն եք վարում։ Բայց ակնհայտ է, որ սա սուբյեկտիվ նյութ է, մանիպուլյացիաները բառապաշարում շատ են, որով ընթերցողին այլ տեղ եք ուղղորդում։ Չբացատրեմ, ինքներդ դա լավ հասկանում եք։ Իսկ եթե կան չհասկացողներ՝ թող մի անգամ էլ ընթերցեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter