HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերաքննիչ դատարանը բեկանել և ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայցը

Քաղաքացիական վերաքննիչ դատարանը հուլիսի 31-ին որոշել է բավարարել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 11-ին կայացրած վճիռը և ամբողջությամբ մերժել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայցը: Դատարանը նաև որոշել է Վարդան Հարությունյանից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բռնագանձել 10.000 դրամ՝ որպես պետական տուրք նախապես վճարված գումար: 

Հիշեցնենք՝  ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի։  Նախկին բարձրաստիճան պաշտոնյան պահանջում էր, որպեսզի լրատվամիջոցը հատուցի իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը, ինչպես նաև հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստական տվյալները:

Մարտի 11-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավերարել էր Վարդան Հարությունյանի հայցը։ Դատավոր Ալեքսեյ Սուքոյանը մի դրվագով արձանագրել էր, որ լրագրողների անբարեխղճության մասին խոսք լինել չի կարող, քանի որ արտահայտությունը հոդվածի ամբողջական համատեքստում դիտարկելու պայմաններում ակնհայտ երևում է, որ լրագրողները մեջբերել են ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից հատված։ Իսկ մյուս դրվագներով համարել էր, որ զրպարտություն է թույլ տրվել: 

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

2019 թ. ապրիլին «Հետք»-ը հետաքննություն է հրապարակել, որով բացահայտվել են ՀԴՄ սարքերի գնման կասկածելի գործարքները: ՊԵԿ-ը «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ՀԴՄ սարքերը գնել է իրական արժեքից 70% բարձր գնով: Իսկ նշված ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% ավել։ 

Վարդան Հարությունյանի հայցի հիմքը դարձել է «ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով. հարուցվել է քրեական գործ» հոդվածը, որը մեծամասամբ մեր հոդվածների հիման վրա ՊԵԿ-ի բացահայտման մասին էր։ 

Ինչ եզրահանգումներ է կատարել Քաղաքացիական վերաքննիչ դատարանը

Վերաքննիչ դատարանը, քննելով վերաքննիչ բողոքը, եզրահանգել է, որ Սահմանադրությամբ՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ հրապարակված հոդվածը զրպարտություն է, Վերաքննիչ դատարանը արձանագրել է՝ հրապարակման մեջ բացակայում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որպեսզի քաղաքացիական օրենսգրքով դրանք որակվեն Վարդան Հարությունյանին զրպարտող տեղեկություններ: 

«Մասնավորապես՝ նշված հոդվածի սկզբնամասում նշվել է, որ ՀՀ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել և ներկայացվել են այդ հաղորդագրության տվյալները, որոնք իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ ապացույցներ գործում բացակայում են: Այսինքն՝ անառարկելի փաստ է, որ նման բովանդակությամբ հաղորդագրությունը տարածվել է»,-հայտնել է Վերաքննիչ դատարանը։

Ինչ վերաբերում է ««Հետք»-ն ամիսներ առաջ ՀԴՄ սարքերի գնման մասին հետաքննություն էր հրապարակել» հոդվածում առկա տվյալներին, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դրանք նույնպես համապատասխանում են իրականությանը, քանի որ ոչ ոք չի վիճարկել փաստն այն մասին, որ նման տեղեկություններով հոդված նույնպես հրապարակվել է, իսկ այդ հոդվածի հրապարակման կապակցությամբ ոչ ոք դատարան չի դիմել, այսինքն՝ դրա հասցեատերերը չեն արձագանքել և ընդունել են դրանում զետեղված տվյալները։ Դատարանը հայտնել է, որ այդ պայմաններում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն որևէ սահմանափակում չի ունեցել այդ գործով վիճարկվող հոդվածում դրա տեղեկություններին անդրադառնալու՝ հղում կատարելու համար: 

«Նշվածի հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս դեպքում նույնպես բացակայում են իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որպեսզի հոդվածի քննարկվող մասի տեղեկությունները որակվեն որպես հայցվորին զրպարտող տեղեկություններ»,-եզրահանգել է դատարանը:

Այս հիմնավորումներով Վերաքննիչ դատարանը որոշել է, որ առաջին ատյանի դատարանը գործի թերի քննություն կատարելու, գործում առկա ապացույցների ոչ օբյեկտիվ քննություն կատարելու արդյունքում եկել է սխալ եզրահանգման և նման պայմաններում բողոքի հիմքերը բավարար են, որպեսզի հայցը բեկանվի և մերժվի։

Ընթերցեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter