HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գլենդելում 1,7 մլն դոլարով առանձնատուն եւ բնակարան է գնել

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին (1997-2015 թթ.) գործադիր տնօրեն, մշակույթի նախկին (2016-2018 թթ.) նախարար Արմեն Ամիրյանը բավականին ակտիվ է ամերիկյան անշարժ գույքի շուկայում: 2018-2020 թթ. նախկին պաշտոնյան մեկ առանձնատուն է վաճառել, փոխարենը գնել է մի բնակարան եւ մի նոր տուն: Ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը 1.663.000 դոլար է:

Արմեն Ամիրյանի ամերիկյան անշարժ գույքի մասին նախկինում եւս գրել ենք:

Ամիրյանի հիմնական հասցեն

2008 թ. օգոստոսի 13-ին, երբ դեռ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր, Ա. Ամիրյանը առանձնատուն է գնել Գլենդելի Քեմփթոն ռոուդ 300 (300 Kempton Road, Glendale) հասցեում՝ վճարելով 820.000 դոլար: Նրա կինը՝ Հրանուշ Ամիրյանը, համաձայնություն է տվել, որ գույքը գրանցվի որպես ամուսնու միանձնյա սեփականություն:

ISfs215tsbsl4u1000000000.jpg (118 KB)

2018-ի հունվարին՝ մշակույթի նախարար եղած ժամանակ, Արմեն Ամիրյանն այս տան գրավադրմամբ 280.000 դոլար վարկ է վերցրել շինարարական նպատակներով: Այսօր էլ Քեմփթոն ռոուդ 300 հասցեի առանձնատունը Ամիրյանի սեփականությունն է, չնայած 2008-ի օգոստոսից գույքը կառավարման է հանձնված «Amiryan Living Trust»-ին:

Մեր հրապարակումից հետո «Google Maps»-ը, ամենայն հավանականությամբ, հենց Ամիրյանի խնդրանքով ծածկել է այս տան պատկերը, այսինքն՝ «Google Maps»-ի «steet view» գործիքի միջոցով ներկայում հնարավոր չէ նայել, թե ինչ տեսք ունի տունն արտաքնապես:

Կարելի է ասել, որ Քեմփթոն ռոուդ 300-ը Արմեն Ամիրյանի ամերիկյան հիմնական հասցեն է, ինչի մասին հայտնել է ոչ միայն «Հետքի» աղբյուրը, այլեւ, ինչպես գրել ենք, նախկին նախարարն այս տարվա հունվարին «Radio House» անունով ընկերություն է հիմնել Գլենդելում, որի հասցեն, դժվար չէ կռահել, նույն Քեմփթոն ռոուդ 300-ն է: Սա նշված է նաեւ որպես ընկերության նախագահ ու տնօրեն Ա. Ամիրյանի կոնտակտային հասցե:

1960-ին կառուցված, 3 ննջասենյակ ու նույնքան լոգասենյակ ունեցող այս առանձնատան մակերեսը 193 քմ է, իսկ ընդհանուր հողամասինը՝ 743 քմ: 2019-ին, ըստ հարկային փաստաթղթերի, անշարժ գույքը (հողը եւ շենքը) գնահատվել է 946.606 դոլար, որի հարկը հաշվարկվել է 10.452 դոլար:

Նախկին պաշտոնյան մոտ 1 մլն դոլարով վաճառել է տներից մեկը

2013 թ. օգոստոսի 21-ին Ամիրյանը եւս մի առանձնատուն էր գնել, այս անգամ՝ Գլենդելի Հիլքրոֆթ ռոուդ 943 հասցեում (943 Hillcroft Road, Glendale): Տունը Հանրային ռադիոյի այն ժամանակվա տնօրենը ձեռք էր բերել Կարո Բանջարյանից, սակայն գործարքի գինը չէր հանրայնացվել: Այս դեպքում եւս Ամիրյանի կինը համաձայնություն էր տվել, որ գույքը գրանցվի ամուսնու անունով:

a1c76043-ab74-4eea-a51c-1e5c26105ec3.jpg (111 KB)

Բանջարյան-Ամիրյան գործարքում նշվել է, թե գույքը փոխանցվում է որպես նվեր, եւ նվիրատուն որեւէ փոխհատուցում դրա դիմաց չի ստացել: Այս դեպքում փաստաթղթային փոխանցման հարկ (documentary transfer tax) չի մուծվում: Սակայն հետաքրքիր է, որ գործարքում այս հարկատեսակից ազատման երկու տարբեր հիմքեր են նշվել. մեկը նվիրատվությունն է, մյուսը՝ ամուսինների միջեւ գույքի փոխանցումը: Սա, իհարկե, տարօրինակ է, քանի որ Կարո Բանջարյանն ու Արմեն Ամիրյանն ամուսիններ չեն:  

grant-deed.jpg (584 KB)

Նշենք, որ Բանջարյանն իր հերթին տունը գնել էր վաճառելուց 2 ամիս առաջ՝ 2013-ի հունիսին, եւ այդ ժամանակ 365.000 դոլար փոխառություն էր վերցրել Ֆրիդա Նաջարյանից, որը պետք է մարվեր 1 տարում: Այն բանից հետո, երբ տունը փոխանցվել է Արմեն Ամիրյանին, այս պարտավորությունը եւս անցել է նրան: Բացի դրանից՝ 2014-ի օգոստոսին Հանրային ռադիոյի ղեկավարը տան գրավադրմամբ 30 տարով 380.000 դոլար վարկ է վերցրել: 2014-ի սեպտեմբերին էլ Ամիրյանը գույքը կառավարման է հանձնել «Amiryan Living Trust»-ին: 2017-ի հունիսին, երբ արդեն մշակույթի նախարարն էր, Ամիրյանն ու նրա թրասթը 207.000 դոլարի եւս մեկ վարկ են վերցրել, որը պետք է մարվեր մինչեւ 2018 թ. հունվարի 1-ը:

Հիլքրոֆթ ռոուդ 943 հասցեի առանձնատունը կառուցվել է 1925-ին, ունի 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ, մակերեսը 134 քմ է, իսկ ընդհանուր հողամասինը՝ 1597 քմ: 2019-ին, ըստ հարկային փաստաթղթերի, ամբողջ անշարժ գույքը գնահատվել է 637.367 դոլար, որի հարկը հաշվարկվել է 7092 դոլար:

Այս տարվա հունվարին Արմեն Ամիրյանը 1.100.000 դոլարով վաճառքի է հանել առանձնատունը: Գույքի նկարագրության մեջ նշվել է, որ տունն ունի խոշոր հյուրասենյակ եւ ճաշասենյակ, բուխարի, մեծ խոհանոց, բացի 3 ննջասենյակից ու 2 լոգասենյակից՝ առաջին հարկում կա հյուրերի համար նախատեսված մեկական ննջասենյակ ու լոգասենյակ: Այս ամենից զատ՝ տանը կից կա մեծ ետնաբակ, ավտոտնակ:

Նախկին պաշտոնյան կարողացել է անշարժ գույքն իրացնել մայիսի 11-ին 1.010.000 դոլարով: Գնորդները եղել են Ռաչանա Շահն ու Պրաշանթ Սինհան (Rachant Shah, Prashant Sinha), որոնք գործարքի համար ներգրավել են մոտ 909.000 դոլար վարկային միջոցներ «Bank of America»-ից:

Այս տան պատկերը եւս «Google Maps»-ը ծածկել է մեր առաջին հրապարակումից հետո (մինչ օրս փակ է), սակայն համացանցում կարելի է գտնել դրա լուսանկարները:

«Հետքի» հրապարակումից հետո Ամիրյանի հայտարարագրի տվյալները փոփոխվել են

Ա. Ամիրյանի ամերիկյան գույքի մասին նյութում գրել էինք նաեւ Գլենդելի Սաութ Վերդուգո-Իսթ Հարվարդ խաչմերուկի (South Verdugo Road, East Harvard Street) վրա գտնվող հողակտորի մասին, որը նա ձեռք էր բերել 2013-ի հոկտեմբերի 18-ին Ալբերտ Լանչյանից: Գույքի գինը եղել է 1.162.000 դոլար:

631 քմ մակերեսով հողամասի վրա 3 շինություն կա՝ խանութ, սննդի կետ եւ երկհարկանի բնակելի շենք: 2018-ի փետրվարի 23-ին նախարար Ամիրյանը 2.040.000 դոլարով վաճառել է այս ամբողջ գույքը Ֆիլյանների ընտանիքին:

Մեր հրապարակման մեջ անդրադարձել էինք նաեւ այս գույքի վաճառքի հայտարարագրմանը: Այսպես՝ 2017-ի մայիսին մշակույթի նախարար վերանշանակված Ա. Ամիրյանը պաշտոնի ստանձնման հայտարարագրում ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք՝ 3 հողամաս, 5 առանձնատուն, հասարակական նշանակության 2 շինություն: 2018-ի մայիսին պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նախկին նախարարը կրկին հայտարարագրել էր 10 միավոր գույք, ընդ որում՝ տեսակների նույն համամասնությամբ: Սրա հիման վրա նշել էինք, որ 3 միավոր շենք-շինություններով ծանրաբեռնված վերոնշյալ հողամասի վաճառքը վերջին հայտարարագրում չի երեւում: Սա կարեւոր է այն պատճառով, որ 2017-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածը, որով հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը համարվում է քրեորեն պատժելի արարք (նախատեսում է տուգանք կամ ազատազրկում՝ կախված թաքցված գույքի կամ եկամտի ծավալներից):

Այդուհանդերձ, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում մեր հրապարակումից հետո հայտնվել է Ամիրյանի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրի փոփոխված տարբերակ, որում 2018-ի մայիսի դրությամբ նախկին պաշտոնյայի ունեցած անշարժ գույքը ներկայացված է 9 հատ (հասարակական նշանակության շինություններից մեկը հանվել է): Քանի որ հայտարարագրերում գույքի հասցեները փակ են, մնում է ենթադրել, թե արդյոք նվազեցվածը հենց ամերիկյան վաճառված գույքն է: 

Հավելենք, որ մեր հրապարակումից հետո «Google Maps»-ում Սաութ Վերդուգո-Իսթ Հարվարդ խաչմերուկի պատկերը չի ծածկվել (այն հասանելի է նաեւ այսօր), քանի որ այն այլեւս Ամիրյանին չէր պատկանում:

Բնակարան Գլենդելում՝ 540 հազար դոլարով

2018 թ. օգոստոսի 31-ին նախկին պաշտոնյան բնակարան է ձեռք բերել Գլենդելի Ուեսթ Կալիֆոռնիա ավենյու 356 հասցեի (356 West California Avenue, Glendale) բազմաբնակարան շենքում, որը կառուցվել է 1982-ին:

Բնակարանի մակերեսը 105 քմ է, ունի 2-ական ննջասենյակ ու լոգասենյակ: Գործարքն արժեցել է 540.000 դոլար, վաճառողը եղել է Առնոլդ Հովսեփյանը (Arnold Ovsepyan), իսկ գնորդը՝ Ամիրյանն ու նրա «Amiryan Living Trust»-ը: Նախկին նախարարը գույքը ձեռք բերելիս որեւէ փոխառություն չի վերցրել, այսինքն՝ վճարել է իր միջոցներով: Հետաքրքիր է, որ 2001-ից ի վեր բնակարանի տերերը հայեր են:

Նոր առանձնատուն՝ ավելի քան 1 մլն դոլարով

Այս տարվա հունիսի 4-ին Արմեն Ամիրյանն ու «Amiryan Living Trust»-ը Գլենդելում նոր առանձնատուն են ձեռք բերել: Այն գտնվում է Քաունթրի Քլաբ դրայվ 1683 հասցեում (1683 Country Club Drive, Glendale):

ՀՀ մշակույթի նախկին նախարարը գույքը գնել է Մայքլ Լակասից (Michael Lacasse), որն այս տան երկարամյա տերն է եղել: Գործարքն արժեցել է 1.123.000 դոլար: Ընդ որում՝ տունը վաճառքի է հանվել այս տարվա գարնանը 1.095.000 դոլարով, բայց, փաստորեն, Ամիրյանն ավելի թանկ գնով է ձեռք բերել: Գնի գրեթե կեսը՝ 556.000 դոլարը, նախկին պաշտոնյան վճարել է վարկի միջոցով՝ դիմելով «Forbix Capital Corp.»-ի օգնությանը:

Երկհարկանի առանձնատունը կառուցվել է 1926-ին, մակերեսը 264 քմ է, իսկ ընդհանուր հողամասինը՝ 558 քմ: Տունն ունի 4 ննջասենյակ, 3 լոգասենյակ, փոքր ետնաբակ, ավտոտնակ: 2019-ին, ըստ հարկային փաստաթղթերի, ամբողջ անշարժ գույքը գնահատվել է 865.851 դոլար, որի հարկը հաշվարկվել է 9545 դոլար:

Մեկնաբանություններ (3)

Արամ
Շատ լավն էր
Babken Nazari
երբ եք պատրաստվում գրել աներձաքի $ 25000-ի տան մասին Ձորաղբյւրում
Արեգ
300 Kempton road եւ մյուս տների տեսքերը կարող եք տեսնել օգտագործելով Apple Maps որեւէ iOS device միջոցով: Այստեղ չգտա լուսանկար բեռնելու հնարքը կարող եմ ինքս դնել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter