HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնց նախագծերը դեռևս հանրային քննարկման փուլում են

Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում այսօր հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերը։

Թեև օրինագծերն այսօր առավոտյան են հանրային քննարկման ներկայացվել, և հանրությունը մինչ սեպտեմբերի 11-ը կարող է նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ անել, Կառավարությունը, օրինագծերը քննարկման ներկայացվելուց մոտ մեկ ժամ անց, դրանք նույնությամբ ընդունեց՝ առանց հանրային քննարկման ժամկետի ավարտին սպասելու։

Նախագծերի փաթեթը Կառավարության այսօրվա նիստին նույնպես ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը։

Օրենքների այս նախագծով առաջարկվում էր արտակարգ դրության իրավական ռեժիմը վերացնելու պարագայում նախատեսել կառուցակարգեր, որոնցով հնարավոր կլինի կիրառել միջոցառումներ և սահմանափակումներ՝ վարակիչ հիվանդությունների Հայաստան ներբերման, տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը ավելի վաղ Առողջապահության նախարարության կողմից դրվել էր հանրային քննարկման։ Մեր կողմից նախագծերը նորից հանրային քննարկման ներկայացնելու իմաստն այն էր, որ նախագծերը բավական փոխվել էին, և այդ փոփոխությունների վերաբերյալ հանրությանն իրազեկելու խնդիր ունեինք։ Եթե այս ընթացքում ստանանք կարծիքներ, ապա Կառավարությունը, մինչև երկրորդ ընթերցում ժամակահատվածում, առաջարկներ ներկայացնելու իրավունք ունի»,- «Հետք»-ին պարզաբանեց արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Առաջին անգամ չէ, որ Կառավարությունը ընդունում է որոշումներ, որոնց նախագծերը դեռևս հանրային քննարկման փուլում են։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ գործադիրը կրկին Արդարադատության նախարարության առաջարկով հունվարի 16-ին ընդունեց որոշում, որով 26 միլիոն դրամ հատկացվեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի պահպանության ապահովմանը և Ծառայության շենքը ներառվեց ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում։ Այս նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել հունվարի 10-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում և մինչ հունվարի 25-ը նախատեսված էր դրա քննարկումը, սակայն որոշումն արդեն հունվարի 16-ին ընդունվեց:

Էկոնոմիկայի նախարարությունն էլ հուլիսի 2-ին ընդունել էր որոշում, որով ցորենի արտադրության ծավալների ավելացման նպատակով աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորվելու կամ փոխհատուցվելու է։ Որոշումն ընդունվեց, բայց նախագիծը կրկին քննարկման փուլում էր։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նախագծի՝ հանրային քննարկման ավարտին չսպասելու հանգամանքը «Հետքի» հետ զրույցում պայմանավորեց ժամկետի սղությամբ։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը կամ e-draft.am առցանց հարթակ է, որը պետք է ապահովի գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին։

Նախագծերը հանրային պատշաճ քննարկման չներկայացնելու միտում է նկատվում. Սոնա Այվազյան

«Անշուշտ համաձայն եմ, որ օրենք հեղինակող կառույցները թերացել են։ Տեսականորեն, եթե առաջարկում են փոփոխություններ, որոնք արտակարգ իրավիճակային են, շտապ որոշումներ են պահանջում, կարելի է ըմբռնումով մոտենալ, բայց հակասությունը կլինի օրինակ՝ այս պարագայում, երբ երկու շաբաթից Ազգային ժողովը նոր պետք է նիստ գումարի, այս որոշումն ընդունի։ Այստեղ շտապողականության հարց չկար»,- «Հետքի» հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Սոնա Այվազյանն ասում է՝ բարեբախտաբար օրենքի նախագծերը ընդունելու է Ազգային ժողովը, և հասարակությունը ժամանակ ունի իր դիտողություններն ու առաջարկներն անելու, եթե իհարկե արտահերթ նիստ չգումարվի մոտակա օրերին։

Հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենը հանրային քննարկումը չավարտած որոշում ընդունելու թերացումը օրինագծի հեղինակ կառույցներինն է համարում, որոնք, հարցը մինչ Կառավարության նիստի ներկայացնելը, պետք է երկշաբաթյա հանրային քննարկում կազմակերպեն, դիտողություններ և առաջարկներ հավաքեն։

Սոնա Այվազյանը վերջերս նախագծերի՝ հանրային պաշտաճ քննարկման չներկայացնելու միտում է նկատվում, հատկապես կորոնավիրուսի ժամանակ, երբ պետական կառույցները հանրությունից «մեկուսացել են»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter