HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանը ջերմություն է ունեցել․ դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն  իր գործով նշանակված միայն առաջին դատական նիստին է ներկայացել, որը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 25-ին։ Դրանից հետո կայացած նիստերին նա չի ներկայացել, բայց դատարան դիմումներ են ստացվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում նիստերին չներկայանալը հարգելի համարելու վերաբերյալ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ևս դատական նիստ էր նշանակված, որին Սարգսյանը չէր ներկայացել։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Սարգսյանի առողջական վիճակը երեկ վատացել է, նրա մոտ արձանագրվել է բարձր ջերմություն, առկա է կորոնավիրուսի թեստ հանձնելու ցուցում։ Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց նաև բժշկի տեղեկանք։

Այս փաստաթղթին ծանոթանալով՝ դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ դրանում առկա է տեղեկություն այն մասին, որ Սերժ Սարգսյանի մոտ ջերմության բարձրացում է արձանագրվել երեկ, իսկ այսօրվա  վիճակի վերաբերյալ որևէ տեղեկություն առկա չէ։ Դատախազն ասաց, որ այս հանգամանքն էական նշանակություն ունի ամբաստանյալի վարքագիծը գնահատելու և նրա խափանման միջոցը փոխելու հարցը քննարկելիս։

Դատախազը նաև շեշտեց, որ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրա պաշտպանի նմանատիպ վարքագիծը պարբերական բնույթ է կրում։ Նշենք, որ նախորդ՝ օգոստոսի 6-ի դատական նիստի ժամանակ դատավոր Վահե Միսակյանը որոշել էր անհարգելի գնահատել Սերժ Սարգսյանի բացակայությունը, սակայն նկատի ունենալով, որ նա դիմում էր հասցեագրել դատարանին, պատրաստակամություն հայտնել ներկայանալու նիստերին, դատարանը նրա ներկայությունն ապահովելու համար դատավարական հարգադրանքի միջոց կիրառելու որոշում չէր կայացրել։

Արձագանքելով դատախազին՝ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ դատախազը, բժշկական տեղեկանքի պայմաններում կասկածի տակ է դնում Հայաստանի երրորդ նախագահի խոսքը։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանին «ամբաստանյալ Սարգսյան»- անվանելու հանգամանքին՝ Ամրամ Մակինյանը նշեց, որ պետք չէ մոռանալ, որ խոսքը Հայաստանի երրորդ նախագահի մասին է։

«Երբ հարգելի դատախազը դեռևս  ուսումնառություն էր ստանում տարրական դպրոցում, Հանրապետության նախագահը ղեկավարում էր մի պատերազմ, գործողությունների կատարում»։ Պաշտպանը կշարունակեր խոսքը, եթե դատախազը չմիջամտեր։ Դատախազ Մարտիրոսյանը փորձում էր ինչ-որ բան ասել, սակայն դատավորը թույլ չտվեց դատական նիստը վիճաբանության վերածել։

Դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ ինքը հարգանք ունի պետական ինստիտուտների նկատմամբ, սակայն «ամբաստանյալը» Սերժ Սարգսյանի դատավարական կարգավիճակն է այս գործով։

Դատավոր Վահե Միսակյանը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանը հաջորդ դատական նիստին առողջացած կներկայանա ու պարզաբանումներ կտա՝ այսօրվա չներկայանալու վերաբերյալ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց շուրջ մեկուկես ամիս անց՝ հոկտեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ դատարանում  քննվող քրեական գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված համար։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը, որոնք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), ինչպես նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի ՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter