HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանա լճի մակարդակը բարձրանում է՝ ջրի երես հանելով հին ու նոր չլուծված հարցեր

2001-ին ընդունվեցին Սեւանա լճի մասին կարեւոր օրենսդրական ակտեր, եւ նախանշվեց, որ այդ պահին առկա լճի 1896,66 մ մակարդակը պետք է բարձրացվի 6,5 մետրով, այսինքն՝ որպես վերջնարդյունք Սեւանը պետք է ունենա 1903,5 մ բարձրություն։ Նախապես որոշվել էր սրան հավելել եւս 4,5 մ՝ որպես ջրի ալիքի ազդեցության գոտի, ինչը նշանակում է, որ ընդհանուր լճի «տիրույթում» պետք է լիներ մինչեւ 1908 մետրն ընկած գոտին։ Սակայն հետագայում՝ 2008-ին, կառավարության որոշմամբ այս նիշը դարձվեց 1905 մ։ Այսինքն՝ ալիքի բարձրությունը իջեցվեց մինչեւ 1,5 մ։

Ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ կարեւոր խնդիր է դրա տիրույթում հայտնվող տարածքների մաքրումը շենք-շինություններից եւ բուսածածկույթից։ Սակայն այս հարցում պետական մարմինները տարիներ շարունակ թերացել են։ Բուսածածկ տարածքները, առանց մաքրվելու անցնելով ջրի տակ, վերածվել են ճահճի, ինչը վտանգում է Սեւանի էկոհամակարգը։ Ջրի տակ մնացած բուսածածկի եւ հատկապես անտառների փտման հետեւանքով լիճ է ներթափանցում մեծաքանակ ազոտ եւ ֆոսֆոր, ինչը նպաստում է Սեւանի ծաղկմանը եւ ազդում ոչ միայն ջրի որակի, այլեւ կենդանական աշխարհի վրա։

Ներկայում մաքրման ենթակա տարածք է նախանշված մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասը դեռեւս ցամաք է, մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ հասցրել է ճահճի վերածվել։ Նկատենք, որ այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ, ըստ ԱԻՆ-ի, լճի մակարդակը 1900,67 մ է, ինչը 5 սմ-ով բարձր է 2019 թ․ սեպտեմբերի 4-ի ցուցանիշից։

Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարվա հուլիսի 21-ին հայտարարեց, որ 2019 թ․ ընթացքում մաքրվել է շուրջ 100 հա անտառածածկ տարածք («Սեւան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի փոխանցմամբ՝ 98 հա), ինչին զուգահեռ սկսվել են լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման եւ գույքագրման աշխատանքները։ Ըստ ՇՄՆ-ի՝ համայնքապատկան շենք-շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով, իսկ մասնավոր շենք-շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։ Եթե վերջիններս չքանդեն այս շինությունները, դա իր միջոցներով կանի պետությունը, ինչից հետո դատական կարգով հետ կստանա իր ծախսած գումարները նշված սեփականատերերից։

Օգոստոսի 10-ին նախարարությունը հայտնեց, որ լճի ափամերձ հատվածներում՝ կառուցապատման թույլատրելի նիշից ցածր գոտում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այդ պահին շուրջ 3.800 է, որոնք բոլորը ենթակա են ապամոնտաժման եւ քանդման։ Օգոստոսի 26-ին էլ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջով իրազեկեց, որ չափագրում եւ գույքագրում իրականացնող հատուկ խումբն աշխատանքները կավարտի մոտ 1,5 ամսից, ինչին կհաջորդեն իրավական գործընթացները։ Նկատենք, որ կառավարության 2008 թ․ վերոնշյալ որոշումը սահմանում է, որ 1905 մետրից ցածր գոտում արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարության հաստատած ծրագրով, հաշվի առնելով բնապահպանական սահմանափակումները, թույլատրվում է կառուցել ափապաշտպան, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների եւ (կամ) հիդրոտեխնիկական բնույթի հիմնական օբյեկտներ։

Վերադառնալով մաքրվող ափամերձ տարածքներին՝ նշենք, որ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման 2020 թ․ տարեկան ծրագրով այս տարի նախատեսվում է մաքրել 271 հա ափամերձ տարածք, իսկ 2021-ին (տարեկան ծրագրի նախագիծը հրապարակվել է)՝ եւս 371 հա, այսինքն՝ եթե հաշվի առնենք նաեւ նախորդ դարի մաքրված 98 հա-ն, ապա 2019-2021 թթ․ ընթացքում պետք է մաքրվի 740 հա առափնյա շերտ։ Օգոստոսի 10-ին ՇՄՆ-ն հայտարարեց, որ այս տարի արդեն մաքրվել է ծրագրվածից մոտ 50 հեկտարը։ 

ՀՀ շրջակա միջավայրի նախկին (2018-2019 թթ․) փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը Սեւանի մակարդակի բարձրացման արդյունքում ջրով ծածկվող կամ արդեն ծածկված տարածքներում բուսազանգվածի մաքրման աշխատանքների վերաբերյալ մի շարք մտահոգություններ ունի, որոնք, ըստ նրա, ինքը հնչեցրել է նաեւ պաշտոնավարման ժամանակ։ «Ափամերձ տարածքների անտառային շերտի մաքրման հետ կապված ես հատկորոշեցի, եւ բավականին մեծ վեճեր գնացին նախարարությունում, որովհետեւ այնտեղ մարդիկ կան, ովքեր ներգրավված են եղել այդ գործողություններում՝ կապալառու են վերցրել, կեղծ պլաններ են պատրաստել, թե որտեղ պետք է մաքրել։ Հանձնման-ընդունման ակտերով նշված էր, որ, օրինակ, այս տարածքները մաքրվել են, բայց դե ֆակտո տեսնում ենք, որ դրանք արդեն ջրի տակ են անցել»,- ասում է Ա․ Ղազարյանը։

Ըստ նախկին պաշտոնյայի՝ նախարարությունում սկսված ուսումնասիրությունների ժամանակ պարզվել էր, որ բավականին մեծ վերածածկումներ կան, այսինքն՝ այն տարածքները, որոնք փաստաթղթերով համարվում էին մաքրված, եւ որի համար գումարներ էին ծախսվել, փաստացի հայտնվել էին նոր պլանների մեջ, որոնք պետք է մաքրեր նույն կապալառուն։ «Այսինքն՝ կրկնակի գումար են աշխատելու, իսկ տարածքն էլ չգիտեմ՝ ի վերջո, մաքրվելու՞ է, թե՞ չէ»,- նշում է Ղազարյանը։

Բացահայտված մեկ այլ խնդիր էր այն, որ ափամերձ որոշ հատվածներում մաքրման գործողությունները պլանավորվել են մի նիշից բարձր, որտեղ կա լավ բնափայտ, սակայն, ըստ նախկին փոխնախարարի, այդ տարածքները առաջիկա 10 տարիներին ջրի տակ չեն մնալու, փոխարենը պարզ է, որ պատասխանատուները լավ եկամուտ են ունենալու, քանի որ հանված փայտանյութը վաճառվելու է՝ առանց գրանցվելու։ Մյուս կողմից, ըստ Այսեր Ղազարյանի, մաքրման պլանով սահմանված նիշից ցածր այնպիսի հատվածներ են եղել, որտեղ թփային բուսածածկը մնացել է ջրի տակ ու ճահիճ է դարձել։ Այսինքն՝ հենց այս գոտին պետք է առաջնահերթ մաքրվեր։

Անդրադառնալով ներկայում կատարվող մաքրման աշխատանքներին՝ նախկին փոխնախարարն ասում է, թե իրականում մաքրվում է ոչ թե ջրածածկ, այլ ճահճային եւ ցամաքային շերտը, որն ընկած է մինչեւ 1901,5 մ նիշը։ Ղազարյանի պնդմամբ՝ ջրածածկ հատվածները մաքրել այս պահին հնարավոր չէ, քանի որ դրա համար նախատեսված ֆիննական տեխնիկան՝ «Watermaster Classic III» հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորը (ինքնագնաց լաստ), չի աշխատեցվում։ «Սեւան» ազգային պարկի տնօրենի ԺՊ Արա Խլոյանը «Ժողովուրդ» օրաթերթին հուլիսին հայտնել է, թե սարքը պետք է տեխնիկական սպասարկում անցնի եւ պայմանագրով տրամադրվի մաքրման աշխատանքներ իրականացնող կապալառուին, իսկ տեխսպասարկում չի կատարվել, քանի որ կորոնավիրուսի համավարակը խանգարել է համապատասխան մասնագետների այցին։ Էքսկավատորը կայանված է Սեւան քաղաքում՝ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարեւանությամբ։

Ըստ կառավարության 2013 թ․ որոշման՝ պետական սեփականություն հանդիսացող եւ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված բազմաֆունկցիոնալ էքսկավատորը «Սեւանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված ծառայություններ մատուցելու համար շահագործման է տրվում կապալառուին այն պայմանով, որ վերջինս յուրաքանչյուր տարի 5 հա լրացուցիչ անտառատնկարկ մաքրի կամ դրան համարժեք գումարի չափով իրականացնի էքսկավատորի ընթացիկ վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ։ 

«Եթե առաջնային մաքրման ենթակա ափամերձ ջրածածկ (շեշտում եմ՝ ջրածածկ) տարածքները չեն մաքրել, եւ այդտեղից օրգանական նյութերը ներթափանցում են լիճ, իսկ տեխնիկան էլ կանգնած է ու չի աշխատում, ո՞վ է դրա պատասխանը տալու»,- կիսահռետորական հարց է տալիս Այսեր Ղազարյանը։

Նախկին պաշտոնյան մեկ այլ կարեւոր խնդիր է առաջ քաշում․ ասում է, որ ջրի մակարդակի նիշերը սխալ են հաշվարկված։ «Տեղեր կան, որ, օրինակ, 1900 մ նիշը մի 100 մետր մտնում է լճի մեջ, տեղեր կան՝ այդ նիշը բարձրանում է մինչեւ 100 մետր դեպի ափ»,- նկատում է Ղազարյանը։ Հասկանալի է, որ գործնականում նման բան չի կարող լինել՝ նիշը հորիզոնական գիծ է, որն անցնում է ռելիեֆի վրայով, եւ ջուրն էլ դրան զուգահեռ է բարձրանում։

Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման 2019 թ․ տարեկան ծրագիրը, որը կառավարությունն ընդունել է 2018-ի սեպտեմբերին, իբրեւ կատարվելիք միջոցառում սահմանել էր, որ բնապահպանության նախարարությունը (ներկայում՝ շրջակա միջավայրի նախարարություն) եւ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 2019 թ․ եւ հետագայում պետք է ճշգրտեն լճի ափամերձ տարածքների մինչեւ 1905 մ բարձրության հորիզոնական նիշերը։ Այսեր Ղազարյանը շեշտում է, որ նիշերն այդպես էլ չեն ճշգրտվել։

«Մենք զգուշացրել ենք, որ պետք է վերանայել այդ նիշերը, բայց առանց վերանայելու, ճշգրտելու՝ նախկին նախարարը (նկատի ունի Էրիկ Գրիգորյանին - «Հետք») հայտարարեց, թե արդեն վերջացրել են մինչեւ 1901,5 մ նիշը շենք-շինությունների գնահատումը․ այսքան շենք-շինություն է մնում ջրի տակ եւ անտառապատ ու թփածածկ ափամերձ տարածքներ, որոնք պետք է առաջնային մաքրվեն»,- ասում է մեր զրուցակիցը։ Նկատենք, որ Սեւանա լճին վերաբերող 2020 թ․ տարեկան ծրագրում (ընդունվել է նախորդ տարվա սեպտեմբերին) նախատեսված միջոցառումներից մեկը հետեւյալն է․ այս տարի եւ հետագայում շենք-շինությունների սեփականատերերն (իրենց միջոցներով) ու ՇՄՆ-ն (համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում) պետք է իրականացնեն 1901,5 մ նիշից ցածր գտնվող 394 միավոր շենք-շինությունների ապամոնտաժում, ինչպես նաեւ ջրի տակ մնացած շինությունների եւ ենթակառուցվածքների ապամոնտաժում ու թափոնների մաքրում։ 

Ղազարյանն ասում է, որ որեւէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչ է արվել նիշերի հստակեցման համար այս տարի, ինչը նախկին փոխնախարարը առանցքային սխալ է համարում։ «Եթե դուք մի կողմից ընդունում եք, որ տեղեկատվութունը սխալ է եւ ճշգրտման կարիք ունի, ու առաջ գնալու համար այս-այս քայլերը պետք է արվեն, հիմա մոռանում եք դա եւ համարյա նույն իներցիայով, ինչ նախկինում էր, փորձում եք ինչ-որ գործողություններ ցույց տալ։ Այդ դեպքում արդյունքը լինելու է նմանատիպ, ինչպես որ մինչեւ հեղափոխությունն էր։ Սա նշանակում է, որ դասեր չեք քաղել կամ չեք պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեք»,- եզրափակում է «Հետքի» զրուցակիցը։

Լուսանկարները՝ Այսեր Ղազարյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջերից․ մաքրման աշխատանքներ՝ Վարդենիսի հատվածում

Մեկնաբանություններ (1)

Նելսոն
Ամեն մի նախարար գալիս է սկսում Սևանից ,ափամերծտարացքները ,քանդում ,,ավերում ,մի լավ փող շինում վերջում ել մի երկու ցիստերն մանրաձուկ բաց թողնում ու գնում ,30 տարի էդ ենք լսում ։գործ անողը ԽՍՀՄ ն էր որ Արփա-Սևան թունելը կառուց եց ,։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter