HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչամբարների վերամշակման մասին օրենքը չեղյալ ճանաչելու նախագիծը հանվել է շրջանառությունից․ պարզաբանում է հեղինակը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը շրջանառությունից հանել է իր հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել Սյունիքի մարզի 3 պոչամբարների արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին օրենքը։ Այն ընդունվել է 2015-ի հունիսի 23-ին եւ ուժի մեջ մտել նույն տարվա օգոստոսի 1-ին։

Ինչի՞ մասին է օրենքը, եւ որո՞նք էին այն չեղյալ ճանաչելու հիմնավորումները

Օրենքին եւ դրան հաջորդած զարգացումներին «Հետքն» անդրադարձել է նախկինում։

Օրենքով սահմանվել է, որ դրա ուժի մեջ մտնելու պահից՝ 01․08․2015-ից, Սյունիքի մարզի Ողջիի եւ Փուխրուտի պոչամբարներում առկա լցակույտերի հանդեպ ՀՀ սեփականության իրավունքը փոխանցվում է «Ալյոտիգ» ՍՊԸ-ին։ Այս պոչամբարները շահագործվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից եւ կոնսերվացվել դեռ խորհրդային տարիներին։ Երկուսն էլ գտնվում են Երեւան-Քաջարան ճանապարհին ձախ կողմում՝ Լեռնաձոր գյուղի հարեւանությամբ։ Համարվում են կոնսերվացված, այսինքն՝ պետության հաշվեկշռում գտնվող, փաստացի նաեւ՝ ռեկուլտիվացված (ծածկված են հողաշերտով)։

Մյուս կողմից՝ Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011 թ․ դեկտեմբերի 31-ը կուտակված լցակույտերի հանդեպ օրենքով ճանաչվել է ԶՊՄԿ-ի սեփականության իրավունքը, սակայն պայման է դրվել, որ թե՛ դրանք, թե՛ 2012-ի հունվարի 1-ից հետո նույն պոչամբարում կուտակված պոչանքները որպես սեփականություն հանձվելու են ՀՀ-ին այն օրը, երբ Արծվանիկը կկոնսերվացվի, կամ դրա շահագործումը կդադարեցվի։ Օրենքով, սակայն, ՀՀ-ն էլ իր հերթին Արծվանիկի լցակույտերն անմիջապես պիտի հանձնի «Ալյոտիգին»՝ որպես սեփականություն։

Հենց այս ընկերությունն էր ցանկություն հայտնել վերամշակել երեք պոչամբարների լցակույտերը։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ 2016-ի օգոստոսի 1-ը, ընկերությունը պետք է կառավարության հաստատմանը ներկայացներ ծրագրի մաստեր պլան, սակայն բանը դրան չհասավ։ Օրենքի ընդունումից 6 ամիս անց դատարանը ֆիննախի պահանջով սնանկ ճանաչեց ընկերությանը, չնայած «Այոտիգը» կարողացավ առողջանալ եւ այժմ էլ գործող ընկերություն է։

Պատգամավոր Մերի Գալստյանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ ասվում էր, որ «Ալյոտիգ» ընկերությունը չի իրակայացրել ծրագրով նախատեսված պարտավորոթյունները, մասնավորապես՝ կառավարությանը չի տրամադրել մաստեր պլանը, որը պետք է ներառեր տեղեկատվություն ծրագրի իրականացման հիմնական նպատակների, գործողությունների, հիմնական եւ միջանկյալ փուլերի մասին։

Բացի դրանից, ըստ օրինագծի հիմնավորման, 2016 թ․ փոփոխություններ են կատարվել Ընդերքի մասին օրենսգրքում, ներմուծվել է 5․1 գլուխը, որով մանրամասն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ընթացակարգերը։

«Համաձայն վերոնշյալ փոփոխությունների՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակումը եւս հանդիսանում է ընդերքօգտագործում, եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ստանալու համար 2016 թվականից ի վեր գործում են նոր եւ հստակ ընթացակարգեր եւ կարգավորումներ, որոնք ներառում են նաեւ վերամշակման ծրագրերի բնապահպանական ազդեցությունների եւ ռիսկերի կառավարմանն առնչվող հարցեր»,- նշված էր օրինագծում:

Ինչո՞ւ է շրջանառությունից հանվել օրինագիծը

Պատգամավոր Մերի Գալստյանին մի քանի գրավոր հարց էինք ուղարկել օրինագիծը շրջանառությունից հանելու վերաբերյալ։

Հարցին, թե ինչու է հանել նախագիծը, պատգամավորը հայտնել է, որ հարցի լուծման այլ ուղղություն են դիտարկում։ Ըստ Գալստյանի՝ այս փուլում քննարկումներ են ընթանում կառավարության հետ, եւ ավելի ուշ, երբ քննարկումներն սկսվեն եւ արդյունքներ ունենան, հնարավոր կլինի մանրամասն խոսել նշված թեմայով։

Մեր հաջորդ հարցին, թե որ փուլում է հանել նախագիծը, արդյոք այն քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում, ու ինչ կարծիքներ են հնչել հանձնաժողովում քննարկումների ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը պատասխանել է․ «Նախագիծը շրջանառությունից հանվել է հունիս ամսին։ Գլխադասային հանձնաժողովում նախագիծը քննարկվել է։ Կարծիքները մեծամասամբ համընկնում էին․ օրենքը խնդրահարույց է»։

Մենք տեղեկացել էինք, որ «Ալյոտիգ» ընկերության սեփականատեր Վարդան Շահնազարյանը հանդիպել է Գալստյանին։ Վերջինիս խնդրել էինք հայտնել, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, արդյոք դա եւս ազդակ էր նախագիծը շրջանառությունից հանելու համար։ Հարցրել էինք նաեւ, թե ինչպես պատգամավորը կարող է փարատել հնարավոր կասկածներն այդ առնչությամբ։

«Հանդիպելու ցանկություն հայտնել էր ընկերության սեփականատերը: Հանդիպման ընթացքում յուրաքանչյուրս մեր մասով ներկայացրել ենք մեր դիրքորոշումների հիմնավորումները: Իմ դիրքորոշումը թե՛ օրենքի խնդրահարույց լինելու եւ թե՛ վերոնշյալ ներդրումային ծրագրի հատկապես տեխնիկական մասով տեղեկատվության բացեր ունենալու տեսանկյունից չփոխվեց: Այս հանդիպումը իմ կողմից նախագիծը շրջանառությունից հանելու որոշման հետ որեւէ առնչություն չունի»,- նշել է պատգամավորը։

Հարցին, թե հնարավոր համարում է, որ 2015-ին ընդունված օրենքը կիրարկման ուժ կստանա, եթե դրա մեջ համապատասխան փոփոխություններ կատարվեն, ինչպես, օրինակ, մաստեր պլանի ներկայացման պայմանների փոփոխությունը, Գալստյանը պատասխանել է, որ օրենքի անհրաժեշտությունն առհասարակ բացակայում է, քանի որ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ընթացակարգերը 2016 թ․-ից կարգավորվում են Ընդերքի մասին օրենսգրքով։

«Հետքը» զրուցել է նաեւ «Ալյոտիգ» ընկերության միակ սեփականատեր Վարդան Շահնազարյանի հետ, ում դիտարկումները կներկայացնենք հաջորդ հրապարկման մեջ։

Տես նաեւ՝

Առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (հեղ․՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter