HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի  ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բավարարեց պատգամավորին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Այս գործն, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել է իրենց վարույթում քննվող մեկ այլ քրեական գործի քննության ընթացքում։ «Երևան շին» ՓԲԸ-ի նախագահ Վազգեն Պողոսյանն ԱԱԾ-ում քննվող գործով մեղադրվում  է Քաղաքաշինության կոմիտեի նախկին  նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ։ Պողոսյանի ընկերությունում կատարված խուզարկության ժամանակ, ըստ ԱԱԾ-ի, հայտնաբերվել են «հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբերի գործունեության վերաբերյալ:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասում է, որ  այդ հաշվետվության մեջ եղել են փաստաթղթեր` «17914 ընտրողի հաշվով 40% կորստով վերնագրով», որտեղ գրված է «Ծառուկյանի հանձնարարությամբ Լ. Աբրահամյանին 4 միլիոն 600 հազար դրամ», «ակտիվիստներին վճարվելիք գումար` 34 միլիոն 388 հազար դրամ» և այլն: ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել նաև Գագիկ Ծառույանին պատկանող տարածքներում։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը որոշել է Գագիկ  Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև համաձայնության տվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ու կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, մերժել է պատգամավորին կալանավորելու միջնորդությունը, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այս որոշումը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Մխիթար Պապոյանի որոշման դեմ բողոքներ են ներկայացրել և՛ դատախազությունը,  և՛ Ծառուկյանի պաշտպանները։ Վճռաբեկ դատարանը դրանք վարույթ չի ընդունել։

Այսօր առավոտյան` ժամը 10:00-ից, դատարանում մեկնարել էր ԱԱԾ-ի միջնորդության քննությունը, որից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Գործի քննության ընթացքում Ծառուկյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ կասկածի տակ դնելով նրա անաչառությունը, սակայն դատավորը մերժել է միջնորդությունն ու շարունակել քննել գործը։

Պաշպանները պնդում են, որ Վճռաբեկ դատարանն աննաադեպ արագությամբ` ընդամենը երեք օրվա ընթացքում, որոշում է կայացրել իրենց վճռաբեկ բողոքի վերաբերյալ այն դեպքում, երբ  վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ որոշումները պրակտիկայում կայացվում են օրենքով սահմանված եռամսյա ժամկետի ավարտին մոտ։

Նշենք, որ իրավական հանրությունը պարբերաբար անդրադարձել է այն հարցին, որ Վճռաբեկ դատարանը բողոքների վերաբերյալ որոշումները կայացնում է սահմանված եռամսյա ժամկետին մոտ՝ դա դիտարկելով որպես բացասական երևույթ։ Պաշտպանները Ծառուկյանի բողոքի վերաբերյալ եռօրյա ժամկետում որոշում կայացնելու հարցը բարձրաձայնում են պարզապես ընդգծելու համար, որ Ծառուկյանի կալանքի հարցով հնարավորին չափ շուտ առաջին ատյանի դատարանում նիստ նշանակելու միտում է եղել։

Պաշպանները համոզված են, որ որոշ պաշոնատար անձինք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկել, որպեսզի Վճռաբեկը մերժեր բողոքը վարույթ ընդունել, և գործը արագ ուղարկվեր Երևանի ընդհանուր իրավասության դատարան այն օրերին, երբ հերթապահ են Կենտրոն և Նոր Նորքի նստավայրի դատավորները, որտեղ արդեն գործի քննությունը մակագրվել է դատավոր Մնացական  Մարտիրոսյանին։  Ի դեպ, մինչդատական վարույթի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունները ոչ թե համակարգչի միջոցով են մակագրվում, այլ դրանք մակագրում է դատարանի նախագահը, այսինքն՝ Արթուր Մկրտչյանը։

ԲՀկ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարել են, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրում։ Ըստ այս քաղաքական ուժերի՝ «անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter