HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի հեճուկս Վրաստանի հայտարարության՝ ադրբեջանական բեռնատարները մեկնում են Թուրքիա. Աֆղանստանից եւս բեռ է տեղափոխվել

Չնայած երեկ Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո մեր հարեւանի կառավարությունը հայտարարել է, թե իբր արգելելու է իր օդային տարածքով ռազմական բեռի տեղափոխումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտի, փաստ է, որ Վրաստանի երկնքով ադրբեջանական օդանավերը շարունակում են թռչել Թուրքիա:

Բնականաբար, այս ինքնաթիռները, որոնք վերջին օրերին «հերկում են» Վրաստանի երկինքը արեւելք-արեւմուտք ուղղությամբ, Ադրբեջանին անվերապահ աջակցություն հայտնած եւ կոնֆլիկտի մաս դարձած Թուրքիայից սովորական բեռ չեն տեղափոխում: Վրաստանի իշխանությունները դժվար թե այնքան միամիտ լինեն, որ չհասկանան սա:

Այսպես՝ Վրաստանի կառավարության երեկվա հայտարարությունից հետո միայն այսօր ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության «Իլ-76» բեռնատար ինքնաթիռները մի քանի անգամ թռել են Թուրքիա՝ օգտագործելով Վրաստանի երկինքը:

Դրանցից 4K-AZ40 գրանցումով օդանավն այսօր Ադրբեջանից թռել է Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական Դալաման (տես ստորեւ), որտեղից այս պահին վերադառնում է:

Նույն ուղղությամբ կրկին այսօր արդեն թռել եւ վերադարձել է 4K-AZ41 գրանցումով «Իլ-76»-ը, որը Դալաման թռել էր նաեւ երեկ: 4K-AZ41-ը այսօր նաեւ հասցրել է վայրէջք կատարել Ստամբուլում (տես ստորեւ): 

Վրաստանի կառավարությունը հայտարարել է, թե իբր ապատեղեկատվություն է այն, որ իր երկնքով Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի վարձկաններ, սակայն հայտարարությունը մի բան է, փաստն՝ այլ բան: Ինչպես արդեն գրել ենք, սեպտեմբերի 30-ի լույս գիշերը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից, որի իշխանությունները ներլիբիական կոնֆլիկտում վայելում են Թուրքիայի աջակցությունը, Բաքու է թռել լիբիական «Buraq Air»-ի մարդատար «Boeing 737» օդանավը: Այն անցել է Թուրքիայի եւ Վրաստանի երկնքով, ապացույցներն առկա են, ներկայացրել ենք: 

Ահա այս ֆոնին եւս մի հետաքրքիր արձանագրում պիտի անենք: Խոսքն այս անգամ Աֆղանստանի մասին է, որը եւս հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին: Զարմանալի կլիներ, եթե ադրբեջանական օդանավ չտեսնեինք Աֆղանստանում:

«Silk Way Airlines»-ի քույր ընկերության՝ «Silk Way West Airlines»-ի «Boeing 747» բեռնատարը (4K-SW008) Բաքվից թռել է Դուբայ, ապա այս գիշեր այնտեղից մեկնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու գտնվող Բաղրամի ավիաբազա, որտեղից կրկին Դուբայով արդեն վերադարձել է Բաքու (տես ստորեւ): Բաղրամի ավիաբազան օգտագործվում է Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի կողմից:

Թե ինչ է տեղափոխել ադրբեջանական ինքնաթիռն Աֆղանստանից՝ զենք-զինամթե՞րք, վարձկաննե՞ր, թե՞ երկուսը միասին, մնում է ենթադրել: Նկատենք, որ այս պարագայում էլ այն Բաքվից Դուբայ է թռել եւ վերադարձել Իրանի երկնքով: 

Ինչպես արդեն գրել ենք, «Silk Way West Airlines»-ի բեռնատար «Boeing 747»-երից մի քանիսը գրանցված են Բերմուդներում: Ահա դրանցից VP-BCV գրանցումով բորտը երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Բաքվից թռել է Վիեննա, ապա Բաքու վերադարձել՝ միջանկյալ վայրէջք կատարելով Ստամբուլում: Այսօր էլ նույն ինքնաթիռը Բաքվից մեկնել է Ամստերդամ, ապա վերադարձել՝ Ստամբուլում նորից վայրէջք կատարելով: 

Բնականաբար, բոլոր չվերթները կատարվել են Վրաստանի օդային տարածքով: 

Առաջին նկարում՝ 4K-AZ41 գրանցումով օդանավի թռիչքը դեպի թուրքական Դալաման Վրաստանի երկնքով այսօր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter